
Լաչինի միջանցքի արգելափակումը պատերազմի առաջին արարն է արցախահայության դեմ՝ Twitter-ի իր էջում գրել է ֆրանսիական հեղինակավոր «Le Figaro» ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը։
«Մինչև -10° ջերմաստիճանի պայմաններում ադրբեջանցի պսևդոակտիվիստ բնապահպանները մեկնել են Բաքվում տաքանալու։ Նրանց տեղում զինվորներ են: Դիմակներն ընկել են. Լաչինի միջանցքի արգելափակումը (28 օրով) իսկապես պատերազմի առաջին արարն է Արցախի հայության դեմ», — գրել է Բյուսոնը՝ հրապարակելով լուսանկարներ:
Քրիստոֆ Բյուսոնը մեկ այլ գրառմամբ էլ ուշադրություն է հրավիրել միջազգային հանրության լռության վրա․
«Արդեն 30օր՝ 1 ամիս է, ինչ 120.000 հայեր Ադրբեջանի կողմից փակված են սեփական երկրում։ Արցախում -10° է, սննդի խանութները դատարկ են, ընտանիքները բաժանված են, մարդասիրական աղետ է տեղի ունենում, իսկ ի՞նչ են անում այս աշխարհի մեծերը։ Ոչինչ:Ոչինչ:Ոչինչ»,-գրել է Բյուսոնը:
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցքը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։




