ԿարևորՀասարակություն

Տիգրանակերտը շատ դժվար է նենգափոխել. մշակութային ժառանգության հետքերով

2022-ը հարուստ էր հնագիտական աշխատանքներով։ Ամենածավալուն պեղումներն իրականացվել են Դվինում։ Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի արշավախումբն արդեն 10 տարի Ֆլորենցիայի համալսարանի մասնագետներրի հետ հետազոտում է Մետաքսի ճանապարհի՝ Վայոց Ձորի տարածքում ընկած հատվածը։

Վերջին երկու տարիներին արշավախմբի աշխատանքները կենտրոնացրել են Դվինում։  Տարածաշրջանում նման մեծ կառույց չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացրել է արշավախմբի ղեկավարը։

Տարվա ամենաէկան ու ամենածանր աշխատանքը Արցախի մշակութային  ժառանգության մշտադիտարկումն էր՝ ամփոփելով հնագիտական տարին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը։ Միայն 2022 թվականին շուրջ 5 տասնյակ ահազանգ են ստացել այն հուշարձանների վերաբերյալ, որոնք հայտնվել են սահմանին կամ Ադրբեջանի վերահսոկողության տակ անցած տարածքներում են։ Զրուցակցիս մտահոգում է այն, որ այդ ահազանգերով հիմնականում զբաղվում են հնագետները։

«Գիտական քաղաքականությունը այնպիսին է, որ հաճախ շատ դանդաղ է արձագանքում բազմաթիվ մարտակոչերին։ Եվ դրանցից մեկը այսօրվա վիճակն է թե Արցախում, թե սահմանային հուշարձաններում։ Եվ կարծես այսդ նախաձեռնությունն առաջին հերթին իրեն վրա են վերցնում առանձին անհատներ և խմբեր, ինչը ես այդքան էլ նորմալ չեմ համարում»։ 

Համլետ Պետրոսյանն իր աշակերտների հետ Արցախի մշակութային ժառանգության մասին գիրք է հրատարակել, որը կարող է ներկայացվել Հայաստան և Արցախ այցելող միջազգային մասնագետներին՝ խնդիրների մասին պատկերացումն ամբողջացնելու համար։ Հնագետների հատուկ ուշադրության կենտրոնում է նաև Տիգրանակերտը։

«Հետաքրքիր է, որ ադրբեջանական, այսպես կոչված աղվանականացման գործընթացի մեջ Տիգրանակերտը չի ներառվում։ Մեր Կոռնելի համալսարանի խմբի շնորհիվ, որն իրականացնում է հուշարձանների մշտադիտարկում տիեզերական լուսանկարների օգնությամբ, 3-4 ամիսը մեկ անգամ մենք նաև Տիգրանակերտի տիեզերքից արված բավականին լավ լուսանկարներն ենք ունենում։ Բացի ադրբեջանական մի քանի նախաձեռնություններից՝ այդ արքայական աղբյուրների շրջապատում սեղան դնելուց և կերուխում անելուց , ուրիշ որևէ փոփոխություն հուշարձանի տարածքում կարծես չկա։ Եվ դա լիովին հասկանում եմ, որովհետև Տիգրանակերտը շատ դժվար է նենգափոխելը»։

2022 թվականի 2-րդ մեծ աշխատանքը Դվինի հնագիտական հետազոտությունն էր, որի ղեկավարը հենց Համլետ Պետրոսյանն է։ Արդեն 10 տարի Ֆլորենցիայի համալսարանի մասնագետների հետ հետազոտում են Մետաքսի ճանապարհը՝ հատկապես դրա վայոցձորյան հատվածը։ Վերջին երկու տարիներին արշավախմբի աշխատանքները կենտրոնացրել են Դվինում։  Տարածաշրջանում նման մեծ կառույց չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում հավաստիացնում է արշավախմբի ղեկավարը։

«Ինքը կարծես քարավանատուն է, շուկա է, շատ բարդ կառույց է, բազմիցս վերանորոգվել, վերակառուցվել է, և այժմ փորձում ենք մանրամասն հետազոտել և հասկանալ։ Մեր իտալացի կոլեգաները շատ մանրամասն պեղումներով փորձում են նաև հասկանալ, թե ինչպես է լքվել Դվինը։ Մոնղելական արշավանքներից հետո մատենագրական տեղեկություններ կան, իհարկե, որ 13-րդ դարի կեսերից հետո քաղաքը կարծես թե չի գործել, բայց մանրամասները դեռևս հնագիտորեն պարզված չեն»։

Տարածքային կառավարման նախարարության և համաշխարհային բանկի համատեղ ուժերով նպատակ կա Դվինը դարձնել զբոսաշրջային կարևոր կենտրոն։ Նախատեսվում է այսօրվա հնագիտական  պեղումների տարածքից դուրս կառուցել Դվինի թանգարան և հանգրվան։

«Մենք այնտեղ փորձնական մի խրամատ փորեցինք շենքի տեղում հասկանալու համար, թե ինչ կա և զարմանալիորեն հայտնաբերեցինք վաղ միջնադարյան շատ հզոր շերտ, և ես մի նամակ եմ ուղարկել համապատասխան կառույցներին, ներառյալ մեր նախարարությանը, ԳԱԱ, առաջարկելով այդ շենքի տարածքը պեղել և փորձել նրա որոշ հատվածը ներառել ապագա ցուցադրության մեջ։ Այսինքն՝ շենքն ունենա գետնահարկ, այդ գետնահարկը լինի հատուկ ապակեպատ, և թանգարանը ներկայանա ոչ միայն գտածոներով, այլև առանձին պեղված հատվածներով։ Սա Հայաստանում առաջին փորձն է, և այժմ փորձում ենք այդ գաղափարը և դրա ֆնանսական հնարավորությունները լուծել»։

Համլետ Պետրոսյանը Դվինի շուկայի պեղումներում շատ է կարևորում իտալացի գործընկերների հետ համագործակցությունը։ 10 հոգանոց թիմի վերջին այցը նախորդ տարվա հոկտեմբերին էր։ Պեղումները իտալացի գործընկերների հետ կշարունակվեն նաև այս տարի։

Անհետացած քաղաքի պատմությունը հնագետներին դեռ 2019 թվականից է հետաքրքրում։ Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի մասին  տասնյակ գրքեր են գրվել, բայց դրանք միջագային գիտական հանրույթին այդպես էլ չեն հասել։ Հնագետները բացը փորձելու են լրացնել այս տարի։ Համլետ Պետրոսյանը կարծում է, որ անպայման հաջողելու են։

Կարդացեք նաև

Back to top button