
Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ աչքի չընկնող մի շենքում գործում է Սիրիահայերի միության արդյունաբերական գոտին։ 4 տարի առաջ Կառավարությունն այս տարածքը 5 տարի ժամկետով սիրիահայերին տվեց, որ գործարարները կարողանան այստեղ աշխատել, ավելի հեշտ ինտեգրվել հայկական տնտեսությանը։ Փոխարենը սիրիահայերը պետք է ներդրումներ անեին իրենց բիզնեսներում, մասնակցություն ունենային Հայաստանի տնտեսության զարգացման մեջ։ Այժմ 20-ից ավելի ձեռներեցներ այս շենքում գործելու տարածք, բիզնեսը զարգացնելու հնարավորություն ունեն։
«Սիրիահայերի միությունը գրանցվել է 2017-ից, բայց գործունեությունը սկսել ենք 2012 թվականից, երբ Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով մեր հայրենակիցները մեծ հոսքով Հայաստան եկան։ Մենք հասկացանք, որ մեր սիրիահայ բարեկամները տնտեսության մեջ ինտեգրվելու հարցում խնդիրների են բախվում ու որոշեցինք ստեղծել մի հասարակական կազմակերպություն, որը կզբաղվի հենց սիրիահայ գործարարների տնտեսական ինտեգրման հարցերով»,- պատմում է միության գործադիր տնօրեն Հրայր Մկրտչյանը։
Նեղ միջանցքի երկու կողմերում միանման դռներ են, իսկ դռներից այն կողմ՝ որևէ նմանություն չունեցող բիզնեսներ։ Մի սենյակում կանայք պայուսակներ են կարում, հարևան սենյակում փայտ է մշակվում, երրորդում վարպետը դաշնամուրի մասեր է վերանորոգում, մեկ այլ սենյակում էլ 3D տպիչով հեռախոսի պատյան է ստեղծվում։

Այտեղ գործող ձեռներեցներից մեկը՝ Սարգիս Թուֆենջին Հայաստան է եկել 2 տարի առաջ։ Մինչ այդ Սիրիայից Լիբանան, Լիբանանից Շվեդիա է տեղափոխվել, բիզնեսի կառավարում սովորել։ Սակայն Հայաստան գալուն պես գնեց առաջին տպիչն ու սկսեց ինքնուրույն 3D տպագրություն սովորել․
«Կրնամ ամէն ինչ սարքել, ինչ որ փլասմասուն կապուած է։ Սա աս պահուն, ապագային կրնանք մետաղով անել, բայց հիմա դեռ չէ։ Չորս կողմդ ուր նայես, ամէն ինչ փլասմաս է։ Լեզուն մի քիչ խնդիր ունեմ, մանաւանդ ալ, որ էս գործը սովորեցի, ամէնն օնլայն սովորեցի, մարդ չսովորացրեց ինձ, ամէն ինչ սովորեցի անգլերէնով։ Շատ չարչարւում եմ հայաստանցիների հետ, իրենց պիտի բացատրեմ էս ինչ ա, էն ինչ ա, իրենք ռուսերէն բառեր գիտեն կամ մաքուր հայերէնով ասում են, պիտի թարգմանենք, լաւ է քովս միշտ մարդ կայ, ինձ կ՛օգնէ», — ասում է Սարգիսը։
Նա Հայաստանը բիզնեսի համար հարմար միջավայր է համարում։ Դեռ որևէ կերպ իր ծառայությունը չի գովազդել, նույնիսկ կայքէջ չունի, սակայն հաճախորդներն իրենք են նրան գտնում՝ մեկը մյուսին խորհուրդ տալով։
«Իմ անունը Հայկ է, Աբելեան՝ ազգանունով։ Դաշնամուր վերանորոգող մասնագէտ եմ ես, եղաւ 8 տարի է, որ մենք Երեւանում ենք, Սիրիայի պատերազմի պատճառով տեղափոխուեցինք այստեղ։ Աս գործը իմ համարեայ 40 տարուայ մասնագիտութիւնն է։ Նոյն գործը այստեղ եմ շարունակում՝ Երեւանի մէջ։ Եւ շատ լաւ է ամէն բան»։
Հայկ Աբելյանը Արդյունաբերական գոտում իր արհեստանոցն է սարքել։ Ցույց է տալիս աշխատասեղանը, ասում՝ գոհ եմ, որ «վերանորոգության իրերս» կարողացա բերել։ Հիմա գործը լավ է, բայց առաջին տարին՝ ինտեգրման շրջանը, հեշտ չի անցել․
«Իմ մասնագիտությունը մի քիչ եզակի մասնագիտություն է։ Առաջին տարիներ էր միայն դժվարություն ունեցա մարդկանց ծանոթանալու և այլն, աս բաները եղավ։ Մի տարի անգործ մնացի, մինչև որ շրջապատս կազմվեցավ և այլն»,- պատմում է վարպետը։
Այժմ արդեն «դաշնամուրների բժիշկը» գործի պակաս չունի։ Ասում է՝ կրկին օգնել է գովազդի լավագույն տարբերակը․ գոհ հաճախորդը ծառայությունը խորհուրդ է տվել դրա կարիքն ունեցող մյուս մարդկանց։ Բայց, Վանի Նալբանդյանն ասում է, արդյունաբերական գոտում առաջխաղացումը նաև փոխօգնությամբ է պայմանավորված․
«Մէկս միւսին օգնելով առաջ կ՛երթանք։ Այսինքն չունինք ես՝ իմ պիզնեսս, միւսը՝ իր պիզնեսը։ Ինչ–որ կարողանամ կողքի պիզնեսին օգնել․․․ անունը արդիւնաբերական գօտի է, մէկը միւսին տալով արդիւնք կտայ»։
Վանին Հայաստնում է 2012-ից, 2019-ից սոցիալական ձեռներեցությամբ է զբաղվում, նաև սեփական բիզնեսն է հիմնել՝ մանկական հագուստ է կարում։ Միանգամից է նկատել՝ Հայաստանում բիզնես մշակույթն այլ է, բայց ասում է՝ դժվարություններին նայես, դժվարություն կտեսնես, դրական կողմերը փնտրես, դրանք կգտնես։ Ինքը երկրորդ տարբերակն է ընտրել․
«Միանշանակ ցանկացած պիզնեսի մեջ, երբ տարբեր մշակոյթներ են, բախումները պէտք է ստեղծուեն, բայց եւ շփումի մէջ մարդկանց հետ, եւ հասկանալով իրենց մտածելակերպը, վարուելակերպը, արդէն լուծումի ինչ–որ տեղ կը հասնես։ Հիմիկուայ դրութեամբ եկող յաճախորդը, երբ դրսից մօտենալով կասի՝ ոնց որ զգացի ուրիշ շունչ է խանութի մէջ, արդէն լաւ կը զգամ»,- ասում է Վանին։
Նա Վանին մշտական 4 մարդու գործատու է, 10-12 գործընկերոջ էլ դիմում է ըստ անհրաժեշտության։

«Երբ մեր պիզնեսը սկսանք շատ դժուար էր մեզ համար եւ նոր պիզնես հիմնելը, եւ տեղ վարձելը եւ աշխատավարձ փոխանցելը, եւ պիզնես կառոյցը կանգնեցնելը։ Այս «եւ»-երը քով քովի եթէ 2-ով թեթեւցաւ, արդէն մեզ վրայ շատ բեռ իջած էր։ Բնականաբար, երբ մենք սկսանք այստեղի պիզնեսը շատ մեզի օգնաւ, որ մենք մի տարի ոտքի կանգնեցանք, ես կարողացայ ինչ–որ աշխատատեղ ստեղծել, երբ որ ես վարձք չունեմ ու ինչ–որ օգուտ կայ ինծի, արդէն ես իմ օգուտս տուի իմ աշխատողին, օգուտս տուի իմ պիզնեսի զարգացման»։
Սիրիահայերի միությունն իր առաջ խնդիր է դրել՝ հնարավորինս հարթել Հայաստանում բիզնես սկսել պատրաստվող սիրիահայերի ճանապարհը։ Արդյունաբերական գոտին այդ խնդրի լուծման տարբերակներից մեկն է։ Միությունը նաև դասընթացներ, վերապատրաստման ծրագրեր է իրականացնում, նպաստում գործարարների հմտությունների զարգացմանը։
Վերջինները ասում են՝ հայաստանյան իրենց բիզնեսի առաջին քայլերը Արդյունաբերական գոտում անելուց հետո առավել վստահ են զգում։ Հույս ունեն, որ 2023-ին՝ Կառավարության սահմանած 5-ամյա ժամկետը լրանալուց հետո, այն երկարաձգելու հնարավորություն կունենան։






