ՏեսանյութերՔաղաքական

ՄՄ գործընթացը չի անդրադարձել ՀՀ- ԵՄ համագործակցության վրա, ասում է ԱԱԽ քարտուղարը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

 Արդյունավետ համարելով 2013 թվականը Ազգային անվտանգության խորհրդի գործունեության առումով՝ կառույցի  քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հիմնականում նախընտրել է խոսել ընթացիկ տարվա անելիքների մասին: Ըստ ներկայացված տվյալների՝ Ազգային անվտանգության խորհրդի օրակարգը այս տարի բավականին հագեցած է լինելու իրավական, բնապահպանական, սոցիալական, ռազմական և այլ բնույթի հարցերով: Բաղդասարյանը նշել է, որ դրանց մեծ մասը ունի խորը ուսումնասիրման, ռազմավարության մշակման և մշակված գործողությունների իրագործման կարիք։

Մեկ ժամից մի փոքր ավելի տևեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այս տարվա անդրանիկ մամուլի ասուլիսը: Բանախոսը մանրամասն ներկայացրեց այս տարվա անելիքները, ընդ որում՝ ոլորտային առումով դրանք բավականին տարաբնույթ են: Մասնավորապես՝ մշակվում են այլընտրանքային պատիժներ նշանակելու ռազմավարության նախագիծը, բնական պաշարների արդյունավետ կառավարման, ժողովրդագրական, հոգևոր և կենսաբանական անվտանգության ռազմավարությունները: Մեծ ուշադրությունն է հատկացվում սահմանային ենթակառուցվածքների արդիականացմանը եվրոպական և ռուսական կողմերի հետ համատեղ։

Անդրադառնալով հայ- իրանական սահմանում վերջերս արգրավված 1 տոննա հերոինի հետագա ճակատագրին՝ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց, որ այդ բեռը դեռևս կպահպանվի մինչև քննության ավարտը։  Ինչպես կարգն է, նման դեպքերում վերջնական որոշումը կայացվում է դատարանի կողմից, եթե այս գործով դատաքննություն անցկացվի՝ հաշվի առնելով բեռի պատասխանատուի և վարորդի այլ երկրների քաղաքացի լինելու հանգամանքը։

Անվտանգության խորհրդի քարտուղարին հարցրեցին և նախօրեին հայ-վրացական սահմանը հատած ադրբեջանական ընտանիքի մասին: Բաղդասարյանը նշեց, որ հարցով զբաղվում են իրավասու մարմինները։

Մաքսային միությանն անդամակցության մեկնարկած գործընթացը չի անդրադարձել Հայաստան- Եվրամիություն համագործակցության վրա: Արդեն փետրվարի վերջին հայկական կողմը կհաստատի 2014-15 թվականների գործողությունների ծրագիրը: Այն ներառելու է 160 միջոցառում, իսկ Հայաստան-ՆԱՏՕ երկամյա համագործակցության ծրագիրը բաղկացած կլինի 122 համատեղ գործողություններից: Համեմատության համար՝ ՀԱՊԿ-ի հետ համատեղ ծրագրերի թիվն այս տարի կկազմի 54:

Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ ԵՄ-ը Հայաստանի համար պահպանել է Ընդհանրացված արտոնությունների համակարգը: Այնուամենայնիվ՝ ԵՄ խորհրդատվական խումբը ապրիլից կդադարեցնի իր առաքելությունը մեր երկրում, հայտնեց Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

ԱԱԽ քարտուղարը նաեւ իր մտահոգությունը հայտնեց հայ-ադրբեջանական շփման գծում առկա լարվածության շուրջ:

Back to top button