
Դեկտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է արցախյան 44-օրա պատերազմում հաշմանդամություն ստացած սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, որը Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ ու աջակցությամբ մեկնել էր Կանադա` ստանալու անհրաժեշտ բուժումն ու վերջույթների պրոթեզավորումը։

Հանդիպմանը ներկա է եղել Արագածոտնի թեմի թեմական խորհրդի ատենապետ Գրիգոր Մովսիսյանը։ Տիար Մովսիսյանը Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է Արթուր Հովհաննիսյանի բուժման ու պրոթեզավորման բարեհաջող ընթացքի մասին՝ շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը հայրական խնամքի և հոգածության համար։

Ամենայն Հայրոց Հայրապետը, իր օրհնությունը բերելով հայրենյաց պաշտպանին, գոհունակությամբ արձանագրել է, որ վերջինս, ստանալով անհրաժեշտ խնամքն ու բուժումը, կկարողանա լիրաժեքորեն վերադառնալ կյանքի բնականոն ընթացքին և իր նվիրյալ ծառայությունը բերել հայրենիքին։

Հանդիպմանն Արթուր Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորին Սրբությանը և թեմակալ առաջնորդներին իր բուժումն ու ապաքինումը Կանադայում կազմակերպելու և հոգատար վերաբերմունքի համար:




