
Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի
Այսօր Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչները Թբիլիսիիում հանդիպել են Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հիշեցնենք, պաշտոնական այցով Վրաստանում գտնվող նախարարը մինչ այդ հանդիպել էր Վրաստանի նախագահի, ԿԳ նախարարի հետ, այցելել Վրաստանի առաջատար մի շարք համալսարաններ, ինչպես նաև Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցի ու «Հայարտուն» կենտրոն: Արմեն Աշոտյանը իր հանդիպումներում մի շարք հրատապ հարցեր է առաջ քաշել, որոնք վերաբերում են հիմնականում վիրահայերի կրթությանը:
Արմեն Բեդոսյանը Նինոծմինդայի փոքր Խանչալի գյուղի հանրային դպրոցի վրացերեն լեզվի ուսուցիչն է: Գյուղի երեխաներին երկրի պետական լեզուն է ուսուցանում ու գոհ է արդյունքներից. ասում է, որ իրենց գյուղում վրացերենի մակարդակը բավարար է: Օրերս երբ իմացավ, որ մասնակցելու է Թբիլիսիիում Հայաստանի ԿԳ նախարարի հետ հանդիպմանը, գյուղացիները մի շարք հարցեր գրեցին, որ տեղ հասցնի։ «Օրինակ՝ վրացերենից հայերեն թարգմանված գրքերը շատ ցածր մակարդակի են»: Վրացերենի ուսուցիչը գյուղի միակ դպրոցում միայն վարցերենի դասեր չի տալիս. հաճախ ուսուցիչներն ընդհատում են նրա դասը, որպեսզի վրացերեն դասագրքից փորձի հասկանալ, թե ինչ կարող է նշանակել հայերենում արված թարգմանությունը:
Ի դեպ՝ նախարարն այս հարցին անդրադարձել է իր գործընկերոջ` Վրաստանի ԿԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ՝ առաջարկելով մինչեւ տպագրությունը հայկական կողմը խմբագրի վրացերենից հայերեն թարգմանված դասագրքերը: Թամար Սանիկիձեն «Ռադիոլուրին» ասաց, որ թարգմանված դասագրքերի խմբագրման աշխատանքներին ընդգրկելով նաև հայկական կողմին, կունենան ավելի որակյալ դասագրքեր:
Ախալցխայի թիվ 3 միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Սուսաննա Մինասյանը, ստացավ իր հարցի պատասխանը: Հայաստանից ստացվող դասագրքերի հարցը եւս նախարարների բանկացությունների օրակարգում է։ Նախարար Աշոտյանը նշում է, որ տեղյակ է վիրահայերի կրթությանը վերաբերող հիմնախնդիրներին: Այսօր վիրահայ ընտանիքը երկընտրանքի առջև է կանգնած` երեխային հայկակա՞ն, ռուսակա՞ն, թե՞ վրացական դպրոց տանի: «Հայկական դպրոցները գրավիչ դարձնելու համար պետք է բարձրացնենք կրթության որակը»,- ասում է։
Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը Վրաստանի տարածքում կվերսկսի հայ ուսուցիչների վերապատարստման դասընթացները: Բացի այդ՝ նախարարն առաջարկում է, որ հայերենն ընդգրկվի քննական առարակաների ցանկում: «Սա ավելի արդյունավետ կդարձնի հայերենի դասավանդումը»: Նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ վրաց գործընկերները ըմբռնումով են մոտենում բարձրացրած հարցերին ու կարևորում են դրանք: «Մենք չենք ուզում, որ սա դիտվի միջամտության փորձ և թույլ չենք տա, որ մեր համատեղ աշխատանքի վրա որևէ քաղաքական ստվեր ընկնի։ Կրթության համակարգը քաղաքականությունից դուրս պետք է լինի։ Հատկապես Վրաստանում հայերի կրթությանը վերաբերող հարցը ցավոտ ու զգայուն թեմա է, խնդիրները, եթե հեշտ լուծվող լինեին, ապա չէին կուտակվի»:
Հայաստանի ԿԳ նախարարը, սակայն, վստահ է, որ վրաց գործընկերների հետ կարելի է կայուն քայլերով թեթևացնել խնդիրների բեռը ու լուծում տալ դրանց, մանավանդ որ, ինչպես նշում է, « նման լավատեսության հիմք են տալիս նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նախընտրական խոստումները, որոնք վերաբերում են վիրահայ համայնքի կրթական խնդիրներին»:




