
Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Հանրապետության նախագահն աշխատանքային այցով այսօր Կոտայքի մարզում էր, որտեղ մասնակցել է Աբովյանի բժշկակական կենտրոնի բացման արարողությանը, շրջել ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով հագեցած հիվանդանոցի բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Այցի ընթացքում Սերգ սարգսյանը մասնակցել է նաև Հրազդանի տարածքային հարկային տեսչության բացման արարողությանը, ծանոթացել տեսչության վարչական շենքում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին:
Աբովյան քաղաքի բնակիչներն ուրախանալու հիմնավոր առիթ ունեն: Քաղաքում այսօր բացվեց ամբողջովին հիմնանորոգված և արդիական սարքավորումներով վերազինված Աբովյանի բժշական կենտրոնը, որտեղ միավորվել են քաղաքի հիվանդանոցն ու պոլիկլինիկան: Իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին այսօր ծանոթացավ նաև երկրի ղեկավարը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ներկայացմամբ՝ ծրագիրն իրականացվել է մարզային առողջապահական համակարգերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում: Բժշկական կենտրոնում իրականացված ներդրումների ծավալը կազմել է մոտ 850 միլիոն դրամ: Գումարի մեծ մասը տրամադրել է Համաշխարհային բանկը։
Աբովյանը մայրաքաղաքից հեռու չէ, բայց ինչպես նշում է նախարարը, որդեգրած քաղաքականությունն այսպիսին է. յուրաքանչյուր բնակիչ պետք է հնարավորություն ունենա օգտվել իր տարածքին մոտ գտնվող արդիական բուժսարքավորումներով և համապատասխան մասնագետներով ապահովված բժշակական հաստատության ծառայություններից: Նրա համոզմամբ՝ հիմնանորոգված բժշկական կենտրոնը զգալիորեն կնվազեցնի այցելուների հոսքը դեպի մայրաքաղաք։
Դերենիկ Դումանյանի տեղեկացմամբ՝ 2014-ին կբացվեն նաև Ալավերդու, Ճամբարակի, Բերդի և հնարավորության դեպքում նաև Կապանի հիմնանորոգված հիվանդանոցները:
Հանրապետության նախագահի ներկայությամբ Հրազդանում այսօր բացվեց քաղաքի պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչության նոր շենքը: Տեսչության պետ Միքայել Ախշարումովը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նոր շենքում կան բոլոր պայմանները բարձրակարգ սպասարկում իրականացնելու համար։
Հրազդանի տարածքային հարկային տեսչությունը սպասարկում է Հրազդանի և Չարենցավանի վարչական տարածքները, որոնք ներառում են 17 համայնքներ, տարածաշրջանի երեք քաղաքներ՝ Հրազդան, Չարենցավան և Ծաղկաձոր: Նշենք, որ Աշտարակում ևս այսօր բացվեց տարածքային հարկային տեսչության նոր շենք: Տեսչությունն ունի շուրջ 80 աշխատակիցներ և սպասարկում է 118 գյուղական և երեք քաղաքային համայնք:
Հարկային և մաքսային բարեփոխումների շրջանակներում Երևանում և մարզերում շահագործվել են տարածքային հարկային տեսչությունների 17 վարչական նոր շենքեր: Առաջիկա մեկ-երկու տարում Կապանում, Իջևանում, Արմավիրում և Մասիսում վարչական նոր շենքերի շահագործամամբ կավարտվի ՊԵԿ հարկային մասով վարչական շենքերի արդիականացման ծրագիրը։




