
«Տեղական տուրքի և վճարերի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հիման վրա Երևանի ավագանին մի շարք նոր տուրքեր է սահմանել տնտեսվարողների համար։ Ըստ այդմ՝ հանրային սննդի օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում հանրային սննդի ծառայություն մատուցելու թույլտվություն է նախատեսվել։ Յուրաքանչյուր քառակուսի մետրի համար 30 հազար դրամ տուրք կգանձվի։ Փոփոխություն է կատարվել նաև արտաքին գովազդ տեղադրելու հարցում։ Օրենքով արտաքին գովազդի տեղադրման համար՝ ըստ վարչական շրջանների, գոտիականություն սահմանված չէ, այսինքն` տուրքի նույն չափն է լինելու մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։
Երևանի ավագանին սահմանել է գույքի, առևտրի, գովազդի և տաքսի ծառայությունների տեղական տուրքերի չափերը: Ըստ այդմ՝ մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակելի տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հանրային և արտադրական շենքերի համար տեղական տուրքի չափը 2023 թ. կկազմի 105 000 դրամ։ Ավագանու որոշմամբ՝ առևտրային կետերում էլ հեղուկ վառելիքի կամ խտացված կամ հեղուկացված գազի վաճառքի թույլտվության տեղական տուրքը սահմանվել է 87 500 դրամ, իսկ ավտոլցակայաններում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ 600 000 դրամ։
Փոփոխվել է նաև տաքսի ծառայությունների թույլատրման արժեքը։ Ըստ այդմ՝ ամեն մեքենայի համար տուրքը տարեկան կկազմի 10 000 դրամ։ Սահմանվել է տուրք նաև հանրային սննդի ծառայությունների կազմակերպման լրացուցիչ տարածքի օգտագործման համար։ Ավագանու որոշմամբ՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց կգանձվի 30 հազար դրամ։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը հայտնեց, որ այս նոր փոփոխությամբ փորձելու են հնարավորինս կարգավորել և վերահսկել այս ոլորտը։
«Օրենքը նոր է փոխվել, և այդ հարակից տարածքների տեղական տուրքը նոր է։ Եթե մենք տուրք է ենք սահմանում, նաև պետք է վերահսկենք, արդյոք տնտեսվարողը կարող է լրացուցիչ սեղան կամ աթոռ տեղադրել»։
Հաշվի առնելով, որ կենտրոնի բազմաթիվ փողոցներում հանրային սննդի կազմակերպությունները այսպես ասած՝ «զավթել» են մայթերը, ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց, թե արդյոք նախագծով իրավունք է տրվում սեղաններ դնել բոլոր մայթերին, փակելով քաղաքացիների ճանապարհը, թե՞ այնուամենայնիվ, որոշ նեղ փողոցների վրա դա չի տարածվելու։
«Ունե՞նք տարբերակում, փողոցներ, որոնք նեղ են, փողոցներ, որտեղ չի կարելի դնել։ Թե՞ ցանկացած վայրում, ցանկացած սրճարան և ռեստորան ունի այդ հնարավորությունը»։
Նույն խնդիրը նաև ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանին է մտահոգում։ Նա իր օրինակներն է բերում, որտեղ մայթերն անանցանելի են դարձել։ Ըստ նրա՝այս դեպքում էական չէ, թե որքան կբարձրացվեն տուրքերը, կարևոր է, որ առաջին հերթին ապահովվի քաղաքացիների ազատ անցուդարձի իրավունքը։
«Հենց հիմա Արամի փողոցում կարող ենք տեսնել՝ ինչպես է սրճարաններից մեկը մայթի վրա շինարարություն իրականացնում։ Ինձ համար մտահոգիչ է առհասարակ երևանցիների տեղաշարժը մայթերով, էլ չեմ ասում մանկասայլակներով մայրիկների մասին»։
Նախագծի մշակմանը նաև Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լուսինե Գևորգյանն է մասնակցել։ Նա հավաստիացնում է, որ այս որոշումը ոչ միայն լրացուցիչ մուտքեր կապահովի Երևանի բյուջե, այլև կնպաստի քաղաքի տեսքի բարելավմանը։
«Բոլոր սրճարանները, որոնք ունեն բացօթյա հատվածներ և աշխատում էին այդ ամիսներին, ինքնակամ ծածկում էին դրանք ինքնաշեն կառույցներով, ավելի աղճատելով քաղաքի ճարտարապետական տեսքը։ Այս նախագծով մենք սահմանված կարգ կունենանք, ըստ որի՝ բոլոր սրճարանները թույլտվություն կստանան աշխատել ձմեռային ամիսներին և սրճարանների տարածքը կփակեն նույնանման թեթև կառույցներով»։
Վերանայվել է նաև արտաքին գովազդի տուրքի չափը: Ալկոհոլային արտադրանքի արտաքին գովազդի տուրքը կկազմի 6 000-10 000 դրամ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար, այլ արտադրանքի գովազդի համար՝ 4 500 դրամ։ Ի դեպ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործելու են արտաքին գովազդի միասնական տուրքեր։
Ավագանու անդամ Վազգեն Մանուկյանն գովադի գների բարձրացմանը կողմ է, բայց սխալ է համարում բոլոր վարչական շրջաններում նույն արժեքը սահմանելը։ Նույն կարծիքին է նաև ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը։
«Չի կարող մի քանի հազար բնակիչ ունեցող վարչական շրջանում գովազդի գինը լինի նույնը, ինչ մի քանի տասնյակ հազար բնակիչ ունեցող վարչական շրջանում։ Չի կարող գովազդատուն վճարել 2 մլն դրամ և Նուբարաշենում տեղադրել գովազդ։ Բոլորը ձգտելու են դեպի կենտրոն, եթե գինը հավասարվի , և վարչական շրջաններում ստեղծվելու է դիսբալանս»։
Գովազի համար տուրքի չափը բարձրացնելուն ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ևս կողմ է, ավելին՝ նա կարծում է, որ քիչ է բարձրացվել։
«Թե գովազդի, թե վարձակալությամբ տրվող տարածքներում վճարի արժեքը պետք է բարձրացվի, տնտեսվարողներին կարող ենք մի փոքր էլ ցավեցնել, բայց ինչ վերաբերում է սրճարաններին, որ անընդհատ շեշտում ենք՝ երևանցու ճանապարհն է փակում, երևանցին այդ նույն սրճարանում նստում է, զբոսնում է, տնտեսվարողները ևս երևանցի են։ Չեմ հասկանում՝ ինչու եք միշտ փորձում տնտեսվարողներին ճմկտել»։
Արտաքին գովազդի արժեքի բարձրացմանը կողմ է նաև Լևոն Զաքարյանը։ Ի վերջո տնտեսվարողները պետք է հասկանան, որ Երևան քաղաքում գովազդի հնարավորություն ունենալը էժան հաճույք չէ, ասում է ավագանու անդամը։
Երկարատև քննարկումներից հետո ձայների 33 կողմ, 5 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց։




