ԿարևորՀասարակություն

H1N1-ի և կորոնավիրուսի ռիսկային խմբերը նույնն են, ախտանշանները՝ նման

 Հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների աճը դեռ էլի կավելանա՝ կանխատեսում են առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ H1N1-ը մեծ հավանականությամբ կրկին կտարածվի հատկապես դպրոցների բացվելուն զուգահեռ։ Մասնագետները հորդորում են վարակին լուրջ մոտենալ․ այն, ժամանակին չկանխելու դեպքում, կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։ Հայաստանում վարակից մահացել է երկու  քաղաքացի։ Հիվանդանոցներում սուր շնչառական հիվանդություններից տուժած ավելի քան 200 հիվանդների 60 տոկոսը մինչև 18 տարեկաններ  են։

Սուր շնչառական հիվանդությունների ակտիվությունը Հայաստանում ավելի կսրվի՝ կանխատեսում են հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում։ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն ասում է, որ թեև այժմ հիվանդությունները դրսևորվում են միջին ակտիվությամբ, տոներին հաճախակիացած մարդկային կուտակումներն ու արձակուրդներից հետո ուսումնական հաստատությունների բացվելը թույլ չեն տալիս լավատեսական կանխատեսումներ անել․

«Բժշկական կազմակերպությունները աշխատում են բավականին ծանրաբեռնված, բարձր դիմելիություն ունենք։ Շատ դեպքերում դիմում են արդեն բավական ուշացած՝ երկար ժամանակ տանը ինքնաբուժությամբ զբաղվելուց հետո»,-ասում է Ռոմելլա Աբովյանը։

Հունվարի 3-ի դրությամբ Հայաստանի բուժհաստատություններում թոքաբորբով հոսպիտալացվել է ավելի քան 200 մարդ, որոնց 60 տոկոսը երեխաներ են: Հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 55 հիվանդ, որից 47-ը երեխաներ են: Նրանք այս շրջանում վարակի թիրախն են ոչ միայն Հայաստանում։

«Ռուսաստանում դեկտեմբերին երեխաների հոսպիտալացման ամբողջ պատմության ռեկորդն է եղել, նույն վիճակը, օրինակ՝ Գերմանիայում է, ուր 18 000 մահճակալ լրացված է, ու երբեմն կենտրանական հիվանդանոցներից ուղղաթիռով երեխային ուղարկում են շրջանային հիվանդանոց, որտեղ թթվածնային կետ կա ու կարող են ապահովել երեխային»,- ասում է Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը։

Մասնագետներն ասում են՝ այժմ Հայաստանում տարածված H1N1 գրիպի շտամը նախորդ տարիներին ճնշված էր Քովիդով պայմանավորված։ Բայց այն պարբերաբար գլուխ է բարձրացնում և անհրաժեշտ է մշտական պատրաստվածություն։

«Սա, բացի սեզոնային լինելուց, որոշ ժամանակը մեկ կարող է ավելի լուրջ համաճարակային կամ համավարակային իրավիճակ ստեղծել։ Օրինակ՝ 2009-ին H1N1 -ի շտամի տեսակներից մեկն էր, որ համավարակային իրավիճակ ստեղծեց ամբողջ աշխարհով»,- պատմում է համաճարակաբան Հովակիմ Զաքարյանը։

Ասում է՝ տարբեր սեզոնների գրիպի նույն շտամը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Ջերմություն, դող, հազ, կոկորդի ցավ, հարբուխ, քթի փակվածություն, արցունքոտվող, կարմրած աչքեր, մարմնի ցավ, գլխացավ, հոգնածություն, փորլուծություն, սրտխառնոց և այլն։ Հենց սա է պատճառը, որ ամեն տարի հիմնականում հոկտեմբերին մարդկանց հորդորում են պատվաստվել գրիպի դեմ։

«Սեզոնից սեզոն H1N1 -երը իրարից կարող են տարբերվել որոշակի մուտացիաների պատճառով, որի հետևանքով էլ հենց նախորդ տարի ստացած պատվաստանյութն այդ տարի այնքան էլ արդյունավետ չէ։ Դրա համար ամեն նոր սեզոնի կոչ են անում գնալ ու նոր պատվաստանյութով պատվաստվել, որը հենց այդ սեզոնային գրիպի վիրուսի դեմ է։ Դա կարող է լինել H1N1-ը, ոնց որ հիմա, կարող է լինի H3N2-ը և այլն»։

Այժմ առկա է քառավալենտ պատվաստանյութ, որը շրջանառվող բոլոր շտամերի վրա ազդեցություն ունի։ Թեև պատվաստվելու լավագույն ժամանակն անցել է, գրիպը շարունակվում է տարածվել, ուստի պատվաստանյութն արդիական է նաև այսօր։ Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու Նարինե Սարսյանցը հուշում է նաև՝ մարդն այժմ կարող է վարակվել միանգամից մի քանի հիվանդություններով․

«Անձը չի կարող տարբերակել, թե ինքը որ վիրուսով է վարակված, ու վերջին ամիսներին աշխարհում արձանագրվում են տրիդեմիայի դեպքեր, երբ մարդը կարող է ունենալ զուգահեռ 2-3 վարակ։ Դա կարող է լինել գրիպը-կովիդը, գրիպը-կովիդը-ռինովիրուսը և այլն։ Սրանցի պարզ է դառնում, որ անձը պետք է պարտադիր նման երևույթների դեպում դիմի առողջության պահպանման  առաջնային օղակ, ու առավելապես վերաբերում է ռիսկի խմբի պացենտներին»։

H1N1-ի և Կորոնավիրուսի ռիսկային խմբերը նույնն են, ախտանշանները՝ նման։ Այժմ դժվար է իմանալ՝ ախտանշաններն ունեցող մարդկանց որ մասը որ հիվանդությունն ունի, քանի որ Կորոնավիրուսի թեստ հանձնելու մշակույթը կարծես նահանջում է՝ ասում են նախարարության ներկայացուչները․

«Վիճակագարական տվյալների համաձայն՝ մենք ունենք 44 տոկոս դեպքերի նվազում վերջին 14 օրը, եթե համատում ենք նախորդ 14 օրվա հետ։ Բայց սա կարող է իրական պատկերը չլնել, որովհետև ցած է թեստավորման մակարդակը․ մարդիկ նշանների դեպքում չեն դիմում թեստավորում։ Բայց այստեղ էլ պետք է զգոնությունը բարձրացնենք, քանի որ այժմ շրջանառվող շտամը ունի նույն նշանները»։

Ամեն դեպքում երկու հիվանդություններն էլ վտանգավոր են, իսկ տրիդեմիայի՝ միաժամանակ երկուսով էլ վարակված լինելու դեպքում՝ ավելի լուրջ։  Մասնագետները հորդորում են՝ հատկապես ռիսկի խմբում գտնվողներին առաջին ախտանշանների դեպում դիմել պոլիկլինիկաներ՝ հետագա բարդացումներից խուսափելու համար։ Սուր շնչառական հիվանդությունների ծավալի մեծացում հատկապես ակնկալվում է հունվարի 9-ից, երբ դպրոցներն ու նախադպրոցական հաստատությունները կսկսեն գործել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացնում է՝ միջոցառումներ արդեն ձեռնարկվել են․

«Արդեն նախապատրաստվում ենք դպրոցների բացվելուն և կլինեն ֆիլտրեր, դպրոցների մուտքի մոտ բուժքույները պետք է իրականացնեն զննություն, ջերմաչափում, որ վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում»։

Մյուս կողմից էլ մասնագետներն են հորդորում սոցիալական պատասխանատվություն դրսևորել․ թե հիվանդ, թե առողջ երեխաների համար լավագույն տարբերակը հիվանդության դեպքում տանը մնալն է՝ պոլիկլինիկաներում այդ մասին տեղյալ պահելով ու մասնագիտական ուղղորդումներ ստանալով։

Կարդացեք նաև

Back to top button