
Հայաստանի ազգային կինոկենտրոնը օրերս ոլորտի պատասխանատուների ու ներկայացուցիչների հետ տարեվերջյան հանդիպում կազմակերպելով, կինոտրամադրությունները շոշափելու, մտքեր, կարծիքներ փոխանակելու արվածի և չարվածի մասին խոսելու հնարավորություն է տվել։
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը անցնող տարվա համահավաք նկարագիրը ներկայացնելով նշել է, որ «նոր ֆիլմերի ստեղծման ճանապարհին գրանցվել են հաջողություններ։ Վերջին տարիներին նկարահանվել են այնպիսի ֆիլմեր, որոնք միջազգային լավագույն փառատոներում, իսկապես, լուրջ հաջողություններ են ունեցել։ Ես գիտեմ, որ մենք շատ քիչ գումար ենք հատկացնում ֆիլմերին։ Վերջին երկու տարում կինոարտադրությանը տարեկան հատկացվել է 128 միլիոն դրամ, որը, բոլորս ենք հասկանում, որ չնչին գումար է»։
Նոր տարվա նախաշեմին Շուշանիկ Միրզախանյանը շնորհավորել է կինոգործիչներին՝ հայտնելով լավ ու սպասված լուրը, որ ՀՀ կառավարությունը 2023-ին ավելացրել է կինոարտադրությանը տրվող գումարները․ 128 մլիոն դրամի փոխարեն 2023 թվականին կհատկացվի 470 միլիոն, իսկ ֆիլմերի թվայնացման և վերականգնման համար տարիներ շարունակ տրվող 2,5 միլիոն դրամի փոխարեն պետբյուջեն տարեկան կտրամադրի 97 միլիոն։
«Հարգելի կինոգործիչներ, սիրով կսպասենք նոր ու հետաքրքիր կինոնախագծերի և հուսով ենք, որ դրանք կարձանագրեն նշանակալի հաջողություններ միջազգային կարևոր հարթակներում»,- հավելել է կինոկենտրոնի տնօրենը։




