ԿարևորՏնտեսական

Ի՞նչ ներուժ է կուտակված յոթ տոկոս տնտեսական աճի համար

Մոտ 14 տոկոս տնտեսական աճ, ավելի քան 3․5 մլրդ դոլարին համարժեք դրամական փոխանցումներ, աննախադեպ թվով զբոսաշրջիկներ, երկնիշ գնաճ, դրամի ավելի քան 20 տոկոս արժևորում․ արդյունքում՝ Հայաստանի տնտեսությունն անցնող տարում աննախադեպ աճ գրանցեց։ Արդյունքներն այնքան գոհացուցիչ էին, որ Հայաստանի կառավարությունը 2023–ի համար 7 տոկոս տնտեսական աճ է մատնանշում։ Մինչդեռ աշխարհում տնտեսական աճի  միտումները դանդաղեցում են հուշում։ Կա՞ արդյոք այդքան ներուժ 7 տոկոս տնտեսական աճի համար։

Ռուս–ուկրաինական պատերազմ, պարենային ճգնաժամ, էներգակիրների բարձր գներ․ աշխարհում տնտեսական խնդիրները սրվում են։ Այս համատեքստում միջազգային հարթակներում տնտեսական աճի դանդաղեցում են կանխատեսում։ Համաշխարհային բանկի փորձագետները  կարծում են, որ  2022 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 7%, իսկ 2023-ին աճի տեմպը կդանդաղի, կազմելով 4.3%: Բայց սա միջազգային փորձագիտական դաշտում։ Հայաստանի կառավարությունը 2023–ի համար 7 տոկոս տնտեսական աճ է ակնկալում ։ Կա արդյո՞ք այդ ներուժը, որը հնարավորություն կտա պահպանել 7 տոկոս աճի տեմպը։ «Ռադիոլուր»–ի հետ զրուցում  տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը 2022–ի երկնիշ տնտեսական աճը արտառոց է համարում։ Նա ընդգծում է, որ աճն արտաքին գործոններով է պայմանավորված։ Ուստի 2023-ի համար կանխատեսումներ անելն այնքան էլ հեշտ չէ․

«Տնտեսական 7 տոկոս աճ է կանխատեսվում։ Այն ավելի շատ արտածին էր, մեր ներքին ներուժի արդյունավետությամբ չէր պայմանավորված, բայց 2023–ին պետք է ձգտել պահպանել ներուժը։ Օրինակ՝ կառավարությունը ՏՏ ոլորտին աջակցում է։ Սա նշանակում է, որ այս ոլորտի ձեռնարկությունները կունենան անվտանգության բարձիկներ, որպեսզի 2023–ին իրենց գործունեությունը շարունակեն»։ 

2022–ին ավելի քան 20 տոկոսով դրամի արժևորման  պայմաններում ամենաշատը տուժեցին արտահանողները։ Նրանց, սակայն, աջակցություն ըստ էության չտրվեց։ Տնտեսագետն արձանագրում է՝ իհարկե ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված արտահանող ընկերությունների մի մասը փոխանցեց պայմանագրերը,  առևտուրը կատարելով ոչ թե դոլարով, այլ ռուբլով։ Այսպես նրանց մի մասը կարողացավ մի փոքր զերծ մնալ կտրուկ տատանումներից․

«Բայց մենք գիտենք, որ մեր արտահանման 60 տոկոսից ավելին դոլարով է կատարվում, հետևաբար լուրջ խնդիրներ ունեն նրանք։ Բայց ես ուզում եմ ասել՝ տնտեսական ցնցումները՝ ցնցումներ, բայց բիզնեսը պետք է կարողանա ճկուն լինել ու ցանկացած պահին արձագանքել»։

Խորհրդարանական տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է, որ Հայաստանի տնտեսությունը 2022–ին ներուժ կուտակել է և կարող է 7 տոկոս տնտեսական աճ ապահովել

«Հենց մեկը կապիտալ ծախսերի հաշվին է, որոնք կատարվել են 2022–ին։ Այն ծախսերը, որոնք կատարվելու են 2023–ին, նաև՝ այն ներհոսքի, որոնք այսօր ունենք՝ կապիտալի ու մարդկային։ Միանշանանակ, նրանք նպաստում են տնտեսական աճին։ Ամեն ինչ պետք է անենք, որ  նրանք մնան»։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նույնպես ընդգծում է, որ կապիտալ ծախսերը շարունակաբար կմեծանան բյուջեի ընդհանուր ծախսերի մեջ, հասնելով մինչև 7 տոկոսի։ Նա 2023–ի համար մոտ 6 տոկոս է ակնկալում։

«Բացի նրանից, որ մեր բազմաթիվ  գործընկերներ մտահոգված են կապիտալ ծախսերի թերակատարմամբ, մեզ համար կարևոր է, որ մեր հայտարարած ծրագրերը ժամանակին կատարվեն»։ 

Կապիտալ ծախսերի մեծ մասն ուղղվում է ճանապարհաշինարարությանը, հիշեցնում է տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանն ու նկատում ՝ պետք  է կապիտալ ծախսերի  կառուցվածքը  վերանայել։

«Ճանապարհն ասֆալտում են, որը հետո եկամուտ բերում է, բայց դա երկարաժամկետում է բերում ու հատուցման տեսանկյունից շատ քիչ են, ուստի տնտեսական աճի գրավական չէ»։

Իսկ Ֆինանսների նախարանը ընդգծում է՝ աճը կապահովեն շինարարության, ծառայությունների, արդյունաբերության ոլորտների հաշվին։ 2023–ին գյուղատնտեսության համար 3 տոկոս աճ է կանխատեսվում, բայց սա այն ոլորտն է, որը շարունակաբար անկում է արձանագրում։

«Հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են տնկվել, կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում այս ուղղությամբ, ինչպես նաև տնտեսության արտադրողականության բարձրացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այս հիմնարար փոփոխությունների հետևանքով կարողացել ենք ստեղծել որոշակի բազա ու այս բազայի վրա կառուցել մեր նախատեսած աճը»։

Այն, որ գյուղատնտեսության ոլորտ մեծ ռեսուրսներ են ուղղվում, փաստում է նաև տնտեսագետ Ջուլիետա Թադևոսյանը։ Բայց և նկատում է․

«Գյուղատնտեսության ոլորտը չի շնչում։ Հանուն արդարության ասենք, որ որոշակի քայլեր արվում են, բայց անընդհատ անկում է գրանցվում։ Սա նշանակում է, որ քայլերը հասցեական ու թիրախավորված չեն։ Միգուցե գումարները տրամադրվում են, բայց կորչում են։ Փաստ է, որ գումարները տրվում են, բայց ոլորտը անկում է գրանցում։Սա շատ մտահոգիչ է»։ 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ինքն էլ է փաստում ՝ 2022–ի բարձր տնտեսական աճը պայմանավորված է ՌԴ–ից եկած մասնագետների ներհոսքով, բայց դա չի նշանակում, որ եթե նրանք չլինեին, նախանշված 7 տոկոս աճը ապահովել չէր լինի․

«Մենք պետք է նաև ներհոսքի հնարավորությունները դիտարկենք․ ինչու՞ տեղի ունեցավ, քանի որ մենք որոշակի ենթակառուցվածքներ ու հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի նման մարդիկ գան ու կարճաժամկետ կամ երկարաժամկետ գան ու ապրեն Հայաստանում»։  

ԵԶԲ փորձագետներն իրենց կանխատեսումներում գրեթե չեն կիսում հայաստանյան պատասխանատուների լավատեսությունը։ Նրանք հորդորում են էյֆորիայի մեջ չընկնել և հիշեցնում են, որ 2023–ին տնտեսական աճի դանղաղեցում է կանխատեսվում ամբողջ աշխարհում։ Հայաստանյան փորձագիտական դաշտում կիսում են այս կարծիքը, հիշեցնելով, որ անորոշությունը դեռ պահպանվում է։ Փորձագետներն զգուշացնում են, որ եթե իրավիճակը փոխվի, խնդիրներն ակնհայտ են դառնալու։ Դժվար է լինելու տնտեսական աճի տեմպը պահելը։ 

Կարդացեք նաև

Back to top button