ԿարևորՀասարակություն

Շրջափակման մեջ հայտնված արցախցի դիմորդների համար լրացուցիչ քննություններ կկազմակերպվեն․ ԳԹԿ փոխտնօրեն

Եթե մինչև հիմա բուհական ընդունելության քննությունն անցկացվում էր հունիսին, ապա այսուհետ դիմորդներն ընդունվելու երկու հնարավորություն կունենան՝ հունվարին և հունիսին։ Հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցելն, իհարկե, ըստ ցանկության է։ Բայց երկու անգամ հանձնելով ավելի մեծ կլինի բարձր միավորով ընդունվելու հավանականությունը։ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը ներկայացրել է առաջին անգամ հունվարին ացկացվող քննությունների հայտերը։

2023-2024 ուստարվա բուհական ընդունելության առաջին փուլի միասնական քննություններին սպասվածից ավելի շատ դիմորդ է հայտագրվել։ Նախորդ տարի բուհերի ընդունելության կարգում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում դիմորդը կարող է միասնական քննություն հանձնել երկու անգամ։ Գնահատման և թեստավորման կենտրոնում սպասում էին, որ առաջին անգամ այս քննություններին կգրանցվի  3000-5000 դիմորդ, բայց արդեն իսկ հայտագրվել է 6871 դիմորդ։ ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանի փոխանցմամբ՝ ամենից շատ դիմորդ հայտագրվել է «Անգլերենի» քննության համար, 2-րդ տեղում «Մաթեմատիկան» է, ապա  «Հայոց լեզու և հայ գրականությունը»։

«Հենց այս թիվը, որ այսքան մեծ ոգևորությամբ են մասնակցել, չնայած նույնիսկ նրան, որ այս քննության վարձաչափը 4500 դրամ է, իսկ ամառայինը 1500 դրամ, խոսում է այն մասին , որ  մեծ ոգևորություն առաջացրեց հունվարյան քննությունը»։

Միասնական քննությունների համար ստեղծվել է 29 միասնական քննական կենտրոն, որից 10-ը՝ Երևանում: Շրջափակման մեջ հայտնված Արցախի բազմաթիվ դիմորդներ այժմ զրկված են քննություն հանձնելու հնարավորությունից: «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, ԳԹԿ փոխտնօրենը հայտնեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ։ Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունները։

«Հիմա, քանի որ թշնամու կողմից ճանապարհը փակ է, այս դիմորդները չեն կարող գալ Գորիս, ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը։ Պարզապես պետք է մտածենք, թե ինչպես հետագայում փոխհատուցենք այդ բացը»։

Կարո Նասիբյանը չի բացառում, որ ճանապարհը բացվելուց հետո այս դիմորդների համար լրացուցիչ քննական գործընթաց կազմակերպվի և երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունից կօգտվեն նաև շրջափակման մեջ հայտնված արցախցի դիմորդները։ Ի դեպ՝ քննությունների անցկացման հետ կապված որոշակի տեխնիկական խնիրներ կարող են առաջանալ նաև հայաստանյան քննական կենտրոններում։  Նասիբյանի խոսքով` ի տարբերություն ամառային քննաշրջանում կենտրոնների ընտրության, ձմեռային միասնական քննությունների ժամանակ կարող են ջեռուցման խնդիրներ առաջանալ։

«Մեզ համար այս անգամ դժվար էր կենտրոններ ընտրել կամ ավանդական տեղերում քննություններ անցկացնել՝ պայմանավորված ջեռուցման համակարգով: Ունենք դպրոցներ, որոնց մարզադահլիճներում չկա համապատասխան ջերմություն։ Այս հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որպեսզի դիմեն Երևանի քաղաքապետին ու մարզպետներին` դպրոցներում քննությունների ընթացքում, համապատասխան ջերմություն ապահովելու համար»։

ԳԹԿ փոխտնօրենը հավելեց, որ քննությունները կազմակերպվելու են կիրակի օրերին, բացառությամբ մեկ օրվա՝ փետրվարի 4-ի: Նրա խոսքով՝ դա արվել է մեկ նպատակով, որպեսզի դպրոցներում դասապրոցեսը չխաթարվի։  Հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցելն  ըստ ցանկության է։ Բայց երկու անգամ հանձնելով ավելի մեծ կլինի բարձր միավորով ընդունվելու հավանականությունը,  համոզված է ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը։

«Կարծում եմ՝ կարևորագույն փոփոխություններից է, որը նոր մշակույթ է ձևավորում ապագա  ուսանողների համար։ Բուհ ընդունելությունը դառնում է սովորական գործընթաց հերթական կրթական աստիճանը ձեռք բերելու համար»։

Ընդունելության մրցույթին կմասնակցի այն գնահատականը, որն ավելի բարձր կլինի։ Ընդ որում, եթե նույնիսկ դիմորդը քննություններից մեկը անբավարար ստանա, մրցույթին կմասնակցի դրական գնահատականը։ Այս փոփոխությունը դիմորդին հնարավորություն է տալիս ծանոթանալու քննության կազմակերպման ձևին, քննական գործընթացին։ Բացի այդ, դիմորդը մեկ անգամ ևս կարող է ստուգել իր գիտելիքները, հասկանալ՝ ինչքանով է պարապածը, ինքնուրույն, թե կրկնուսույցի միջոցով, արդարացնում իրեն։

Կարդացեք նաև

Back to top button