
Արցախում այսօրվանից վերսկսվել են հանրակրթական դպրոցների 1-ին և 2-րդ դասարանի աշակերտների դասերը, իսկ նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։ Արցախի օպերատիվ շտաբի տվյալներով՝ Արցախում 6 830 երեխա չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով կրթության հնարավորությունից։ Չնայած դժվարություններին՝ արցախյան դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները փորձում են շարունակել աշխատանքը։ Օրերս հայտարարվեց՝ ստեղծված իրավիճակում հատուկ մեխանիզմով կկազմակերպվեն նաև արցախցի դիմորդների միասնական և ուսանող արցախցիների ընթացիկ քննությունները։
Չնայած շրջափակմանն ու դժվարություններին՝ Արցախի Քոլատակ համայնքի միջնակարգ դպրոցի դասերը ոչ մի օր չեն դադարել։ Այստեղ նույնիսկ կապույտ վառելիքի բացակայությունը երեխաներին դասից չի կտրել․ դպրոցը վառելափայտով են ջեռուցել։ Դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Պողոս Գալստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է, որ շրջափակումը միայն աշակերտների նախաճաշի բաղադրությունն է փոխել։
«Նախկինում, երբ դասամիջոցի զանգը տալիս էր, աշակերտներն արագ վազում էին խանութ, ինչ–որ բան առնելու, ընդմիջում անելու, հիմա դա արդեն փոխարինվել է տնից բերած հացով, ջեմով։ Դե հացը գյուղում թխում են, մնացած բաներն էլ փորձում ենք պահածոներով, մեկը մյուսից ինչ–որ բան վերցնելով պակասը լրացնել։ Եթե ինչ–որ մեկն ինչ–որ բան չունի, բոլորով արձագանքում ու լրացնում են»,– պատմում է Պողոս Գալստյանը։
Շրջափակումն ու ստեղծված իրավիճակը, իհարկե, ազդում են երեխաների տրամադրության ու դասապրոցեսի անցկացման վրա՝ ասում է Գալստյանը, բայց փորձում են ամեն ինչ անել աշակերտների ուշադրությունը դասերի ու կրթության վրա կենտրոնացնելու համար։
«Որքան էլ որ փորձում ենք երեխաներին դասերի վրա կենտրոնացնել, միևնույն է, աշակերտներն էլ, ուսուցիչներն էլ այդ մտքերի մեջ են, քանի որ գիտեն, որ հեսա ինչ որ բան չի լինելու։ Ուսման պրոցեսը չպետք է դադարի, որովհետև հենց սա է ինչ ուզում է անել թշնամին՝ մեզ կտրել աշխարհից, դեմոտիվացնել ու բացասական տրամադրությունը տարածել մեր մեջ»,– պատմում է ֆիզիկայի ուսուցիչը։
Արդեն շուրջ 2 տարի Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարանը շրջափակման օրերին նաև հանրակացարանային հատված է առանձնացրել՝ շրջաններից եկող ու տրանսպորտի խնդիր ունեցող ուսանողների համար։ Համալսարանի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Ռոզա Ավագյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ շրջափակման առաջին օրերին, երբ ջեռուցում չկար, դասերն օնլայն՝ հեռավար էին կազմակերպում, հիմա արդեն անխափան քննաշրջան են անցկացնում։
«Հիմա հունվար ամսին հեռակա համակարգում սովորող ուսանողներն են դասի, իսկ փետրվարի 6-ից արդեն կսկսենք առկա համակարգի դասերը։ Իհարկե, հուսով ենք որ մինչև հունվարի վերջ արդեն ճանապարհը կբացվի, բայց դե եթե տենց էլ չլինի, մենք անպայման մի բան կմտածենք։ Արցախցին առաջին անգամ չէ, որ դժվար իրավիճակում ա հայտնվում․ մենք պատրաստ ենք»,– ասում է Ռոզա Ավագյանը։
1330 ուսանող ունեցող Շուշիի համալսարանը 44–օրյա պատերազմում 54 զոհ է ունեցել, այդ թվում նաև պրոռեկտորի՝ տիկին Ռոզայի որդին։ «Ռադիոլուրի» զրուցակիցն ասում է՝ չնայած այս ամենին արցախցու ոգին անկոտրում է․ շարունակելու են ապրել ու պայքարել։
«Մեզ երբեք չեն կարա կոտրեն, թե սննդի պակասությունով, թե ջեռուցման բացակայությամբ․ մենք ամեն ինչին հարմարվում ենք։ Հիմա ամենալուրջը պարենի խնդիրն է, սնունդ կա բայց քիչ է։ Դեղատներում ամենաանհրաժեշտ դեղերը կա, պարբերաբար ինչ որ բաներ ստանում են, մարդիկ facebook-յան էջերով գրում են որ մյուսներն էլ իմանան գան օգտվեն»,– պատմում է արցախցին։
Հայաստանյան բուհերում սովորող, բայց Արցախում գտնվող ու շրջափակման մեջ գտնվող ուսանողների համար երևանյան բուհերը անհատական մոտեցում են ցուցաբերում։ ԿԳՄՍ նախարարություն է շրջաբերականներով բուհերի ռեկտորներին հանձնարարել էր օպտիմալ լուծումներ գտնել արցախցի ուսանողների համար։ Ձմեռային քննաշրջանի ընթացքում արդեն շատերի համար քննությունները հեռավար հանձնելու հնարավորություն են ստեղծել։ Պետհամալսարանի 8 ֆակուլտետներում, օրինակ, առկա և հեռակա ուսուցմամբ ընդհանուր առմամբ 12 ուսանող կա, որոնք այժմ Արցախում են՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժնի վարիչ Մարգարիտա Ներսիսյանը։
«Քանի որ համալսարանը Քովիդի համավարակի և պատերազմի շրջանում արդեն բավականին հմտացել էր առցանց քննությունների և ընդհանրապես դասապրոցեսն առցանց անցկացնելու մեջ, արագ լուծում տրվեց, ֆակուլտետներին զգուշացվեց, որ պետք է առցանց կազմակերպվի, ու այս պահի դրությամբ, ֆակուլտետները ուսանողների հետ կապ են հաստատում և կազմակերպում նրանց քննությունները առցանց տարբերակով»։
Օրերս ապագա դիմորդների համար մեկնարկում են նաև միասնական քննությունները։ Գնահատման և թեստավորման կենտրոնից հայտնել են, որ քննություն հանձնելու համար Արցախից 50 աշակերտ է հայտագրվել, նախատեսված էր նրանց համար քննությունը կազմակերպել Գորիսում, սակայն Բերձորի միջանցի փակ լինելու հետևանքով դա անհնար է։ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը չի բացառել որ ճանապարհը բացվելուց հետո այս դիմորդների համար լրացուցիչ քննական գործընթաց կկազմակերպվի։
«Հիմա, քանի որ թշնամու կողմից ճանապարհը փակ է, այս դիմորդները չեն կարող գալ Գորիս, ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը։ Պարզապես պետք է մտածենք, թե ինչպես հետագայում փոխհատուցենք այդ բացը»։
Արցախի օպերատիվ շտաբի տեղեկություններով՝ շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։ Միայն Արցախում 6830 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ, նախակրթարան և երկարօրյա դպրոց հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից։










