
Պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ամփոփել է այն ոլորտների առաջիկա ծրագրերը, որոնք ինքն է համակարգում: Լրագրողների հետ հանդիպմանը Ավինյանը տեղեկացրել է, որ ամենածավալուն ծրագրերը կատարվում են շինարարության և բարեկարգման ոլորտում։ Վերանորոգվում են թե՛ շենք շինությունները, թե՛ փողոցները։ Երևանի փոխքաղաքապետը նաև մանրամասներ է ներկայացրել 2023-ին գործարկվելիք միասնական տրանսպորտային և տոմսային համակարգի մասին։
Երևանում ամենածավալուն ծրագրերը իրագործվում են շինարարության և բարեկարգման ոլորտում։ Ամփոփելով անցնող տարին՝ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ամենակարևոր ոլորտներ, առանձնացնում է մանկապարտեզներն ու պոլիկլինիկաները։
«Հիմնանորոգման փուլում են երկու պոլիկլինիկաներ՝ Ավանում և Նորք-Մարաշում, ինչպես նաև Երևանի 22 մանկապարտեզների շենքեր, ևս 2 մանկապարտեզի նորոգման աշխատանքներ ավարտվել են տարվա ընթացքում, մեկ մանկապարտեզի նորոգման հարցն էլ գտնվում է մրցութային փուլում: Ծրագրի հաջորդ ընթացքը թույլ է տվել մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքները. նախատեսվում է իրականացնել 34 մանկապարտեզների և 6 պոլիկլինիկաների կապիտալ նորոգում։ Եվս 35 մանկապարտեզներում կիրականացվի էներգաարդյունավետության բարձրացման ծրագիր»։
Փոխքաղաքապետն ասում է, որ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մշակութային կենտրոնների բարեկարգմանն ու վերազինմանը։ Տարին հարուստ է եղել նաև փողոցների և ստորգետնյա անցումների վերանորոգման առումով։
«Լամբադա հանգույցի ստորգետնյա անցման հիմնանորոգումն արդեն ավարտվել է։ Փակ շուկայի տարածքում գետնանցումի վերանորոգման աշխատանքները շարունակվում են, 2023 թվականին նախատեսվում է սկսել Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան փողոցների խաչմերուկի գետնանցումի վերանորոգումը»։
Տիգրան Ավինյանի խոսքով, Երևանի փողոցների վերանորոգման համար մշակվել է համալիր նախագիծ, որն ընդգրկում է 12 վարչական շրջան և մոտ 200 կմ ճանապարհ։ 2023 թվականին նախատեսվում է սկսել Մանկական երկաթուղի տանող երկու թունելների հիմնանորոգումը։ Բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Երևանի այգիներում, բակային տարածքներում։ Ավինյանը վստահեցնում է, որ զգալիորեն բարելավվել է նաև ապաստարանների վիճակը։
«Քանի որ անգամ պատերազմի և անվտանգության ոլորտի խնդիրների առկայության պայմաններում կյանքը պետք է շարունակվի։ Այս մեկ տարում իրականացվել է ապաստարանների մաքրման մեծածավալ աշխատանք, սակայն խնդիրը լիովին լուծված չէ»։
Փոխքաղաքապետը հայտնեց, որ գալիք տարի ավագանին գովազդի նոր չափորոշիչներ է քննարկելու, որոնք ոչ միայն քաղաքի տեսքը պետք է բարելավեն, այլև վերացնեն իր խոսքով՝ «տեսողական համատարած աղմուկը»։
Ինչ վերաբերում է երևանցիներին ամենաշատը անհանգստացնող տրանսպորտային խնդրին ու տոմսային միանական համակարգին, փոխքաղաքապետը հայտնեց, որ նախկինում տրված խոստումների վերաբերյալ հարցերի հասցեատերն ինքը չէ, բայց նաև հավաստիացրեց, որ երկու տարվա ընթացքում Երևանում կգործի գրեթե ամբողջությամբ նոր տրանսպորտային համակարգ։
«Տրանսպորտի բարեփոխումները չեն ենթադրում միայն ավտոբուսների գնում։ Այո, դա շատ կարևոր բաղադրիչ է, բայց բարեփոխումները ենթադրում են նաև տոմսերի միասնական համակարգ, հարմար կանգառներ և կայանատեղեր, երթուղիների չվացուցակներ։ Ինչ-որ փուլում նախատեսվում է նաև ավտոբուսների համար առանձին երթևեկության գոտի հատկացնել, «որը էապես կփոխի Երևանի ճանապարհների ճարտարապետությունը»։
Ավինյանը հայտնեց, որ միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթում արդեն հաղթող կա, և 2023 թ, ամենայն հավանականությամբ, համակարգը կներդրվի։ Նա նաև հավաստիացրեց, որ երկու տարվա ընթացքում մայրաքաղաքի տրանսպորտի բարեփոխումը կավարտվի 90 տոկոսով։




