
Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի երկրորդ օրը կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Դեկտեմբերի սկզբին երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույց էին ունեցել։ Նախորդ անգամ հանդիպել էին դեկտեմբերի 9-ին Բիշքեկում՝ ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում, իսկ նոյեմբերի 23-ին Պուտինը Երևանում մասնակցում էր ՀԱՊԿ նիստին: Այս հանդիպման առանցքում Լաչինի միջանցքի արգելափակման և Արցախի շրջափակման հարցն է: Առավել ևս, որ Արցախում «կյանքի ճանապարհի» –ի ապաշրջափակման ակնկալիքը կապվում էր հենց սանկպետերբուրգյան հանդիպման հետ։
Փաշինյան-Պուտին հանդիպման մեկնարկին ՌԴ նախագահն արեց ուշագրավ հայտարարություն: Խոսելով Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին՝ ասաց , որ նախօրեին այս թեմաների շուրջ հաջողվել է նաև երեքով խոսել:
Թե ով էր երրորդը, չմանրամասնեց: Թեև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հստակեցրել էր՝ Սանկտ Պետերբուրգում Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ, ենթադրելի է, որ շփումներ, այնուամենայնիվ, եղել են:
Պուտինի հետ երկկողմ հանդիպման սկզբում Փաշինյանը համաձայնեց ՌԴ նախագահի այն դիտարկմանը, որ այս պահին գլխավոր, ամենաօպերատիվ հարցը Լաչինի միջանցքի ճգնաժամն է: Դարձյալ նշեց, որ այն Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է և հիշեցրեց նոյեմբերի 9-ի փաստաթղթով կողմերի պարտավորությունները, նաև՝ Ադրբեջանի, որ երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո չէ՝ ասաց Փաշինյանը՝ առաջարկելով քննարկել իրավիճակը ու հասկանալ, թե ինչպիսի տարբերակներ կան:
Արցախում խնդրի հանգուցալուծման ակնկալիքները կապվում էին հենց սանկտպետերբուրգյան հանդիպման հետ: Հայաստանից կողմից Լաչինի միջանցքի մոտ հավաքված քաղաքացիները՝ ռուս խաղաղապահների հետ բանակցություններից հետո պնդում են՝ խաղաղապահները նույնպես սպասում են «ամենաբարձր» որոշմանը: Կարելի է ենթադրել, որ խոսքը քաղաքական լուծման մասին է: Ռուս խաղաղապահների հետ հանդիպած ակտիվիստն է պատմում.
«Ճիշտն ասած, իր ազգանունը մենք չիմացանք, ինքն ասաց, որ կարևոր չէ, բայց ներկայացավ որպես ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարի տեղակալ: Տեղեկացրեցին մեզ, որ այս պահին քննարկումներ են գնում ամենաբարձր մակարդակով կոնկրետ այս հարցի հետ կապված և մեզ առաջարկեցին սպասել այդ պատասխանին, որովհետև իր խոսքով՝ այդ ղեկավարության ուղղակի մեկ հրամանը ամբողջապես լուծելու է այս հարցը վերջնականապես, ոչ թե մեկ անգամ բացեն, երկու անգամ փակեն տարբերակներով: Այսինքն՝ դրա մասով մեզ տեղեկացրեց, որ դա 1-2 ժամվա հարց չէ, դա օրեր է տևելու»:
Այս սպասումներին զուգահեռ պաշտոնական Երևանն ամենաբարձր պաշտոնյաներից մեկի մակարդակով հայտարարում է, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան, Լաչինի միջանցքի 20 օր շարունակվող արգելափակումն ու Արցախի շրջապատումը ավելի հեռուն գնացող ծրագրի մաս են: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում առաջին անգամ խոսեց ստեղծված ճգնաժամի լայն կոնտեքստի մասին:
«Այդ լայն կոնտեքստն, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանությամբ որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նույնպես փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է: Այսինքն՝ արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքում:
— Այս ճնշումը, որ կա Լաչինի միջանցքում, այս իրադարձությունները …
— Բնականաբար դրա մասին են այդ ամբողջ ճնշումները»:
Անվտանգության խորհրդի քարտուղարը նաև առաջին անգամ հաստատեց՝ վարկածի տեսքով մինչ այժմ շրջանառվող այն պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին անդամակցել միութենական պետությանը։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանը դիմադրում է ռազմավարական դաշնակցի այդ ցանկությանը և պատասխան է ստանում ռազմական ճնշումների ձևով։
Ուշագրավ է, որ միության երրորդ անդամի անհրաժեշտության մասին՝ ակնարկելով Հայաստանը, խոսել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը: Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստի շրջանակում խոսելով ինտեգրացիոն նախագծերի մասին՝ բելառուս դիվանագետն ասել էր, որ միութենական պետությունում պակասում է երրորդ երկիրը։ Արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում այս հարցը քննարկվել է Ռուսաստանի ու Բելառուսի ղեկավարների առանձնազրույցի ժամանակ, հայտնի չէ, բայց այդ հանդիպումից հետո Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկու պետությունների միջև մի քանի ժամում բոլոր հարցերը վերջնական համաձայնեցվել են:
Ի դեպ, Կրեմլն արդեն արձագանքել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություններին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսական ճնշումների մասին պնդումները սադրիչ է համարել։ «Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ռուս պաշտոնյաներից ոչ ոք դա չի ասել և որևէ մեկի միջոցով դա չի ներկայացրել հայկական կողմին»,- ասել է Պեսկովը։




