
Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»-Արմավիրի մարզ
Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Կրթօջախում վերջին նորոգումներն իրականացվել են երկրաշարժից հետո` 1989 թվականին: Դպրոցականները մի կերպ են դիմակայում խստատաշունչ ձմռան ցրտին, որն անարգել ներս է թափանցում քայքայված պատերի ճեղքերից: Չնայած վերջինիս, սովորողների առաջադիմությունը բարձր է, բուհ ընդունվողներն էլ` շատ:
Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Սարգսյանը գովեստով է խոսում իր շրջանավարտների և ուսում սիրող երեխաների մասին: Գյուղի շրջանավարտների մեծ մասն ընդունվում է բարձրագույն պետական ուսումնական հաստատություն: Նախորդ տարվա 9 շրաջանավարտից յոթն արդեն ուսանող է: Շրջանավարտների մեծ մասն ավարտելուց հետո վերադառնում է հարազատ բնօրրան և շարունակում երեխաներին կրթելու գործը: Գեղանիստի դպրոցում մասնագետ ուսուցիչները հիմնականում տեղացիներ են:
Մանկավարժի գործը նախընտրում են միայն աղջիկները: Դպրոցի տնօրենը համեմատություն անցկացրեց 1970-80-ական թվականների հետ, և նշեց, որ մանկավարժական բուհեր ընդունվող տղաների քանակը վերջին տարիներին խիստ նվազել է: Բացի այդ շրջանավարտների մեծ մասն էլ անգործ է: Մեծ հաջողություններ ունեցվող դպրոցում երեխաները կրթություն են ստանում անմխիթար պայմաններում: 1985թ տիպային կառույցի պատերը տարիների ընթացքում քայքայվել են, գոյացրել` լայն ճեղքեր: Մասնագետների ուսումնասիրության արդյունքում կառույցը գնահատվել են 3-րդ կարգի վթարային:
Գեղանիստի դպրոցի հիմնանորոգման սկիզբն այդպես էլ չի երևում, ձգձգումները կարող են դժբախտ պատահարի պատճառ դառնալ: Դպրոցականներն ու մանկավարժական կոլեկտիվը հույս ունի, որ մի օր էլիրենց դպրոցը հարևան Արևշատ գյուղի դպրոցի պես կնորացնեն, իրենց պատերն ու պատուհաններն էլ կլինեն ջերմամեկուսիչ , և իրենք էլ դասերը կանցկացնեն տաք դասասենյակներում:
Իսկ հիմա որքան էլ ջանում են դասասենյակների օդի ջերմաստիճանը չի գերազանցում 15 աստիճանը: 170 աշակերտ ունեցող դպրոցն ունի 12 դասարան, որոնք ջեռուցվում են էլեկտրական ջեռուցիչներով, ծախսը ամսական հասնում է մինչև 180000 դրամ:
Գեղանիստի միջնակարգ դպրոցում դժվարությունները հաղթահարելով շարունակվում են դասերը այն ակնկալիքով, որ հաջորդ ձմռանը կունենան հիմնանորոգված ու տաք դպրոց, որին սպասում են տարիներ շարունակ :




