ԿարևորՀասարակություն

«Վորլդ Վիժն Հայաստանը» պատրաստ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումից տուժած ընտանիքներին

«Վորլդ Վիժն Հայաստանը» հայտարարություն է տարածել Արցախի շրջափակման վերաբերյալ:

«2022 թվականի դեկտեմբերի 12-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը: Ադրբեջանական գործողությունների հետևանքով Արցախի 120000 բնակչությունը, որից 30000-ը երեխաներ են, հայտնվել է հումանիտար ճգնաժամի մեջ։ Ավելին, 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, ճանապարհի արգելափակման հետևանքով տուն վերադառնալու հնարավորություն չունեն ավելի քան մեկ ամիս։

Շրջափակման հետևանքով դադարել է Հայաստանից Արցախ սննդի, դեղորայքի և կենսական անհրաժեշտություն ունեցող պարագաների մատակարարումը։ Ժամանակ առ ժամանակ ընդհատվել են ձմեռային եղանակային պայմաններում ծայրահեղ անհրաժեշտ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները: Արդյունքում կաթվածահար է եղել առողջապահական, կրթական, և այլ հաստատությունների և կենսական ծառայությունների լիարժեք գործունեությունը։ Ամբողջությամբ կասեցվել է դպրոցների, նախակրթարանների և այլ կրթական հաստատությունների աշխատանքը։ Իրավիճակը ճգնաժամային է:

Դրությունը, սակայն, մարդասիրական աղետ լինելուց զատ, ուղղակիորեն առնչվում է Արցախում բնակվող մարդկանց հիմնարար իրավունքներին և ազատություններին։ Խախտվում են նրանց ազատ տեղաշարժի, սոցիալական պաշտպանության, այդ թվում՝ կրթության և առողջապահության իրավունքները, վտանգվում՝ կյանքի, ազատության և անվտանգային իրավունքները։ 

Մարդու իրավունքների նման կոպտագույն խախտումները վտանգում են Արցախում ապրող երեխաների առողջությունը և կյանքի իրավունքն ու խաթարում նրանց բարեկեցությունը:

Սույնով, «Վորլդ Վիժն Հայաստանը»՝ որպես երեխաների իրավունքների պաշտպանության կազմակերպություն, վերահաս հումանիտար աղետը կանխելու և Արցախում ապրող մարդկանց ու հատկապես երեխաների իրավունքները երաշխավորելու հիմնավորմամբ, կոչ է անում անմիջապես դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել մարդկանց հիմնարար իրավունքները։

«Վորլդ Վիժն Հայաստանը» պատրաստ է շարունակելու ներդնել իր հնարավորությունները ստեղծված իրավիճակից տուժած երեխաների և նրանց ընտանիքների խնդիրները լուծելու ուղղությամբ և՛ այսօր, և՛ իրավիճակի հանգուցալուծումից անմիջապես հետո»,- նշված է հայտարարությունում։

Կարդացեք նաև

Back to top button