ԿարևորՀասարակություն

2023-ին ջուրը կթանկանա, էլեկտաէներգիայի գինը չի փոխվի

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է էլեկտրաէներգիայի սակագները։ Մոտ մեկ ամիս առաջ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառել, որ դոլարի արժեզրկումով պայմանավորված՝ էլեկտրաէներգիան կէժանանա։ Բայց հանձնաժողովում հաշվարկել են ու պարզել, որ միայն դրամի ավելի քան  20 տոկոս արժևորումը բավարար չէ, որ սպառողներն ավելի քիչ վճարեն հոսանքի համար։ Ուստի գինն անփոփոխ կմնա։ Հունվարի 1–ից ջուրը Հայաստանում կթանկանա 8 դրամով։Կառավարությունը, սակայն, մեկ տարի այն կսուբսիդավորի։ Գազի սակագնի փոփոխության հարց այս պահին չի քննարկվում։

Փետրվարի 1-ից հոսանքը չի էժանանա, ինչպես ենթադրվում էր, բայց և չի թանկանա։ ՀԾԿՀ սեպտեմբերից սեփական նախաձեռնությամբ սկսել էր ուսումնասիրել էլկետրաէներգիայի սակագները։  Մոտ մեկ ամիս առաջ հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը չէր բացառում, որ էլեկտրական հոսանքը կարող է էժանանալ՝  դոլարի արժեզրկմամբ պայմանավորված։

Բայց հանձնաժողովում հաշվել են ու պարզել, որ միայն դրամի ավելի քան  20 տոկոս արժևորումը բավարար չէ, որ սպառողները ավելի քիչ վճարեն հոսանքի համար։ Ուստիհոսանքի գինն անփոփոխ կմնա։

Սոցիալապես անապահով ընտանիքների, այսինքն՝ բնակիչ-բաժանորդների շուրջ 11%-ի համար ցերեկային և գիշերային սակագները կմնան համապատասխանաբար 29.99 դրամ և 19.99 դրամ: Ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցողների (բնակիչ-բաժանորդների 55%-ը) համար սակագները բարձրացել էին 1.5 դրամով (ներառյալ ԱԱՀ-ն): Ցերեկային սակագինը 44.98 դրամի փոխարեն  դարձել է 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառողների  կամ բնակիչ-բաժանորդների 25%-ի  համար սակագները կավելանան 3.5 դրամով: Ցերեկային սակագինը 44.98 դրամի փոխարեն  48 դրամ է, գիշերայինը՝  34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Մնացած սպառողների համար հոսանքը թանկացել է 5.5 դրամ/կՎտժ-ով։   

Ինչու՞ չէժանացավ հոսանքը, ինչպես որ կանխատեսվում էր։ Պատճառները տարբեր են։ Ըստ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանի, գլխավորը ԲԷՑ-ի վարկային պարտավորություններն են.

«Կային թե դրական, թե բացասական գործոններ։ Այս բոլոր գործոնների արդյունքում սպառողի սակագինը մնում է  անփոփոխ։ Ունեինք սակագինը և նվազեցնող, և ավելացնող գործոններ։ Հայտարարվում էր, որ փոխարժեքի նվազումն ունենալու է դրական ազդեցություն, և այդպես էլ եղավ՝ հաշվի առնվեց։ Բայց ունենք նաև ավելացնող գործոններ։ Բայց դրանցից մեկը՝ հիմնականը կառավարության երաշխիքով վերցրած վարկային միջոցների մարման ծախսերը սակագնի մեջ  ներառելն է։ Հիմնականում խոսքը ԲԷՑ-ի մասին է»։

 Մեկ տարի առաջ հայտարարվեց, որ  կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մայր գումարների մարման և սպասարկման ծախսերն ավելացել են շուրջ 21.23 միլիարդ դրամով, այդ թվում ատոմակայանի համար ծախսն ավելացել է 15,23 միլիարդով, «Բարձրավոլտ էլեկտրացանցերի»  համար՝ 5,6  միլիարդ դրամով, այլ ընկերությունների համար՝ 0,4 միլիարդով:

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա 8 դրամով։ Բաժանորդների հիմնական մասը, բացառությամբ սոցիալապես  անապահովների, նոր տարին ջրի նոր սակագնով կդիմավորի։ Սակագնի թանկացման հայտը  «Վեոլիա ջուրը» դեռ օգոստոսին էր ներկայացրել, առաջարկելով  բարձրացնել ջրի  գինը։ Կառավարությունում հայտարարեցին, որ մեկ տարի ջրի գինը անփոփոխ կմնա․ կսուբսիդավորեն։

Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանն ընդգծում է՝ եթե պետությունը սուբսիդավորում է, միևնույնն է, փոխանցումը կրկին սպառողի գրպանից է։  Ջրի սակագնի վրա ազդող բազմաթիվ գործոններ կան, որոնց   ազդեցությունը մեծ է։

Բայց հիմնական երկու գործոն կա՝ վաճառված ջրի ծավալ և կորուստների նվազեցում.

«Կորուստները 81-ից 69 տոկոս նվազեցնելը համարում ենք նվաճում: Հիմնական կորուստը տեխնիկական է և կոմերցիոն: 21-րդ դարում 69 տոկոս ջրի կորուստը չի կարող բավարար լինել»։

Գազի սակագնի մասին․ 2022-ի ապրիլի 1-ից  գազն արդեն  թանկացել էր 4․7 դրամով։ Մինչ այդ հայտարարվում էր, որ Հայաստանում 10 տարի սահմանին գազի գինը կմնա նույնը։ Կառավարությունը փոփոխությունը բացատրեց գազի կալորիականության ճշգրտմամբ։ Հստակ է, որ կառավարությունը տասը տարի ավելի քան 10 մլն դոլար է  վճարելու «Գազպրոմ Արմենիա»-ին՝ գազի գինը չբարձրացնելու համար։ ՀԾԿՀ–ից «Ռադիոլուր»-ին փոխանցեցին՝ այս պահին սակագնի փոփոխության հարց չի քննարկվում։

Կարդացեք նաև

Back to top button