
Միջազգային իրավունքը չի գործում և հիմա արդեն գոյություն էլ չունի, միջազգային հարաբերություններն էլ տապալված են հատկապես ուկրաինական պատերազմից հետո` ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Եթե միջազգային հանրություն լիներ, Ուկրաինայում պատերազմ չէր լինի, Իրաքի վրա հարձակումը կկանխվեր, կբացառվեին սիրիական և լիբիական սցենարները։ Իրավունքը գործում է, երբ ուժերի հավասարակշռություն է ստեղծվում և ինչ-որ սկզբունքներ են ամրագրվում»,- ասում է քաղաքագետը։
Այս համատեքստում դիտարկելով Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը` «Ռադիոլուր»-ի զրուցակիցը նշում է, որ Արցախի կարգավիճակը ճանաչելու համար պետք է լինի առանցքային երկրներից որևէ մեկը, որն այդ հարցում շահագրգիռ կողմ է, իսկ այդ կողմն առայժմ չկա։ Ըստ Դանիելյանի` Արցախի ինքնորոշման հարցի պատմական հիմքերը որևէ մեկին չեն հետաքրքրում, իրավական հիմքերը խարխուլ են, քաղաքական հիմքերը կախված են ուժերի բալանսից, իսկ Հարավային Կովկասում հիմա ուժերի անհավասարակշռություն է` դիսբալանս։
«Հիմա մեր ամենակարևոր խնդիրը ոչ թե իրավունքներից խոսելն է, այլ՝ պայքարելով իրավիճակային փոփոխություններին դիմակայելը։ Արցախն աշխարհաքաղաքական կարևոր այն կենտրոնն է, որտեղ աշխարհակարգի ապագա ճարտարապետությունն է որոշվում․ մի կողմից՝ թյուրքական աշխարհի, մյուս կողմից՝ այն ուժերի, որոնք դեմ են այդ թյուրքական աշխարհին և դրա գոյության մեջ վտանգ են տեսնում։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի բացման հարցում արդյունավետ դիվանագիտություն իրականացնող սուբյեկտներին, ապա դրանք Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան են, որոնք այս տարածաշրջանում ունեն ուղիղ շահեր և հնարավորություններ»,- շեշտում է Ստեփան Դանիելյանը։




