
«Anoxybacillus karvacharensis»․ էքստերմոֆիլ մանրէների աշխարհում Արցախի մասին արդեն ավելի շատ բան գիտեն։ Տեղեկությունները լրացրել են նոր մանրէի անվանումը գրանցելիս։ Ծննդավայր Քարվաճառը անվան մեջ ամրագրելու հայկական փորձը միջազգային հարթակներում դիմադրության է արժանացել, բայց՝ պսակվել հաջողությամբ։ Մեր հաջորդ հերոսը գիտաՄարդ է․նա իր թիմով 11 տարի հետազոտել ու աշխարհին ապացուցել է, որ Քարվաճառի երկրաջերմային տաք աղբյուրներից առանձնացված մանրէն նոր տեսակի նոր ներկայացուցիչ է։
Ծննդավայրը՝ Քարվաճառ, միջավայրը՝ 70 ºC և բարձր, բնույթը՝ ջերմակայուն և ակտիվ։ Արտադրում են արժեքավոր ֆերմենտներ, հեռանկարային են հատկապես կենսատեխնոլոգիայում կիրառության տեսանկյունից: Նրանց ծնունդը ֆիքսելու համար ավելի քան 10 տարի փորձեր ու հետազոտություններ են արվել։



«Մանրէն ուսումնասիրվել է ժամանակակից ամենատարբեր ընդունված մեթոդներով՝ մինչև նրա գենոմի սեկվենավորում, մոլեկուլային տարբեր մակարդակներով հետազոտություններ։ Բոլոր հետազոտությունների արդյունքում, համեմատելով ներկայումս առկա այլ մանրէների հետ, մեզ հաջողվեց ապացուցել նրա նոր տեսակ լինել։ Սա իսկապես լուրջ ներդրում է մանրէաբանության մեջ»։
Մանրէաբանության մեջ հայկական լուրջ ներդրման մասին «Ռադիոլուրին» ապրիլին պատմել էր ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը։ Գիտության մեջ անցկացրած ավելի քան 20 տարիների ուղիղ կեսը տրամադրել է Քարվաճառի երկրաջերմային տաք աղբյուրներում առկա մանրէներն ուսումնասիրելուն։

Առանձնացրել են նոր մանրէ, հիմնավորել դրա բացառիկությունը, ապացուցել, որ միանգամայն նոր տեսակի ներկայացուցիչ է։ Արցախյան երկրաջերմային աղբյուրներից հայտնաբերված մանրէն պետք է արցախյան անվանում ունենար։ Հենց այդպես էլ կոչվեց՝ «Anoxybacillus karvacharensis»։ Անվան գրանցումը միջազգային հարթակներում դիմադրության արժանացավ, բայց հարցը լուծվեց հայկական կողմի հաղթանակով։ Մանրէի անվան մեջ Քարվաճառը հիշատակելը հեշտ չէր՝ պատմում է մոլեկուլային մանրէաբանության լաբորատորիայի ղեկավարը։
«Մեր հոդվածում հստակ նշել ենք, որտեղ ենք մանրէն անջատել՝ Արցախի Հանրապետություն, Շահումյանի շրջան, Քարվաճառի երկրաջերմային աղբյուր։ Բոլորը հոդվածում նշված է, ընդունված, միջազգայնորեն վավերացված։ Մենք այս մանրէին տվեցինք հայկական անվանում՝ «Anoxybacillus karvacharensis»։ Մանրէաբանության մեջ ես չեմ հանդիպել մեկ այլ տարբերակ, որտեղ հայկական տեղանունով մանրէն մտել է միջազգային գիտական հանրույթին հասանելի տեղեկատվական բազա։ Թշնամին երևի արդեն ջղաձգվում է, բայց, ինչպես ասում են, դա իրենց խնդիրն է։ Առաջարկ եղավ ուղղակի անվանումը փոփոխել, սակայն մենք պնդեցինք, որ այդ մանրէն մեկուսացվել է այն տարածքից, որը եղել է Արցախի Հանրապետություն»։

Հովիկ Փանոսյանն անգիր գիտի, թե Հայաստանի որ հատվածում երկրաջերմային ինչ հատվածներ կան, ինչ մանրէներ են այդ վայրերում բազմանում։ Սա մասնագիտական է ու կարևոր։ Նույնքան կարևոր է գիտակցել գիտության մարդու առաքելությունը։
«Երբ մենք ասում ենք գիտնական, նկատի ենք ունենում մարդու, որը պետք է բազմակողմանի զարգացած լինի։ Այս առումով գիտնականի կերպարը պետք է տարբերվի մյուս մասնագիտությունների մարդկանցից։ Բոլորովին չի նշանակում, որ մյուս մասնագիտությունների տեր մարդիկ չեն կարող բազմակողմանի զարգացած լինել, բայց գիտնականի առաքելությունն է այդպես»։
Հովիկ Փանոսյանի համար ամենադժվարը երազանքների մասին խոսելն է։ Գիտության մարդը չի կարող կտրված լինել աշխարհից, քաղաքականությունից ու մշակույթից՝ ասում է գիտնականը։ Ապացույցը դարձյալ «Anoxybacillus karvacharensis»–ն է։

«Մասնագիտական տեսանկյունից, եթե նայենք, յուրաքանչյուր գիտնականի երազանքն է իրագործել իր առջև դրված խնդիրները։ Գիտնականն այն մարդն է, որը, երևի թե, ընդունում է, կամ լիովին հասկացել է , որ մարդու առաքելությունը աշխատանքն է։ Եվ գիտնականն է, որ պիտի իր երազանքի մեջ ունենա այդ աշխատանքը իրացնելու հնարավորություն։ Ես այդպես եմ պատկերացնում»։
Զրուցակիցս ասում է, որ իրենց հետազոտությամբ Հայաստանը ոլորտի գիտնականների համար աշխարհում մի քայլ ավելի ճանաչելի է դարձել։ Կա նաև դրա գիտական «հետևանքը»․ 2024թ․ սեպտեմբերին Երևանում կկայանա էքստրեմոֆիլ մանրէների 14–րդ միջազգային կոնգրեսը։ Ավելի քան 80 երկրի գիտնական կհյուրընկալվի Հայաստանում։




