ԿարևորՔաղաքական

Կառավարության կազմում սուպերնախարարները շատանում են

2023-ը Հայաստանի կառավարությունը կսկսի նոր կառուցվածքով: Փոփոխությունների մի մասն ուժի մեջ կմտնի այս տարվանից: Տարեվերջի արտահերթ նիստում օրենսդիրը հաստատել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որն առնչվում է ուժային կառույցներին: Փոփոխություններ են կատարվել նաև 36 հարակից օրենքներում։

Այս տարեսկզբին ժամանակավորապես կունենանք 13 նախարարություն 12-ի փոխարեն:

ՆԳՆ-ն չի դառնա կառավարության 13-րդ նախարարությունը, քանի որ զուգահեռաբար կլուծարվի Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որի գործառույթները կանցնեն նորաստեղծ Ներքին գործերին: Նախարարությունը որպես այդպիսին Հայաստանի համար նոր չէ: Ներքին գործերի նախարարություն եղել է նաև 90-ականներին, կառույցը Ոստիկանություն դարձավ Ռոբերտ Քոչարյանի օրոք՝ 2002 թվականին։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ Ներքին գործերի նոր նախարարությունը տարբերվելու է նախորդ կառույցներից. 

«Նախարարությունում կկենտրոնացվի ֆունկցիոնալ 5 հիմնական ոլորտ՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում, աղետների և ռիսկի կառավարում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Որպես անցումային փուլ՝ նախատեսվել է մինչև չորս ամիս ժամկետ ԱԻՆ գործունեության դադարեցման համար, այսինքն՝ նախագծերի ընդունումից հետո որոշակի կարճ ժամանակահատված ունենալու ենք կառավարության 13 անդամ, որից հետո, երբ ամբողջությամբ դադարեցվի Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, կվերադառնանք 12 անդամով գործունեությանը»։

Փոփոխության հիմնավորումները մի քանիսն են։ Վարչապետին կից մարմին լինելով՝ Ոստիկանությունը, ըստ էության, չուներ ոլորտի քաղաքականություն մշակելու իրավասություն։ Ոստիկանության պետը, օրինակ, չէր կարող հանցավորության դեմ պայքարի քաղաքականություն մշակել, նաև հաշվետու չէր Ազգային ժողովին։ Խորհրդարանում համոզված են, որ փոփոխությունը կլուծի այս խնդիրները: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյան.

«Այս հարցերը պետք է լուծվեն, կառույցը պետք է հաշվետու լինի, ՆԳ նախարարը պետք է գա պառլամենտ, պատասխանի պատգամավորներին հուզող հարցերին, ՆԳ որևէ հարց ստվերում պետք է չլինի, նախարարը պետք է մշակի հանցավորության դեմ պայքարի քաղաքականությունը , այդ քաղաքականությունը պետք է տարածվի նաև իրավապահ մյուս գերատեսչությունների վրա և պետք է պատասխանատվություն կրի այդ քաղաքականության իրականացման արդյունավետության համար։ Այսինքն՝ հանցավորության դեմ պայքարի և մի շարք ծառայությունների մատուցման քաղաքական պատասխանատու պետք է լինի ՆԳ նախարարը»։

Քանի որ կա քաղաքական պատասխանտվության հարց, իշխող կուսակցությունում չեն բացառում ապագա նախարարի կուսակցական լինելը: Արմեն Խաչատրյանը հիմնավորում է այս մոտեցումը:

«ՆԳ նախարարը քաղաքական պաշտոն է և կարող է լինել կուսակցական կամ անկուսակցական։ Նա ուղղակի զինվորական չի լինելու։ Զինվորական լինելու է միայն ոստիկանությունը՝ իր ոստիկանապետով։ ՆԳ նախարարի պաշտոնը քաղաքացիական պաշտոն է, և նախարարությունում էլ քաղաքացիական հաստիքներ են լինելու։ Իսկ նախարարը, այո, կարող է քաղաքական թիմի անդամ լինել, և կարծում եմ՝ հաստատ քաղաքական թիմի անդամ է լինելու»։

Ընդդիմադիրների դիրքորոշումն այս հարցում ավելի քան հստակ է․ մտավախություն ունեն,  որ կառույցը քաղաքականացվում է: Սրա մասին խոսում է «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Մտահոգությունները փարատում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ ներկայացնելով անձամբ վարչապետի հրահանգը:

Լիլիթ Գալստյան. «Ապաքաղաքական, չեզոք, հանրության շահերը սպասարկող նախարարություն ստեղծելու հիմնավորումը բոլորովին սին է: Իմ անձնական փորձառությամբ ոստիկական բաժանմունքներում ականատես եմ եղել ոստիկանների անմարդավայել, իրենց լիազորություններից չբխող, օրենքը խախտող վարքագծին, ուր մնաց, թե փակ դռների հետևում ինչ է կատարվում»:

Արփինե Սարգսյան. «Կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի մի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից և նրբերանգներից: Ըստ այդմ՝ այդ նախարարությունը կլինի այն պաշտպանող միջավայրը, որը թույլ կտա ոստիկանությանը իրականացնել ապաքաղաքական գործունեություն»:

Դեռ նախարարության «գծագրման» փուլից շրջանառվում էին ապագա նախարարի հավանական թեկնածուների անուններ: Այս համատեքստում ամենաշատը շրջանառվել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի անունը: Ինքը՝ Փամբուխչյանը, մշտապես խուսափել է այդ հարցից.

«Նման քննարկումներ չեն եղել, վաղ է այդ մասին խոսելը։ Վարչապետի լիազորությունն է, ըստ այդմ՝ վարչապետը կորոշի»։

Մյուս փոփոխությունը, որը նախատեսվում է ուժային կառույցներում, նախատեսված է կառավարության 2021-2026թթ. ծրագրով։ Խոսքն առանձնացված արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին է: Այն դուրս կգա ԱԱԾ-ի համակարգից՝  դառնալով ինքնուրույն մարմին։

Նոր կառույցը գործելու է վարչապետի ենթակայության ներքո, ի տարբերություն ԱԱԾ-ում և Պաշտապանության նախարարությունում գործող համանման ստորաբաժանումների՝  չի համարվելու զինվորական ծառայություն ։

ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտը կշարունակի աշխատել ևս 3 տարի, որից հետո կդադադարի գործել և այդ գործառույթը ամբողջությամբ կիրականցնի նորաստեղծ ծառայությունը։ Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ։

Կարդացեք նաև

Back to top button