
Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության հաղթողները։ Արարողությունը հեռարձակել է NBC հեռուստաալիքը։
«Լավագույն դրամատիկ ֆիլմ» գլխավոր անվանակարգում մրցանակի է արժանացել «The Fabelmans» ֆիլմը։ Օտարերկրյա լրագրողների ասոցիացիան ( Hollywood Foreign Press Association) նույնպես Սփիլբերգին ճանաչել է լավագույն ռեժիսոր այս աշխատանքի համար։

Օսթին Բաթլերը «Գլոբուս» է ստացել «Դրամայում լավագույն դերասան» անվանակարգում համանուն ֆիլմում Էլվիս Փրեսլիի դերի համար։ Լավագույն դրամատիկ դերասանուհի է ճանաչվել Քեյթ Բլանշեթը «Tar» ֆիլմում դերակատարման համար։

Լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Վիշապի տունը»: Քևին Քոսթները «Ոսկե գլոբուս» է ստացել սերիալի լավագույն դերասան անվանակարգում՝ «Yellowstone» սերիալում խաղալու համար։

«Ոսկե գլոբուս» մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1944 թվականից՝ կինոյի և հեռուստատեսության ոլորտում ձեռքբերումների համար։




