
Կրթության ոլորտը 2022-ին հարուստ էր իրադարձություններով։ Նոր ռազմավարության ընդունումից մինչև ընդունելության քննությունների նոր կարգ․ համակարգը թեժ քննարկումների պակաս չի ունեցել։ 2023 թվականից դիմորդները հնարավորություն կունենան միասնական քննություն հանձնելու երկու անգամ։ Առաջին փուլը կանցկացվի հունվարին, երկրորդը՝ հունիս–հուլիս ամիսներին: Սա թերևս դիմորդներին հետաքրքող ամենակարևոր փոփոխությունն է։ Փոփոխություններ կան նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Այն կրթության բնագավառի ամենաբարդ ճյուղերից է։ ԿԳ փոխնախարար Կարեն Թռչունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ամփոփել է 2022 թվականին կատարված աշխատանքն ու մատնանշել առաջիկա անելիքները։
Տարվա ամենաաղմկոտ իրադարձությունը ոլորտում, թերևս կրթության ռազմավարության ընդունումն էր։ Ոչ քննարկումների, ոչ էլ քննադատությունների պակաս այն չունեցավ։ Ծրագիրը անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն: Մինչև 2030 թվականը նախատեսվում է բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նախադպրոցական ծառայությունները։ Ոչ մի երեխա չպետք է դուրս մնա պարտադիր կրթության համակարգից: Բոլոր դպրոցները պետք է համալրված լինեն որակավորված, ատեստավորված մանկավարժներով, որոնք կստանան արժանապատիվ վարձատրություն։ Գերատեսչությունում վստահ են, որ զարգացման պետական ծրագիրը երկար սպասված փաստաթուղթ է և այն հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիը։ Փորձագետները, սակայն, դրանում լուրջ ռիսկեր են տեսնում։ Նույն այդ ռազմավարությամբ հանրապետությունում ունենալու ենք մինչև 8 բուհ և ակադեմիական առանձին քաղաք։ ԿԳՄՍ փոխնախար Կարեն Թռչունյանը խոստովանում է, որ խնդիրը բարդ է, բայց նաև ժամանակի հրամայականն է, և դրա համար գործուն քայլեր են անհրաժեշտ։
«Բուհերի խոշորացումը նոր թեմա չէ։ Որքան շուտ այդ գործընթացը սկսենք և ավարտենք, այնքան մեր հետագա անելիքներն ավելի հստակ և փաստարկված կլինեն։ Որոշ բուհեր ժամանակի ընթացքում շեղվել են իրենց առաքելությունից, բացել են տարբեր մոդայիկ կրթական ծրագրեր, որոնք ժամանակի ընթացքում միգուցե ընդունելություն են ապահովել և ֆինանսներ, բայց իրենց առաքելությունից շատ են շեղվել»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ շենքային ավելի բարենպաստ պայմաններ, ավելի լավ լաբորատորիաներ, ավելի սերտ համագործակցություն բուհերի միջև գուցե ունենանք, բայց կորուստները շատ ավելին են լինելու։ Իսկ ամենամեծ անհարմարությունը փորձագետը համարում է ենթակառուցվածքների բացակայությունը․
«Հայաստանյան բուհերը մեծ մասամբ Երևանի կենտրոններում են և հավասարապես հասանելի են մետրոյով ու տրանսպորտային հանգույցներով բոլոր համայնքների ու մոտակա մարզերի համար։ Եթե մենք տանենք Աշտարակ, սա նշանակում է, որ ուսանողները, դասախոսներն ամեն օր պետք է հսկայական ժամանակ ծախսեն, խցանումներն էլ ավելի են սրվելու, դեպի Աշտարակ տանող ճանապարհները՝ ծանրաբեռնվելու։ Մարդկանց համար ստեղծվելու են անհարմարություններ։ Պետությունն էլ պետք է փորձի ավելի շատ միջոցներ ծախսել։ Պետք է անվճար ավտոբուսներ, այլ միջոցներ հատկացնի, որպեսզի հասանելիության հարցը լուծի։ Օրինակ՝ հաշվարկվա՞ծ է, թե բյուջեից որքան գումար պետք է հատկացնենք, որպեսզի ամեն օր տասնյակ հազարավոր դասախոսների և ուսանողների Երևանից տանենք Աշտարակ ու բերենք, և դա անենք տարբեր ժամերի»։
Չնայած մասնագիտական շրջանակներում հնչող քննադատություններին, ռազմավարությունն ընդունվեց և արդեն իսկ գործնական քայլերն են նախանշվում։ 2022-ին սկսել է և արդեն այս տարի կավարտվի նաև բարձրագույն կրթության ինքնահավաստագրման գործընթացը, որի շնորհիվ հայկական դիպլոմները ճանաչելի կդառնան բարձրագույն կրթության եվրոպական տարածքում։
ԿԳՄՍ փոխնախար Կարեն Թռչունյան. «Տեսանելի արդյունք դեռ մեկ տարի գուցե չունենանք։ Բայց դա տեսանելի կլինի այն մարդկանց համար, ովքեր հետագայում կսովորեն և բակալավրի դիպլոմ կստանան, հետագայում կփորձեն Հայաստանի տարբեր բուհերից Եվրոպա գնալու շարժունակություն ապահովել և հակառակը։ Այստեղ մենք կունենանք նաև կրեդիտների փոխանցման նորմալ համակարգ, որովհետև հիմա կրեդիտների, որպես այդպիսին, մեր բուհերի մեջ նույնիսկ տեղափոխման ժամանակ որոշակի խնդիրներ են առաջանում»։
Բուհական համակարգում նաև ընդունելության նոր մեխանիզմներ կան, և փոփոխությունները սկսել են հենց ընդունելության քննություններից։ Եթե մինչև հիմա բուհական ընդունելության քննությունն անցկացվում էր հունիսին, ապա այսուհետ դիմորդներն ընդունվելու երկու հնարավորություն կունենան՝ հունվարին և հունիսին։ Ըստ առաջարկվող փոփոխության՝ հունվարին սպասվող միասնական քննությանը մասնակցելն ըստ ցանկության է։ Բայց երկու անգամ հանձնելով ավելի մեծ կլինի բարձր միավորով ընդունվելու հավանականությունը, կարծում է փոխնախարարը։
«Կարծում եմ՝ կարևորագույն փոփոխություններից է, որը նոր մշակույթ է ձևավորում ապագա ուսանողների համար։ Բուհ ընդունելությունը դառնում է սովորական գործընթաց հերթական կրթական աստիճանը ձեռք բերելու համար։
Բուհական ընդունելությանը կնպաստի նաև կրեդիտային համակարգի ներդրումը, որի մեկնարկն արդեն այս տարվանից կտրվի Երևանի բուհերի հենակետային և Տավուշի մարզի ավագ դպրոցներից: Ավելի ուշ համակարգը կսկսի գործել հանրապետության բոլոր ավագ դպրոցներում։
Եթե մինչև հիմա աշակերտն իր ավարտական գնահատականը ձևավորում էր տարվա մեջ առարկայից մի քանի դաս պատասխանելով կամ գրավոր աշխատանքների արդյունքներով, ապա կրեդիտների մեջ կհաշվարկվեն նաև դասարանային, արտադասարանային և ինքնուրույն բոլոր աշխատանքները` դասերին, գործնական, լաբորատոր աշխատանքներին մասնակցելը, քննություններին պատրաստվելը, հանձնելը, նույնիսկ ստեղծագործական աշխատանքը։
Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի տնօրեն Արտաշես Թորոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է, որ նոր համակարգը կխթանի աշակերտներին լավ սովորել և կրեդիտներ վաստակել։
«Հիմա աշակերտները որոշ դեպքերում հերթ են պահում, ինչ-որ մի պահի հարմարեցնում են, բարձր գնահատական են ստանում կամ անհաջողություն են ունենում, ցածր գնահատական են ստանում, և դա էականորեն ազդում է կիսամյակային ու տարեկան արդյունքի վրա։ Իսկ կրեդիտային համակարգում այդպիսի պատահականություններ չեն լինի։ Աշակերտը կմասնակցի բոլոր դասերին, բոլոր թեմաները կհանձնի առնվազն չափորոշիչով սահմանված մակարդակով՝ չորս միավորին համապատասխան արդյունքով, որով հավաստում է, որ բավարար չափով պահանջվող նյութը ուսումնասիրել է, և իր վերջնարդյունքը դրա հիման վրա է ձևավորվել»։
Ավագ դպրոցում նոր համակարգով ուսուցումն իսկապես իմաստ կստանա, նաև մոտիվացնող կլինի՝ կարծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
«Կրեդիտային համակարգի լավն այն է, որ ինչ անում է երեխան, դրա համար ինքը միավոր է վաստակում։ Դա կլինի կամավորական աշխատանք, արտադպրոցական գործունեություն։ Այս ամենը հաշվարկվում է, դրա համար նա ստանում է կրեդիտներ և կարողանում է օգտագործել կրթության հաջորդ աստիճաններում»։
Դրական փոփոխություն է, բայց նաև շատ հարցեր առաջացնող՝ կարծում է փորձագետը։ Սերոբ Խաչատրյանը վստահ չէ, որ բոլոր դպրոցներում կրեդիտները նույն չափանիշերով կշնորհվեն։ Նա նաև կասկածում է, որ բուհը բոլոր դպրոցների տրամադրած կրեդիտները կընդունի։ Արտաշես Թորոսյանը փորձագետի մտահոգությունը չի կիսում։ Նոր չափորոշիչներով նաև սահմանվելու է կրեդիտների շնորհման կարգը, իսկ դպրոցի հայտնի կամ անհայտ լինելը դեր չի խաղալու՝ ասում է պաշտոնյան։ Կրեդիտները նախ՝ կփոխանցվեն բուհեր, հաշվի կառնվեն բուհական ծրագրերում։ Հետագայում դրանք հնարավոր է նաև փոխարինեն ընդունելության քննություններին և միայն կրեդիտներով հնարավոր լինի բուհ ընդունվել։




