ԿարևորՀասարակություն

Ավելի քան 200 ժամ՝ շրջափակման մեջ․ կյանքի ճանապարհը դեռ փակ է

Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ՝ այսօր հայտարարել է Արցախի օպերատիվ շտաբը։  Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունն ավելի ու ավելի է զգացվում։ Ստեփանակերտում խանութները դատարկվում են։ Բանջարեղենի ու շաքարավազի սղությանը գումարվում է  հնդկաձավարի, ոլոռի, բուսական յուղի պակասը։ Լիսագորում և Հին Շենում առաջին անհրաժեշտության ապրանքներ Գորիսից են տանում։

Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակ է արդեն տասը օր։ Արցախի օպերատիվ շտաբից հայտնում են, որ Հայաստանից ամենօրյա 400 տոննա սննդամթերքն ու դեղորայքը հնարավոր չէ հասցնել Արցախ: Տրանսպորտային ամբողջական շրջափակումը սպառնում է սննդի, դեղորայքի և վառելիքի պակասով: Արցախի հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծում է․

«200 ժամից ավելի է, ինչ բլոկադայի մեջ  ենք։ Ամբողջ աշխարհի արձագանքը շատ կտրուկ է»։

Առաջին անհրաժեշտության ապրանքների սղությունն ամեն օր ավելի ու ավելի է սրվում։ Ստեփանակերտում խանութները դատարկվում են։ Բանջարեղենի ու շաքարավազի սղությանը գումարվում է  հնդկաձավարի, ոլոռի, բուսական յուղի պակասը, փաստում ն Արցախի մեր գործընկերների պատրաստած ռեպորտաժների հերոսները․

«Այս պահին չունենք գրեչկա, բրինձ, շաքարավազ։ Երշիկեղենը վերջանում է, եղածն էլ քիչ–քիչ եմ տալիս մինչև տեսնեք ինչ կլինի։ Տասը օրը է, ապրանք չենք ստանում» ։

Մինչ շրջափակումն ամեն օր Հայաստանի Հանրապետությունից Արցախ  400 տոննա ապրանք էր ներմուծվում։ Արդեն տասը օր է՝ 4 հազար տոննա առաջին անհրաժեշտության ապրանք Արցախ չի մտել։ Շուշիի շրջանի Լիասգոր գյուղում բնակիչներն անհանգիստ են։

Համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյան․

«Նորմալ վիճակ է, չհաշված ճանապարհի հետ կապված խնդիը։ Մարդիկ մի քիչ անհանգստացած են։ Սննդի հետ կապված հարցերը լուծելու համար գնում են Գորիս՝ Տեղ գյուղից բերում են»։

Հին Շենում էլ մարդիկ  իրենց առօրյա հոգսերով են զբաղված։ Ավելին, անհրաժեշտ գրեթե ամեն ինչ սեփական ձեռքերով են ստեղծում, ասում է համայքնի ղեկավար Սամվել Սարգսյանը․

«Ոչ մի բանի խնդիր չունենք։ Ամառը չենք քնում, աշխատում ենք, որ ձմեռը ուտենք։ Ուրիշներից ոչ մի բան չենք ակնկալում՝ ի տարբերություն մնացածների։ Ժողովուրդը իրենց միջոցներով ստեղծում են, մենք էլ կողքից օգնում ենք։ Եթե  բնակիչներին մի բան էլ պետք է լինում, Գորիսից բերում են»։

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պաշարներից որոշ ապրանքատեսակներ, ըստ անհրաժեշտության,  տրամադրվում են խանութներին:

Կարդացեք նաև

Back to top button