ԿարևորՔաղաքական

Միջնորդ, ոչ թե կողմ. Ֆրանսիան հստակեցրել է իր կարգավիճակը

Երեկվանից Հայաստանում է Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Յաել Բրոն-Պիվեի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը: 

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցը հագեցած օրակարգ ունի․ հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ, այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Զինվորի տուն ու Հայ–ֆրանսիական համալսարան: Նախատեսվում է նաև հանդիպում հասարակական սեկտորի այն ներկայացուցիչների հետ, որոնք ուշադրության կենտրոնում են պահում Լաչինի միջանցքի արգելափակման հարցը: Այս հանդիպումը նախատեսված է վաղը:

Իսկ այսօր Հայաստանի և Ֆրանսիայի ԱԺ նախագահները ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և պատասխանել լրագրողների հարցերին:

Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Յաել Բրոն-Պիվեն Հայաստանում չցանկացավ պատասխանել 2 հարցի: Թե որ երկիրը կամ երկրները տապալեցին Լաչինի միջանցքի արգելափակման հարցով դեկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ի եզրափակիչ փաստաթղթի ընդունումը, ասել չի կարող: Նաև իրեն ուղղված հարց չի համարում, թե արդյո՞ք Ֆրանսիան պատրաստ է Հայաստանին տրամադրել ռազմական օգնություն․ սա, կարծում է, հարց է՝ ուղղված գործադիր իշխանությանը:

Ֆրանսիան ունի իր հիմնավորումը, թե ինչու դատապարտող հայտարարություններից, բանաձևերից և կոչերից բացի կտրուկ քայլեր չի ձեռնարկում Ադրբեջանի՝ նաև իր համար անընդունելի ագրեսիվ քաղաքականությունը զսպելու ուղղությամբ: Մինչ Հայաստանում կոնկրետ խոսում են Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու կամ ՄԱԿ ԱԽ-ի ավելի գործուն քայլեր ձեռնարկելու մասին, Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարը հստակեցնում է այս տարածաշրջանում իր պետության կարգավիճակը:

«Ինչպես գիտեք, Ֆրանսիան միջնորդի դեր է խաղում այս հակամարտությունում: Ֆրանսիան ծայրահեղ ակտիվ է, երկու անգամ դիմել է ՄԱԿ ԱԽ-ում հարցը քննարկելու, Պրահայում հանդիպման նախաձեռնող է եղել, մի շարք նախաձեռնություններ է իրականացնում, որպեսզի ԵՄ-ն ևս մեծապես դեր խաղա այս հակամարտությունում: Այսինքն՝ Ֆրանսիան չի սահմանափակվում միայն հայտարարություններով և կարծում եմ, որ սա ճիշտ ճանապարհն է: Ամեն դեպքում, այն ճանապարհն է, որ մենք ենք ընտրել՝ հնարավորինս ակտիվ միջնորդության դերը ու ամենաաներկբա աջակցության ճանապարհը, որը այսօր ևս արտահայտվում է իր ներկայությամբ Հայաստանում: Այսօր կարծում ենք, որ այլ ճանապարհներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհը ամբողջովին սպառված չէ, քանի դեռ ամեն ինչ չենք փորձել այս առումով»: 

Պաշտոնական Երևանն այս մոտեցմանը ըմբռնումով է մոտենում՝ երախտիքի խոսքեր ուղղելով Ֆրանսիային այն ամենի համար, ինչ արդեն արվել է: Հակամարտության մեջ Ֆրանսիայի կարգավիճակի առումով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքը շատ չի տարբերվում ֆրանսիացի իր պաշտոնակցի խոսքերից.

«Ես ուզում եմ մի բան մենք ֆիքսենք. Ֆրանսիան առանց այդ էլ ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղություն բերելու համար, Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Բայց, այնուամենայնիվ, Ֆրանսիայի Հանրապետությունը մեզ պետք է որպես միջնորդ, այլ ոչ թե որպես կողմ»:

Սրանով հանդերձ հայկական կողմն անբավարար է համարում միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը ԼՂ-ի խնդիրը և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար: Դա ակնհայտ է դառնում ՀՀ արտգործնախարարի և ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի խոսքերից:

Արտգործնախարար Միրզոյանը G-20-ում Հնդկաստանի նախագահության շրջանակներում անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովին» հայտարարել է, որ Հայաստանն անհրաժեշտ է համարում տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը: Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ «միջազգային գործընկերների, այդ թվում` G-20 անդամների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` դադարեցնելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով»։

Կոնկրետ Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն ուղարկելու հարցը բարդ է ընթացակարգերի առումով՝ հստակեցնում են Ֆրանսիայի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարները:

Ֆրանսիայի ԱԺ նախագահ․ «Ես չգիտեմ՝ արդյո՞ք հայկական իշխանությունների կողմից նման դիմում եղել է: Երբ եղան դիմումներ, օրինակ, Ուկրաինայի կողմից, Ֆրանսիան պատասխանեց այդ դիմումներին, այդ խնդրանքին՝ ուղարկելով մի շարք փորձագետներ: Բայց չգիտեմ, արդյո՞ք Հայաստանը նման դիմում ձևակերպել կամ ուղել է Ֆրանսիային կամ Եվրոպային, ուստի չեմ կարող պատասխանել այդ հարցին»:

ՀՀ ԱԺ նախագահ․ «Եթե ես չեմ սխալվում, դրա համար առնվազն պետք է նաև Ադրբեջանի համաձայնությունը»:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն իր հերթին ԱԽ անդամների ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա , որ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը հայերի բռնի տեղահանման քաղաքականություն է իրականացնում։ 

Իր ելույթում Հայաստանի դեսպանը հիշատակել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի շարունակական ոտնահարման, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողությունների մասին՝ շեշտելով, որ մարդկության դեմ կատարած ոճրագործությունների համար պատասխանատվության բացակայությունը ծնում է նոր բռնություններ։

Այս հարցերով Ֆրանսիան մտահոգված է՝ վստահեցնում է խորհրդարանի ղեկավար Յաել Բրոն-Պիվեն: Նշում է, որ ամեն ինչ անելու են մարդասիրական աղետից խուսափելու համար: Միջազգային իրավունքին հղում անելով՝ խոսնակը ևս երկու հայտարարություն է անում: Մեկն առնչվում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը Ֆրանսիայի կողմից ճանաչելուն.

«Այսօր Ֆրանսիան չի ճանաչում այդ անկախությունը և սա ՝ համապատասխան միջազգային իրավունքի, որին մենք ենթարկվում ենք»:

Ի՞նչ կարգավիճակ է Ֆրանսիան Արցախի համար պատկերացնում իր միջնորդությամբ բանակցություններում. Բրոն-Պիվեի խոսքով՝ սա Ֆրանսիայի որոշելիք հարցը չէ։

«Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ ԼՂ-ն տարածաշրջանում: Այն պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակում, տարբեր ժողովուրդների կողմից և, մասնավորապես, հակամարտության տարբեր կողմերի կողմից: Բայց Ֆրանսիան չէ, որ պետք է սահմանի ԼՂ կարգավիճակը:

—         Իսկ երբ 120 հազար մարդ շրջափակված է ԼՂ-ում, ի՞նչ է ասում միջազգային իրավունքը:

—         Միջազգային իրավունքն ասում է, որ կա միջանցք, որը պետք է բացվի և որ ազատ երթևեկությունը պետք է վերականագնվի և էլեկտրական, և ինտերնետային կապերը: Ցանկանում եմ նաև մեր մտահոգությունն արտահայտել պատմական և մշակութային ժառանգության վերաբերյալ, որը վտանգված է այսօր և որը կարող է այսօր ոչնչացվել: Մոտ 1500 հայկական պատմության և մշակութային նմուշներ, որոնք անպայման պետք է պահպանվեն»:

Ֆրանսիան ՅՈւՆԵՍԿՕ-ի միջոցով է փորձելու ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Իսկ առհասարակ խաղաղության հասնելու համար Ֆրանսիայի խորհրդարանի ղեկավարը կոչ է անում վերականգնել ԵԱՀԿ ՄԽ բանակցային ձևաչափը, որը, սակայն, համարում է երկխոսության հարթակներից մեկը, բայց ոչ՝ միակը:

Կարդացեք նաև

Back to top button