
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) քաղաքականության և գործընկերության գծով փոխնախագահ Մարկ Բոումենը և Արևելյան Եվրոպայի և Կովկասի կառավարիչ տնօրեն Մատեո Պատրոնեն հունվարի 16-ից 19-ը շրջագայելու են Կովկասում, նախ կայցելեն Հայաստան, այնուհետև Վրաստան և Ադրբեջան։
Այցը հաջորդում է ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի սեպտեմբերին Կովկաս կատարած վերջին շրջագայությանը: Ուղևորության նպատակն է քննարկել առաջիկա ծրագրերը ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածում: Օրակարգում են նաև ֆինանսական կայունության, քաղաքականության բարեփոխումների և Բանկի առաջիկա նոր ռազմավարությունների նախապատրաստման վերաբերյալ քննարկումները:
Պատվիրակությունը նախ կմեկնի Երևան, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Հայաստանի քաղաքական առաջնորդների հետ։ Այցը կներառի հանդիպումներ դիվանագետների, զարգացման միջազգային գործընկերների, գործարար համայնքի ղեկավարների և Բանկի գործող գործընկերների հետ։ Թիմը կայցելի նաև ՀՀ Կենտրոնական բանկ՝ հանդիպելու ԿԲ նախագահի և նրա տեղակալների հետ։
Ուղևորության վրացական հատվածում պատվիրակությունը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ։ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն նաև դիվանագետների, միջազգային ֆինանսական հաստատությունների տարածաշրջանային ղեկավարների և Վրաստանի ներդրողների խորհրդի քարտուղարության հետ։
Ակնկալվում է, որ Թբիլիսիում գտնվելու ընթացքում Բոումենը նաև վարկային պայմանագիր կստորագրի Վրաստանի ֆինանսների նախարարության հետ՝ մայրաքաղաքում մինչև 12 մետրոյի կայարանների վերականգնման և արդիականացման համար:
Պատվիրակությունն իր այցը կավարտի Բաքվում, որտեղ ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ։ Այցը կներառի հանդիպումներ դիվանագիտական հանրության ներկայացուցիչների, զարգացման միջազգային գործընկերների և Բանկի գործող բիզնես հաճախորդների հետ։ Թիմը կայցելի նաև Ադրբեջանի Կենտրոնական բանկ։
1992 թվականին Կովկասում իր գործունեության մեկնարկից ի վեր, ՎԶԵԲ-ն ավելի քան 10 միլիարդ եվրո է ներդրել տարածաշրջանի ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում ավելի քան 650 նախագծերում, որոնց մեծամասնությունը մասնավոր հատվածում է:




