
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 3-ին հինգերորդ գումարման Ազգային ժողովը կսկսի հինգերորդ՝ գարնանային նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանական հանձնաժողովներն այս օրերին նիստեր են հրավիրում՝ քննարկելու մեծ ու փոքր օրակարգեր ընդգրկվելիք նախագծերը: Հերթական նիստն է այսօր գումարել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը: Քննարկման օրակարգում ընդգրկված է եղել 4 օրինագիծ, քննարկվել է, սակայն, դրանցից միայն մեկը: Մյուսների քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվել է մինչև մեկ տարով: Ուշագրավն այս դեպքում հանգամանքն է, որ հետաձգվածները պատգամավորների նախաձեռնություններն են, նաև այն, որ օրակարգային 4 հարցերից 3-ը փոփոխություններ էին առաջարկում «Գովազդի մասին» օրենքում:
Միանգամից երեք առաջարկ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Մայր օրենքը թեև նույնն է, բայց տարբեր են առաջարկվող փոփոխություններն և դրանց հեղինակները։ Նախագծերից մեկի հեղինակը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն է: Նա «Գովազդի մասին» օրենքում ընդամենը մեկ, այսպես ասենք, հակասթրեսային փոփոխություն է առաջարկում. արգելել գովազդի հեռարձակման ժամանակ ձայնային ռեժիմի կտրուկ բարձրացումը: Խոսքը հեռուսատատեսային գովազդի մասին է:
Այս նախաձեռնությամբ Թևան Պողոսյանը փորձում է նպաստել Հայաստանում նյարդային համակարգի եւ զգայական օրգանների հիվանդությունների տարեցտարի աճող տեմպերի կրճատմանը: Այդպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, նաև ընդգծված ՝ գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը հանգեցնում է սթրեսային հիվանդությունների զարգացմանը:
Կառավարությունը միանշանակ ոչ պաշտպանել է և ոչ էլ մերժել օրինագիծը , նշել է, որ այն լրամշակման կարիք ունի: Իսկ ահա ԱԺ համապատասխան հանձնաժողովը, որը նույնպես պետք է եզրակացություն տար օրենքի վերաբերյալ, այն այսօր չքննարկեց: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ հեղինակի պահանջով նախագծի քննարկկումը հետաձգվել է։ «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն ՝ եթե օրենսդրական նախաձեռնության հեղինակը դիմում է հանձնաժողոսվին հետաձգելու առաջարկով, հանձնաժողովը պարտավոր է հարգել այդ առաջարկը»։
«Գովազդի մասին» օրենքում առաջարկվող մյուս փոփոխության հեղինակները հանրապետական 6 պատգամավորներն են, նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Այս դեպքում հեղինակները 2 փոփոխություն են առաջարկում՝ մեկը արգելող, մյուսը թույլատրող: Նախ՝ առաջարկում են օրենքով ամրագրել, որ զանգվածային լրատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է ծխախոտի գովազդի ցուցադրումը, երկրորդ փոփոխությամբ՝ առաջարկում են երեկոյան ժամը 22-ից մինչև առավոտյան ժամը 6-ը թույլատրել թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը։
Կառավարությունը օրինագծին բացասական եզրակացություն է տվել։ Հանձնաժողովն այսօր որոշեց հետաձգել դրա քննարկումը, ու քանի որ նիստին մասնակցում էր հեղինակներից միայն Արթուր Գևորգյանը, նրանից հետաքրքվեցինք, թե ինչու են նման նախաձեռնություն ներկայացրել, ապա այն հետաձգելու առաջարկ արել: «Հակադարձումներ կան, սկսվել է առողջ պոլեմիկա, ժամանակ է պետք, որ ավելի խորն ուսումնասիրենք ու հասկանանք՝ ինչ ընթացք տալ»,- ասաց։
Նախաձեռնությունը մերժելու մեջ պատգամավորն, ի դեպ, նաև պոպուլիզմի տարրեր է տեսնում։ «Ավելի շատ պոպուլիզմ է՝ այդ ամենի ինչի մեջ: Ասվում է չգովազդենք խմիչքը, մտածենք մատաղ սերնդի մասին: Ես համաձայն եմ, ես ինքս առողջ ապրելակերպի կողմնակից եմ: Բայց ամպագոռգոռ հայտարարությունների փոխարեն գործել է պետք»։
Մեկ այլ փոփոխություն, կրկին «Գովազդի մասին» օրենքում, բայց արդեն կառավարության կողմից: Այն այսօր հանձնաժողովի միաձայն հավանությանն արժանացավ ու դրական եզրակացությամբ ընդգրկվեց մեծ ու փոքր օրակարգերիի նախագիծ: Կառավարությունն առաջարկում է ամրագրել, որ ծխախոտի գովազդն արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով, զանգվածային լրատվության տպագիր միջոցներով , նաև վահանակների, պաստառների, լուսատախտակների, ազդագրերի, պլակատների միջոցով: Այս սահմանափակումները չեն տարածվում միայն ծխախոտային արտադրատեսակների մասնագիտացված հրատարակությունների և դրանց վաճառքով զբաղվող առեւտրային սրահների վրա։
Կառավարության այս նախաձեռնությունը բխում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներից: Պատգամավորները առարկություններ չունեին, բայց մի հարցադրում այնուամենայնիվ կար։ «Խոսքը հատկապես սպորտային այն միջոցառումների մասին է, որոնք անցկացվում են ծխախոտի գովազդի ներքո։ Օրինակ՝ Ֆորմուլա 1 կամ ֆուտբոլային խաղերը: Ի՞նչ պետք է անեն հեռուստաընկերությունները»։ Հանձնաժողովի նախագահը կարծում է, որ ծայրահեղ մոտեցումներն այստեղ տեղին չեն։




