ԿարևորՀասարակություն

Դբա Վանաձոր՝ Բու քշելու ու Բոգդանի արվեստանոցը տեսնելու․ Շիրակի և Լոռու զբոսաշրջային անհայտ ուղիները

People in Need կազմակերպությունը Շիրակի և Լոռու մարզերում իրականացրել է եռօրյա ճանաչողական այց՝ տուրիստական կազմակերպությունների, զբոսավարների և լրագրողների մասնակցությամբ։ Այցի նպատակն է զբոսավարներին ծանոթացնել Շիրակում և Լոռիում զբոսաշրջային քիչ հայտնի ուղիներին ու նոր կանգառներին։

Հնդկուհի օպերային երգչուհին՝ «Ջունգլիներում»

Խաչքարագործ վարպետ Բոգդանի արհեստանոցը Վանաձորի Ջունգլիներում է (թաղամասի անվանումն է)։ Մուտքի մոտ՝ դռան վրա, առաջին «նախազգուշացումն» է․ «Մտնելուց առաջ մտածիր, թե ում ես պետք դու»։ Իսկ արդեն ներսում Վարպետ Բոգդանը հարցնում է․ «Ի՞նչ եք ուզում, որ ես Ձեր մասին պատմեմ Ձեզ»։ Այդ հարցում վարպետին օգնում է այցելուների հետ խաչքարերի պատրաստման փորձառությունը։

«Ես միշտ քար եմ պահում էստեղ։ Տուրիստները, որ գալիս են, անընդհատ իրենց եմ տալիս, որ աշխատեն։ Աղջիկները էն րոպեին մեջ են ընկնում, սկսում են անել, տղաները հեռու քաշված են, մի քիչ վախում են»։

Վարպետ Բոգդանը պատմում է, թե ինչպես խաչքարագործ դարձավ։ Այսօրվա նման հիշում է փաստաթղթերն ընդունող քարտուղարուհուն։

«Նայեցի, ոնց որ քանդակ լիներ։Ասաց՝ ո՞ր բաժինն եք ուզում, ասեցի՝ քանդակի»։

Այն ժամանակ խաչքարագործներ գրեթե չկային։ Վարպետ Բոգդանը ինքնուրույն է պատրաստել առաջին խաչքարը։

«Իմ ընկեր Ալոյան Փափագն ասավ, թե Բոգդան Ադլերի համար մի հատ խաչքար է պետք, ոնց անենք, որ մի հատ սարքենք։Ասեցի՝ ես խաչքար արած չեմ, ասեց՝ բեր իրար հետ մի բան անենք, ձեն ձենի տանք, սարքենք։ Մի հատ քար առանք, բերինք, դրինք մեր դռանը, սկսեցինք գործ անել։ Ասեցի՝ մի երկու հոգու մոտ գնամ տեսնեմ՝ ոնց են խաչքար անում։ Էդ ժամանակ խաչքարագործ չկար,Կիրովականում մենակ Սերգեյն էր անում, նրան չէի ճանաչում։Մի քանդակագործ կար, գնացի, չուզեց գործ անի մոտս, որ չսվորեմ, ջղայնացած եկա ու սկսեցի գործ անել, առաջին խաչքարը էդպես սարքեցի», — պատմում է վարպետ Բոգդանը։

Վարպետ Բոգդանի արվեստանոցի մի անկյունում հայտնի սրբիչների պատն է։ Այստեղ կարելի կարդալ՝ աշակերտի սրբիչ, կապուտ արյուն ունեցողի սրբիչ, երիտասարդ աշակերտի սրբիչ, ցիցիկի սրբիչ և այլն։ Պատմում է նրա մշտական այցելուներից Լիլիթ Անտոնյանը․«Բոգդանի կողմից սարքված հյուրերի սրբիչների պատն է։ Տարբեր սրբիչներ կան․ գալիս ես այստեղ լվացվում, և դու ես որոշում, թե նրա որ հյուրն ես։ Օրինակ՝ սրան ձեռք չենք տալիս, որովհետև սա վարպետի սրբիչն է»։

Վարպետը բազմաթիվ հյուրեր է ունենում։ Պատմում է նրանցից մեկի մասին։ Ասում է՝ Անգլիայից էին եկել, բայց կինը հնդկուհի էր։ Երբ վարպետ Բոգդանը սկսում է հնդկական երգեր երգել, հնդկուհին էլ  որոշում է փոխադարձ համերգ կազմակերպել վարպետ Բոգդանի համար։ Ամուսնու հետ, որը նույնպես օպերային երգիչ է, սկսում են Վարպետի արվեստանոցում իսկական համերգային ծրագրով ներկայանալ։

Զանգ-հրեշտակները, Լին Թրեյսին և Գենտի պրոֆեսորի սովետական պահարանը

«Գոհար» բրենդը ստեղծվել է 2015թ-ին՝ Շիրակի մարզի Հացիկ գյուղում։ Գեղանկարիչ և խեցեգործ Գոհար Պետրոսյանն զբաղվում է խեցեղեն իրերի՝ տիկնիկների, սպասքի, ցուցանակների արտադրությամբ։ Դրանք ձեռքի աշխատանքներ են ու չեն կրկնում մեկը մյուսին։«Գոհար» բրենդը կայացման բարդ ուղի է անցել։ Անհրաժեշտ նյութերն ու սարքերը ձեռք բերելը հեշտ չի եղել։ Առաջին թրծման վառարանը Գոհարի տնտեսագետ հայրն է պատրաստել։ Գոհարը 12 տարեկան է եղել, երբ Գյումրիում կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը։ 14 նկար վաճառվեց՝ պատմում է Գոհարի ավագ քույրը՝ Հասմիկ Պետրոսյանը։ Նա նաև «Գոհար» բրենդի մենեջերն է ։

Արվեստանոցում կարելի է տեսնել նաև Մեծ Հայքի 15 գավառների տարազներով տիկնիկների։ Դրանք պատրաստելու համար Գոհարը հատուկ տարազի գիրք է գնել , խորհրդակցել է ազգագրագետների հետ, գրականություն է ուսումնասիրել։ Այժմ արվեստանոց այցելողներից շատերն այնտեղից հեռանում են իրենց նախնիների ծննդավայրը բնորոշող տիկնիկներով։

Գոհարի լսողության և խոսքի սահմանափակումները չեն խանգարում, որ նա խեցեգործությամբ հետաքրքրվողներին հյուրընկալի և վարպետաց դասեր անցկացնի։ Հյուրերի հետ հաղորդակցվում է կամ ավագ քրոջ կամ թուղթ ու գրիչի օգնությամբ։

2021-ի սեպտեմբերին Գոհար Պետրոսյանի արվեստանոց է այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Նախնական պայմանավորվածության համաձայն՝ իրենք այստեղ էին լինելու մոտ 45 րոպե, բայց ես, իհարկե, ասացի՝ դուք ավելի երկար կմնաք՝ փորձառությունն ի նկատի ունենալով։ Իրենք մնացին այստեղ 2,5 ժամ և բավականին դժվար գնացին այստեղից։ Թրեյսին ասում էր՝ ես չեմ կարող նկարել, ինձ մոտ չի ստացվի, ես իմ փորձը ասեցի, ամենաանտաղանդը ես եմ, Ձեզ մոտ հաստատ կստացվի, ու պատկերացրեք շատ հետաքրքիր նկար ստացվեց իր մոտ»։

Գոհարի գունազարդած խորհրդարին տարիների պահարանը Գենտի համալասարանի պրոֆեսորին ստիպել էր երկրորդ անգամ վերադառնալ Հացիկ ու այցելել արվեստանոց։

«Մի շատ հին, սովորական սովետական պահարան ունենք, որ Գոհարը նկարազարդել է։ Գենտի համլասարանից մի պրոֆեսոր էր մեզ հյուր եկել, որը խնդրեց Գոհարին, որ այդ պահարանը վաճառի։ Գոհարը հրաժարվեց։ Ասաց՝ ես չեմ վաճառում այդ պահարանը։ Հաջորդ տարին զանգ ստացանք, որ այդ տղան եկել էր իր ընտանիքով, հատուկ մեքենայով, որ Գոհարին համոզի և այդ պահարանը տանի, բայց, իհարկե, Գոհարը չտվեց»։

Գոհարի արվեստանոցում արդեն երեք տարի է ապրում և երգում է նրա թութակը։ Թռչնակին երգել սովորեցրել  է Գոհարի հայրը։ Նրա մահից հետո թութակը դադարել էր երգել, սակայն ավելի ուշ դարձյալ սկսել է։

Դբա Վանաձոր՝ Բու քշելու

Վանաձորում հայտնի «հարցեր լուծելու» վայրում՝ նախկին պիոներական պալատի լքված շենքի հարեւանությամբ, հոկտեմբերին բացվել է Հայաստանում առաջին հեծանվային պարկը։ 2016թ․-ին Էմմա Պետրոսյանը ընկերոջ հետ որոշում է լքել մայրաքաղաքը և տեղափոխվել անտառոտ վայր։ Այս դեպքում՝ Վանաձոր։ 2019թ․-ից սկսում են ակտիվորեն աշխատել Հայաստանում առաջին հեծանվային մարզահրապարակը կամ, ինչպես հեծանվասպորտի սիրահաներն են ասում,  առաջին փամփթրեքը ստեղծելու ուղղությամբ։  Այդպես 2021-ի հոկտեմբերին ստեղծվեց Boo Mountain Park-ը։

Mountain biking-ը կամ արտաճանապարհային հեծանվասպորտը Հայաստանում նոր զարգացող ուղղություն է, հետևաբար ծառայություններն այստեղ դեռ էժան են։ Boo Mountain Park-ը ենթակառուվածքներ, այս դեպքում՝ հեծանվային արահետներ է ստեղծում։ Շուկայում բացերը շատ են, հեծանվային ուղեկցորդների, հեծանիվի խանութների, պահեստամասերի պակաս կա։

Կարդացեք նաև

Back to top button