ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքի շրջափակումն ավելի անհրաժեշտ է դարձնում միջազգային  փաստահավաք առաքելության գործուղումը․ Փաշինյան

Հայաստանն ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է՝ կառավարության այսօրվա նիստի սկզբում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից արդեն 25 օր փակ պահվող Լաչինի միջանցքի խնդրին, հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությամբ  իր ստանձնած ուղղակի պարտավորությունը։

Արդեն 25 օր Ադրբեջանը, կեղծ բնապահպանական օրակարգ առաջ քաշելով, փակ է պահում  Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը։ Հայաստանի վարչապետը հերթական անգամ ընդգծում է՝ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջանցքն ապաշրջափակելու կոչերի միջազգային լայն արձագանք է հարուցել: Չնայած սրան, Ադրբեջանը գործողություններ չի ձեռնարկում հարցը կարգավորելու ուղղությամբ»: Միևնույն ժամանակ, ըստ վարչապետի, Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել պարտավորությունները չկատարելու սեփական գործելակերպը, ինչը բացարձակապես անհիմն է․

«Լաչինի միջանցքը փակելով, Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ  հայտարարությամբ  իր ստանձնած ուղղակի պարտավորությունը, ինչը  լրջագույն հարցեր է առաջացնում պաշտոնական Բաքվի պայմանագրունակության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ  Ադրբեջանը փորձում է Հայաստանին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու  գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է» ։

Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, Նիկոլ Փաշինյանի համոզմամբ, ամենախորն ու իրական այլ պատճառ կա.

«Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում ու միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի ու ավելի հստակ արձանագրել ԼՂ հայության էթնիկ զտումների, ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը: Այս իմաստով  մենք ավելի առարկայական քայլեր ենք ակնկալում  միջազգային  հանրությունից, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության  խորհրդի մշտական անդամ Ռուսաստանի Դաշնությունից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում ու Լաչինի միջանցքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է»։

Փաշինյանը կարծում է, որ Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումն էլ ավելի անհրաժեշտ է դարձնում Արցախ ու Լաչինի միջանցք միջազգային  փաստահավաք առաքելության գործուղումը։

Արդեն 25 օր 120 հազար մարդ շրջափակման մեջ է։ Օրական 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք Արցախ չի հասնում։ Բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակներ են մատակարարվում խանութներին: Կարևորվում է հատկապես  ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որ բնակչությունը դրանք ձեռք բերելու հնարավորություն ունենա բոլոր խանութներից:

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Թվիթերում այսպիսի գրառում է արել Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Նա ընդգծել է, որ այս իրավիճակում միակ իրատեսական քայլը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն է: Միջազգային դերակատարները պետք է որոշեն ՝ ի՞նչն է ավելի կարևոր՝ սովամահ լինող մարդկանց կյա՞նքը, թե՞ տնտեսական կամ այլ շահերը։

Անցնող 25 օրվա ընթացքում միայն ծայրահեղ ծանր մի քանի հիվանդ է Արցախից Երևան տեղափոխվել՝ Կարմիր Խաչի ուղեկցությամբ։ ԱՆ Անահիտ Ավանեսյանի խոսքով՝   համագործակցում են Կարմիր Խաչի և ԱՀԿ-ի գործընկերների հետ։

«Այս պահին էլ կան ծանր պացիենտներ։ Նրանք այնտեղ բուժօգնություն են ստանում։ Մշապես այստեղի մասնագետների հետ կոնսիլիումներ են իրականացվում։ Ըստ հնարավորության ու անհրաժեշտության՝ կազմակերպում ենք նաև հնարավոր տեղափոխումները։ Այս պահին բավարար է Հայաստանում գտնվող արցախցի հիվանդների առողջական վիճակը։ Նրանք անհրաժեշտ բուժօգնությունը ստանում են»։

Լաչինի միջանցքը բացելուն ուղղված ՄԻԵԴ–ի որոշումն արդեն ավելի քան 2 շաբաթ անտեսում է Ադրբեջանը։ Իսկ միջազգային հանրությունը այդ երկրին հորդորդում է բացել ճանապարհը։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորները, խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, դիմում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին` կոչ անելով կոնկրետ գործողություններ կիրառել Լաչինի միջանցքի բացման կամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Արցախցի պատգամավորները տեղեկացնում են, որ Արցախյան հիմնախնդիրը միակ հակամարտությունն էր, որի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրները գրեթե նույն տեսակետն ունեին: Հումանիտար աննախադեպ աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, ոչ միայն հասցեական հայտարարությունների կարիք ունի, այլև այդ ուղղությամբ գործուն ու տեսանելի քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը կա: Առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված  են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, Արցախը զրկված է մանկական սննդի և պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից:

«Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահող երկրներին կոնկրետ գործողություններ կիրառել միջանցքի բացման կամ օդային կամրջի՝ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ, ինչը թույլ կտա ձմեռային ժամանակաշրջանում փոքր-ինչ կանխելու Արցախում առկա հումանիտար տագնապալի ճգնաժամը»:

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ առաջիկայում սփյուռքահայերն ավելի ակտիվ քայլերի կդիմեն։ Թե ինչու են այժմ պասիվ՝ տարբեր պատճառեներ կան, ասում է։ Նա  վստահեցնում է, որ խնդրի հետ կապված մոբիլիզացրել են ռեսուրսները` ոչ միայն համայնքային կառույցների իմաստով, այլ նաև սփյուռքի երիտասարդ դեսպաններն են ակտիվ աշխատում բոլոր երկրներում։

Կարդացեք նաև

Back to top button