
Առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման և էլեկտրոնային առողջապահության համակարգի բարելավման ուղղությամբ 2022 թվականին իրականացված աշխատանքներն է ներկայացրել առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Նա հայտնել է, որ մեծ ուշադրություն է դարձվում թե շենքային պայմանների բարելավմանը, թե բուժօգնության որակի բարձրացմանն ու ծառայությունների ընդլայնմանը։
2022-ին ներդրվել է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկի համակարգը, գործարկվել է հիվանդությունների վերահսկման 3 ռեգիստր՝ շաքարային դիաբետ, քաղցկեղ, հոգեբուժական: Առաջիկայում պոլիկլինիկաներում վերանայվելու են նաև աշխատանքային ժամերը:
Բժիշկի մոտ հերթագրվելու համար այլևս պոլիկլինիկա գնալու կամ բժիշկին զանգելու կարիք չկա։ Համապատասխան բջջային հավելվածում ձեր հերթագրումը կկատարվի վայրկյանների ընթացքում։ Տեղեկատվական թվային բազան պացիենտներին հուշում է նաև ճիշտ քայլերի հերթականությունը՝ խնայելով նյարդերն ու ժամանակը։ Համակարգն արդեն հասանելի է Երևանի բոլոր պոլիկլինիկաների համար, հավաստիացնում է առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը։ Անաշխատունակության թերթիկը ևս կբացվի ու կփակվի էլեկտրոնային հարթակում, նույն եղանակով էլ կփոխանցվի գործատուին․
«Գործատուն տեսնում է, որ այս օրից այն օրը իր աշխատողը հիվանդացել է, արդեն թերթիկը փակ է, աշխատավարձային հաշվարկներն արագ, առցանց ստացվում են, և գումարը փոխանցվում է գործատուի կողմից աշխատողին»։
Նաև հերթագրման հնարավորություններն են ընդլայնվել։ Եթե մինչև հիմա կարելի էր հերթագրվել միայն թերապևտի կամ ընտանեկան բժիշկի մոտ, այսուհետ հնարավոր է նաև երեխաներին հերթագրել մանկաբույժի մոտ։
«Այս պահին աշխատանք է տարվում, որ ցանկացած, անգամ գյուղական ամբուլատորիայում ներդրվի հերթագրում, նաև հավելվածն է թարմացվում, և հաշվի առնելով, որ հուլիսի մեկից բոլոր վճարումները կատարվում են անկանխիկ, հավելվածի միջոցով արդեն իսկ կարող ենք ներբեռնել բանկային քարտը և վճարում կատարել հենց հավելվածի միջոցով«։
Համակարգի կարևոր նորարարություններից է նաև էլեկտրոնային դեղատոմսը, որը ևս հասանելի է պացիենտի անձնական էջում: Դա նույն «Արմեդ» հավելվածն է, որում հասանելի էին Քովիդի թեստերի պատասխանները և պատվաստումների մասին տեղեկությունները։ Հիվանդի առողջության, այցելությունների և արդյունքների մասին պատմությունը կարևոր է նաև բուժող բժիշկի համար։ Ի վերջո, էլեկտրոնային առողջապահության համակարգը առողջության էլեկտրոնային քարտն է, որը ներառում է անձի առողջության մասին ամբողջական տվյալներ:
«էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը ասում է, որ նախատեսվում է նոր կարգավորումներ ավելացնել հավելվածում
«Նաև հնարավորություն է այժմ ավելացվում, որ քաղաքացին կարողանա վերահսկել բջջային հավելվածը, թե ով է մուտք գործել իր անձնական տվյալների բաժին, քաղաքացին կարողանալու է անջատել այդ բուժ հիմնարկին կամ բժիշկին։ Դեռևս նոր է գործարկվելու, մենք դեռ նախարարության հետ տարբերակներ ենք քննարկում»։
Բուժառուների առաջարկով պոլիկլինիկաներում ավելացվելու են աշխատանքային ժամերը: Եթե ներկայում այդ բուժհաստատություններն աշխատում են 9 ժամ, ապա նո գրաֆիկով նախատեսվում է աշխատանքային ժամերը դարձնել 8-ից մինչև 19-ը։ Նաև 30 տոկոս աշխատավարձերի բարձրացում է նախատեսվում, բայց դա, ըստ փոխնախարարի, ոչ թե պասիվ աշխատավարձի բարձրացում է լինելու, այլ բարձրանալու է հստակ աշխատանքի դիմաց։




