
Արցախի Հանարապետության տարածքում գործող Կաշենի և Դրմբոնի հանքերի թեման ադրբեջանական կեղծ օրակարգ է, այդ հարցը որևէ ձևաչափում երբևէ չի բարձրաձայնվել, նույնիսկ՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում։ Հանքերի թեման չի կարող Բերձորի միջանցքը փակելու պատճառ լինել, այն առիթ է Արցախը հայաթափելու համար` ասում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Արմեն Մանվելյանը։ Նա շեշտում է, որ ադրբեջանական շարունակական ճնշումների պայմաններում Ռուսաստանի միջնորդական առաքելությունը ևս կարող է ձախողվել, ուստի Մոսկվան պետք է առավել կոշտ քաղաքականություն վարի, հատկապես որ Բաքուն շարունակում է խախտել 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։
Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքում հնարավորինս արագ տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու եւ տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները լուծելու օգտին։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում հանդիպումից հետո հայտարարել է, թե կողմ է, որպեսզի հնարավորինս արագ վերականգնվի տրանսպորտային հաղորդակցությունը եւ լուծվեն տարածաշրջանի հանքերի շահագործման շուրջ տարաձայնությունները։
Ըստ Լավրովի` թեման հին է, դեռևս Խորհրդային Միության ժամանակներից է գալիս, եւ, իհարկե, պետք է հնարավորինս արագ լուծել հարցը։ «Մենք ելնում ենք նրանից, որ բոլորը պետք է խստորեն կատարեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ կապված Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ռեժիմի հետ։ Մեր ադրբեջանցի գործընկերները, ինչպես ես եմ հասկանում, նույն դիրքորոշումն ունեն»,-ասել է Լավրովը։
Հայկական կողմը չպետք է շարժվի Ադրբեջանի թելադրած օրակարգով՝ անկախ այն հանգամանքից, թե ռուսական կողմը խնդիրն ինչպես է դիտարկում` նշում է Մանվելյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մոսկովյան հանդիպմանը Հաաստանի չմասնակցությանը։ Ըստ փորձագետի` Լաչինի միջանցքը փակելու որոշումը կայացրած Ադրբեջանը փորձում է շանտաժի միջոցով հայկական կողմից կորզել հերթական զիջումը։
«Գոնե մեկ անգամ հայկական կողմը պետք է կոշտ լիներ՝ նաև բանակցություններին չմասնակցելով ցույց տալով իր դժգոհությունը։ Այսպես կոչված «պարտավորությունների» կատարումից հայկական կողմը պետք է հրաժարվի և փորձի պաշտպանել իր շահերը։ Հայաստանի Հանրապետությունը, անկախ ամեն ինչից, չի կարող հրաժարվել Արցախից և արցախահայության իրավունքների պաշտպանությունից»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։
Միջանցքի փակումից, որով Բաքուն շանտաժի է ենթարկում Արցախի բնակչությանը, ըստ Արմեն Մանվելյանի, տուժում է նաև ռուսական կողմը` խաթարելով միջնորդ երկրի, խաղաղապահ կառույցի իր հեղինակությունը, այսինքն Ռուսաստանին չի հաջողվում կատարել իր իսկ ստանձնած պարտավորությունները։
Ըստ փորձագետի` Մոսկվայի` տարածաշրջանում խաղաղապահ միջնորդի թուլությունից օգտվում է Բրյուսելը, որը ճնշում է գործադրում Երևանի վրա և իրավիճակը սրելու հարցում օգնում է Բաքվին` բախում հրահրելու համար, ինչի հետևանքով ռուս խաղաղապահները կամ կհեռանան, կամ կդառնան բախման կողմերից մեկը ։ Ռուսաստանը, խուսափելով նման սցենարից, Մանվելյանի կարծիքով, չի կարող շարունակաբար կրավորական դիրքում լինել` հույսը դնելով ռուսական զորակազմի հրամանատարության բանակցությունների արդյունավետության վրա։
«Գաղտնիք չէ, որ խաղաղապահներն այս ընթացքում հումանիտար առաքելության շրջանակում դեղորայք, ինչ-որ բեռներ են տեղափոխել Ստեփանակերտ, սակայն սա երկար չի կարող շարունակվել, ժամանակ առ ժամանակ «բնապահպան» ներկայացող ադրբեջանցիները փակում են նաև խաղաղապահների ճանապարհը, միակ լուծումը ճանապարհը բացելն է և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը կատարելը»,- շեշտում է Արմեն Մանվելյանը։
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործունեությանը Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հայտարարությունը քաղաքագետը հերթական կեղծ օրակարգն է համարում, որով փորձ է արվում հայկական կողմին թելադրել որոշակի խաղի կանոններ։ Կարծում է՝ ադրբեջանական «թեզերը» որպես նախապայման ընդհանրապես չպետք է դիտարկվեն։




