
Սուր հոտառություն, արագ որոշումներ, հստակ գործողություններ ու նվիրվածություն։ Մեր պատմությունը Ջեքի մասին է։ Նրա հետ ծանոթացանք Սուրմալուի պայթյունից հետո։ Շուրջ 10 օր ծառայակիցների հետ ծանր աշխատանքների ամենաթեժ կետում էր։ Պարզվեց՝ ոչ միայն որոնողափրկարարական աշխատանքներն է առաջնորդում, այլև լիդեր է ԱԻՆ–ի շնաբուծարանում։ Վարժեցնողներն ասում են՝ նրա հերոսությունների մասին դեռ երկար կհիշեն։ Իսկ մենք նրան արդեն այսօր ենք հիշում։
Ցանկացած ահազանգ նրա համար ընդամենը նոր արկած է, խրախուսվելու հերթական առիթ։ Իսկ առաքելությունը ամենակարևորներից է՝ փնտրել, գտնել և փրկել։
Ջեքը երբեք անտեղի չի հաչում․ հաղորդում է միայն, երբ առաջադրանքը կատարված է։ Ջեքին շատերը կհիշեն Սուրմալուի պայթյունից․ որոնողափրկարարական աշխատանքներին էր մասնակցում։ Շուրջ 10 օր ծառայակիցների հետ ծանր աշխատանքների ամենաթեժ կետում էր։ Չէր հանձնվում։ Հրաման ուներ գտնել մարդկանց րոպե չէ, վայրկյան առաջ՝ պատմում է ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների կենտրոնի հետախույզ, կինոլոգիական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Էդգար Գալոյանը։
«Ջեքը ֆիքսեց հետքեր, մենք սկսեցինք քանդել, Կարմիր խաչից մեզ մոտեցան, ասացին՝ այդտեղից դի են դուրս բերել։ Շները այդ հոտն էին զգացել, բայց մենք քանդեցինք մինչև վերջ, որ համոզվենք»։

Այս շները վարժեցված են՝ գտնելու ողջ մարդկանց։ Ջեքը ԱԻՆ-ի փրկարար շներից միակն է, որ կարող է գտնել թե՛ ողջերի, թե՛ մահացածների։ Երկրորդ առանձնահատկությունն էլ ունի՝ այն եզակի փրկարար շներից է, որ վարժեցնողի հետ աշխատում է ոչ միայն ձայներով, այլև՝ ժեստերով։
«Եթե գտնում է ողջ մարդ, սկում է քանդել, փորել, փորձել տուժածին դուրս բերել»։
Այս շներն ի ծնե փրկարարներ են։ Ագրեսիա բոլորովին չունեն, իսկ եթե նույնիսկ ժամանակ առ ժամանակ դրսևորվում է, կինոլոգները դեռ փոքր հասակից են այն չեզոքացնում։ Արտահայտությունը, թե շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ բաց մի թող, բոլորովին այլ իմաստ է ստանում Ջեքի հետ՝ պատմում է ՀՀ ԱԻՆ–ի Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ , կինոլոգիական ջոկատի կինոլոգ Հայկ Մնացականյանը.
«Շան հետ ընկերություն արա, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր, որ խաղաս հետը։ Մեր ծառայության վարժանքների հիմքում խաղն է։ Շատ քիչ շներ կան, որ նաև կերային խրախուսում են ստանում։ Հիմնականում խաղն ենք զարգացնում ու ստացվում է, որ իրական դեպքն էլ իր համար խաղ է դառնում»։
Արևելաեվրոպական հովվաշունը ԱԻՆ կինոլոգիական ջոկատում ծառայում է արդեն 7 տարի։ Հոր արժանի ժառանգորդն է՝ ասում է հրամանատար Էդգար Գալոյանը։

«Հայրն էլ է մեր փրկարարներից եղել, անունը դարձյալ Ջեք էր։ Նրանից հետո ձագին վարժեցրին որպես գենետիկորեն լավ շուն։ Ասեմ, որ հորից ավելի լավ է ծառայում, թե հոտառությամբ է գերազանցում, թե ծառայողական հմտություններով»։
Փրկարար շուն չեն դառնում, փրկարար ծնվում են։ Ջեքը նրանցից մեկն է՝ ասում է կինոլոգ Հայկ Մնացականյանը։
«Իր հետ շատ հեշտ է եղել, ընդունակությունները առհասարակ ժառանգական են։ Մեր գործի մեջ կեսը կինոլոգն է, կեսը՝ գենետիկան։ Լավ շուն ստանալու համար այդ երկու նախապայմանն է անհրաժեշտ։ Աշխատել և զարգացնել նրա գենետիկական ունակությունները՝ մեր ուզած ուղղությամբ տանելու համար։
Ջեքին փրկարար շներն էլ են որպես լիդեր ընդունում։ Տարի՞քն է պատճառը, թե՞ հմտությունները՝ վարժեցնողները հստակ չգիտեն։ Նրան բոլորն են սիրում, կացարանն էլ առաջինն է շնաբուծարանում։
«6-8 ամսականից վարժեցնում ենք՝ նստիր, կանգնիր, ինձ մոտ հրահանգներն ենք սովորեցնում, 3 ամիս հետո շունը տիրապետում է իր հմտություններին։ Ամեն օր վարժանքներ ենք անցկացնում, թաքնվում ենք, փորձում են գտնել»։
Արտակարգ իրավիճակներում հնարավոր է ամեն բան․ փրկարարը սա ընկալել է իր բոլոր զգայարաններով։ Ջեքին յուրահատուկ է դարձնում նաև այն, որ ենթարկվում է ոչ միայն իր հրամանատարի հրահանգներին։ Բայց երբ տարածքում իր վարժեցնողն է, տեսնում, լսում և ենթարկվում է միայն նրան։ ԱԻՆ կինոլոգ Օնիկ Վարդանյանը Ջեքի առաջին առաջադրանքն այսօրվա պես հիշում է։
«Սա այն մեքենան է, որով մենք շտապում ենք կանչերին: Առաջին կանչը 3 տարի առաջ էր՝ Չարենցավանում, երբ մեկնեցինք, ու փլատակների տակից նա գտավ դիակին»։
Ինչպես իր գործի ցանկացած մասնագետ, այս շներն էլ աշխատանքային տարիք ունեն։ Վարժեցվում են շատ վաղ հասակից՝ 3 ամսականից։ 1,5-2 տարեկանում արդեն կարող են հրամաններ կատարել, 7 տարեկանից հետո արդեն թոշակի են գնում։ Ժամանակին կյանքեր փրկած չորքոտանի բարեկամները շուտով իրենք օգնության կարիք կունենան։ Ջեքն արդեն 7 տարեկան է, բայց թոշակի գնալու մասին դեռ չի մտածում։ Իհարկե բարդ առաջադրանքների դեպքում կփորձեն Ջեքին այլևս չծանրաբեռնել։ Նա արդեն բավականաչափ ծառայել է ԱԻՆ–ում։ Ժառանգաբար ստացած լիդերի իր տիտղոսը շուտով կփոխանցվի որդուն։ Հարևան կացարանում՝ որպես վաղվա փրկարար, Ռիչիին արդեն վարժեցնում են։




