
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվտիգնեևան ասել է, որ Ռուսաստանն անհանգստացած է Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ, որը, նրա խոսքով, «առաջացել է տարածաշրջանում հանքաքարի հանքավայրերի շահագործման վերաբերյալ տարաձայնությունների պատճառով»:
Նշելով, որ միջանցքն ապահովում է կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ նա ասել է, որ այն գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, որը շարունակում է մնալ տարածաշրջանում կայունության երաշխավորը և արդյունավետ իրականացնում իր խնդիրները։
Նա հիշեցրել է, որ երկու կողմերն էլ ստանձնել են պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն, ներառյալ պարտավորությունը՝ ապահովելու, որ խաղաղ բնակիչները դժվարություններ չունենան, և ասել, որ իր երկիրն ակնկալում է, որ տրանսպորտային երթևեկությունը միջանցքով կվերականգնվի «շատ մոտ ապագայում»:
Վերջին օրերի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը կանոնավոր կապ է պահել Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչի արդյունքում վերականգնվել է գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ, Լաչինի միջանցքը մասամբ բացվել է երթևեկության համար, ասել է դեսպանը։
Ռուսաստանւ բերկայացուցիչը նշել է, որ իր երկիրն ակնկալում է, որ Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կկատարվեն, նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ լարվածությունն ավելացնելու քայլերից և պահպանել երեք երկրների ղեկավարների եռակողմ հայտարարություններում ձեռք բերված պայմանավորվածությունները։
«Նման դրույթների ամբողջական իրականացումը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ամենակայուն ճանապարհն է»,- հավելել է նա։




