
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Մեկ տարի առաջ այս օրը տեղի ունեցած մահափորձի մասին դեռ տասնամյակներ կխոսվի, բայց ուզում եմ ամփոփել կատարավածն ու առաջ գնալ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Մահափորձից մեկ տարի անց էլ Հայրիկյանը համոզված է, որ իրական պատվիարտուները բացահայտված չեն: Ինչ վերաբերում է մահափորձն իրականացնողներին, ապա նրանք ԱԻՄ նախագահին այնքան էլ չեն հետաքրքրում: Հայրիկյանն այսօր ասել է, որ անգամ կողմ է նրանց ազատ արձակմանը։
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով 14 տարվա ազատազրկման դատապարտված Վարդան Սեդրակյանն օրերս ՔԿՀ-ից նամակ էր տարածել, որում իր քարոզարշավը ֆինանսավորած անձանց անուններ ու նաև այլ փաստեր էր նշել: Պարույր Հայրիկյանը Վարդան Սեդրակյանի նամակը չի կարդացել: Խոստովանությունն, ըստ էության, ուշացած է համարում: «Ես չեմ կարդացել: Կարդալու եմ այդ տիպի գրությունները այդպիսի մարդկանցից, երբ դրանք կլինեն գործի մեջ»:
Իսկ դատաքննության ժամանակ Վարդան Սեդրակյանն այդ ֆինանսավորման մասին ոչինչ չի ասել, մինչդեռ, ըստ Հայրիկյանի, իրական պատվիրատուներին բացահայտելու ամենահիմնական օղակը հենց դա էր: Ընդհանուր առմամբ՝ ԱԻՄ նախագահը կարծում է, որ նախաքննական մարմինն իր գործը պատշաճ է կատարել, բայց գործի համար կարևոր փաստեր բացահայտելու հարցում մինչև վերջ չի գնացել: Մասնավորապես, չի պարզաբանել դրամամատակարաման աղբյուրներն ու այդ աղբյուրների իրական շարժառիթները: Հիշեցնեմ, դատաքննության ժամանակ Պարույր Հայրիկյանը միջնորդություն էր ներկայացրեց, որպեսզի դատարանը ուսումնասիրի մահափորձից առաջ Վարդան Սեդրակյանի հաշվեհամարին հարյուր հազար դոլար փոխանցելու հարցը: Դատարանը միջորդությունը մերժել էր, արդյունքում՝ իրական պատվիարտուները բացահայտված չեն, ասում է։ «Այս մարդիկ ընդամենը պատվեր կատարող են, իսկ այդ դրամը փոխանցողներն ուղիղ կապ ունեն պատվիրատուների հետ»:
Մահափորձից ուղիղ մեկ տարի անց էլ Հայրիկյանը վստահ է. «Իմ վրա կրակել են որպես քաղաքական գործիչ, որպես ձեր անկախությունը նախապատրաստած մարդ»: Մեկ տարվա հեռվից ԱԻՄ նախագահը գիտի նաև , թե ինչով էր վտանգավոր: «Իր անցած ճանապարհով, իր սկզբունքայնությամբ և մանավանդ հարցադրումներով»:
Ամենացավալին Հայրիկյանի համար այն է, որ մահափորձից հետո շրջանառության մեջ դրվեց ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու վարկածը: Սա ԱԻՄ նախագահն ամենավիրավորական պահն է համարում, կարծում է, որ այդ վարկածները դատաքննությունն իրական ապացույցներից շեղելու նպատակ են հետապնդել:
Այդուհանդերձ, Հայրիկյանը դեմ չի լինի, եթե Վարդան Սեդրակյանն ազատության մեջ հայտնվի, ինչպես դեմ չի եղել դատաքննության ժամանակ: «Սպանության փորձն իրականացնող Վարդան Սեդրակյանը և մյուսներն ինձ չեն հետաքրքրում բոլորովին: Եթե Սեդրակյանը վաղը բանտից ազատվի, ես շատ ուրախ կլինեմ, որ նրա երեխաները որբ չեն մնա»:




