ԿարևորՀասարակություն

Սարուխանում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին

Հունվարի 13-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ձեռամբ Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ աղոթակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանի եւ թեմի հոգեւոր դասի, օծվեց եւ բացվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկակարական վարչության պետ Գեւորգ Գալստյանը, Սարուխանի վարչական ղեկավար Լյովա Աբրահամյանը, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցները, Գավառ համայնքի կրթամշակութային եւ առողջապահական հաստատությունների ղեկավարները, պաշտոնական այլ անձինք, եկեղեցու կառուցման հովանավոր, բարերար Արայիկ Ավետիսյանը և սարուխանցիները մասնակցել են եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությանը։

Օծման արարողությունից հետո Գեղարքունյաց թեմի Սարուխանի հոգեւոր հովիվ Տեր Ներսես քահանա Սահակյանն ընթերցել է Ամենայն Հայոց Հայրապետ Ն․Ս․Օ․ Տ․Տ․Գարեգին Երկրորդի կոնդակը, որով Վեհափառ Տերն իր շնորհավորական ուղերձն է հղում Հայ առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմին, մարզային իշխանություններին ու ժողովրդին եւ «Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի է արժանացնում եկեղեցու կառուցման հովանավոր եւ բարերար Արայիկ Ավետիսյանի ընտանիքին։

Օրվա առիթվ շնորհավորանքի խոսք է հնչեցրել Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը՝ միաժամանակ բարերարին հանձնելով «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը հովանավորելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով է պարգեւատրվել Արայիկ Ավետիսյանի ընտանիքը։

Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2007 թվականին, Գեղարքունյաց թեմի այն ժամանակվա առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ։ Եկեղեցու ճարտարապետն է արդեն երջանկահիշատակ Ստեփան Նալբանդյանը, քանդակագործը՝ Գեւորգ Մնացականյանը։ Եկեղեցու շինարար Անդրանիկ Չիչոյանի ներկայացմամբ՝ Սարուխանի Սուրբ Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ եւ քառանավ տուֆակերտ շինություն է՝ 28 մետր բարձրությամբ եւ 212,5 քառակուսի մետր մակերեսով, արտաքին շքեղ քանդակներով։

Կարդացեք նաև

Back to top button