ԿարևորՀասարակություն

Արցախը շարունակում է դիմանալ ու դիմակայել. շրջափակման 30-րդ օրը

Արցախի օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են շրջափակման պայմաններում կենսական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։ Զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ վիճակը: Ներկայացվել են էներգամատակարարման, ջրամատակարարման և ենթակառուցվածքների անխափան աշխատանքն ապահովելու ուղղությամբ իրականացվող քայլերը: Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ուղեկցությամբ Արցախից այսօր առավոտյան ևս երեք հիվանդ է տեղափոխվել Հայաստան։

Սոցցանցերում Արցախի հանրային հեռուստատեսության պաշտոնական բլանկի նմանությամբ մի փաստաթուղթ է տարածվում ՝ հեռուստատեսության տարհանման մասին տեքստով: Դա կեղծիք է՝ ավելի վաղ ԱՀ այլ գերատեսչությունների և կազմակերպությունների անունից տարածած կեղծ փաստաթղթերի օրինակով: Այս մասին  հայտարարել է տարածել Արցախի  հեռուստաընկերությունը.

«Արցախի Հանրային հեռուստառադիոընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Դեռ ավելին, շրջափակումից ի վեր հեռուստատեսությունը աշխատում է ավելի խիստ ռեժիմով՝ նպատակ ունենալով շրջափակման հետեւանքով ծագած խնդիրներն ավելի օպերատիվ վեր հանել և դրանց լուծմանն ուղղված քայլերի մասին ավելի օպերատիվ իրազեկել բնակչությանը»:

Արցախի շարունակվող շրջափակմանն անդրադարձել է Հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպանը։ Էդմոն Մարուքյանը Twitter-ում այսպիսի գրառում է արել․    

«Ադրբեջանն արդեն մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին, խախտելով միջազգային իրավունքը։ Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի ռազմագերիներին։ Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»։

Մինչ Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային իրավունքն ու տոտալ բլոկադայի մեջ պահել Արցախը, նախօրեին օպերատիվ շտաբի նիստում կարևորվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցված աշխատանքը:

Անդրադարձ է եղել այդ կազմակերպության միջոցով ծանր հիվանդների տեղափոխման, ինչպես նաև անչափահաս երեխաներ ունեցող՝ կիսված ընտանիքների միավորման հնարավորություններին։

Հունվարի 10-ի առավոտյան ԿԽ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ Արցախից Հայաստան է տեղափոխվել ևս երեք հիվանդ։ Մինչ այդ՝ դեկտեմբերի 19-ից ի վեր 13 հիվանդներ են Արցախից տեղափոխվել ՀՀ տարբեր ԲԿ–ներ։ Այս պահին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում բուժվում է Արցախից տեղափոխված 16 հիվանդ։

Իսկ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 43 երեխա: Ընդհանուր առմամբ՝ շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա:

Փակ միջանցքը լուրջ խնդիրներ է ստեղծել հանրապետության առողջապահական համակարգի համար: Առողջապահության ոլորտում խնդիրները գնալով ավելանում են՝ ասում է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը.

«Ծառայության որակի վրա չի ազդել, բայց դժվարություներ ստեղծել է այս շրջափակումը մեզ համար։ Պլանային բուժումներն ու ստուգումները դեռ մնում են հետաձգված: Հիվանդանոցները փորձում են դեղորայքի նվազող պաշարները հնարավորինս խնայողաբար օգտագործել»։

Շրջափակման պայմաններում բնակչության առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող մի շարք հրատապ հարցերի անդրադառնալով, Արցախի Օպերատիվ շտաբը կարևորել է կտրոնային համակարգի ներդրումը, ինչը հնարավորություն կտա առավելագույնս համաչափ բաշխել առկա պարենային պաշարները: ԱՀ Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանն․  

«Այն խանութներում, որոնց առաջին խմբաքանակը տրամադրվել է, երկրորդ շրջայցի ժամանակ չի տրամադրվի։ Տրամադրվելու է այն խանութներին, որոնց չի տրամադրվել առաջին շրջայցի ժամանակ։ Միանշանակ այս պահին պետք է բոլորս թև-թիկունքի կանգնենք, իրար օգնելով առաջ գնանք»։

ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի փոխանցմամբ՝ սկզբնական շրջանում կտրոններով բաշխումը կիրառվելու է առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար՝ մակարոնեղեն, բրինձ, հնդկաձավար, շաքարավազ ու ձեթ:

«Կտրոնները երկու տեսակի են լինելու։ 1 լիտրանոց ձեթը մեկ կտրոն է լինելու՝ մեկ շնչի համար անկախ տարիքից՝ մեկ ամսվա համար մեկ լիտր։ Մնացած 4 ապրանքատեսականին շնչի համար նախատեսված է 1 կգ, բայց քաղաքացիներին տրամադրվելու է կես կիլոգրամներով։ Այսինքն՝ առաջին կես կիլոն քաղաքացին կարող է օգտագործել հունվարի 20-ից մինչև փետրվարի 5-ը, երկրորդ կտրոնով՝ փետրվարի 6-20-ը, որ պաշարը քաղաքացիները միանգամից խանութներից ձեռք չբերեն»։   

Ներկայում տեխնիկական և կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում կտրոնային համակարգի անցնելու համար:

Օպերատիվ շտաբն ամփոփել է նաև շտաբի անդամների՝ շրջաններ կատարած այցերն ու բնակչության հետ ունեցած հանդիպումները։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է բնակչության կողմից բարձրացված հարցերն ի մի բերել, տարբերակել խնդիրները և քննարկել դրանց լուծման հնարավորությունները։ Մեջբերում Ռուբեն Վարդանյանի խոսքից.

«Այս հանդիպումները ցույց են տվել, որ շրջափակման դժվարությունները չեն կոտրել մարդկանց  ոգին: Բարձրացվել են երեք խումբ հարցեր՝ կոնկրետ բնակավայրին վերաբերող տեղական խնդիրներ, ընդհանուր խնդիրներ, որոնք համակարգային լուծումներ են պահանջելու, և բողոք-դժգոհություններ: Կան նաև հրատապ խնդիրներ, որոնց պետք է առաջնային կարգով լուծումներ տրվեն»։

Հրատապ լուծում պահանջող խնդիրների թվում է նաև ճանապարհների ձնամաքրումը։  ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյան.

«Բլոկադայի պատճառով տվյալ ճանապարհի ձնամաքրման և աղցանման աշխատանքները չենք կարողանում ապահովել, քանի որ ճանապարհը փակված է Շուշիի հատվածում։ Ուղղակի, չգիտենք ինչքան է տևելու էս բլոկադան, եթե ձյունը առատ եղավ աղի խնդիրներ են առաջանալու»։

Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում շրջափակված է 2022 թ․ դեկտեմբերի 12-ից։

Կարդացեք նաև

Back to top button