
Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ իր վերջին ճեպազրույցից հետո իրավիճակը մնում է փխրուն, և կողմերը պարբերաբար փոխանակում են հրադադարի խախտման մասին հաղորդումներ:
«Չնայած այս միջադեպերին, սեպտեմբերի կեսերին վերսկսված բռնություններից հետո շարունակական դիվանագիտական ջանքերում առաջընթացի հույսի շող է հայտնվել՝ մի քանի բարձր մակարդակի դիվանագիտական նախաձեռնությունների արդյունքում: Հոկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպեցին Պրահայում Եվրոպական համայնքի առաջին հանդիպման շրջանակում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, որի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց տեղակայել եվրոպական Միության դիտորդական առաքելություն Հայաստանում, որի մանդատը ավարտվել է երեկ։ Նախատեսվում է Եվրամիության ավելի երկար առաքելություն Հայաստանում՝ նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանի խաղաղությանը»,- ասել է Յենչան։
Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի վերջին երկրի ղեկավարները կրկին հանդիպել են Սոչիում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրընկալությամբ, որտեղ նրանք պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից։
Վերջին ամիսներին ԱԳ նախարարի և փոխվարչապետի մակարդակով մի քանի այլ հանդիպումներ են տեղի ունեցել։ Քննարկումներ են տեղի ունեցել հնարավոր կարգավորումների, այդ թվում՝ սահմանազատման կարևորագույն հարցերի շուրջ։
Ի հավելումն երկու կողմերի համաձայնեցված Եվրամիության առաքելության՝ Հայաստանում առաքելություններ են տեղակայել նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ Հայաստանի խնդրանքով։
Նա ցավով նշել է, որ չնայած դիվանագիտական ջանքերին՝ լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում չի թուլացել, ինչպես ակնկալվում էր, արձանագրվել են տարբեր միջադեպեր:
Դեկտեմբերի 12-ին ադրբեջանցի «բնապահպան» ակտիիվիստները ցույցեր սկսեցին Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Լաչինի միջանցքում, որը կենսական նշանակություն ունեցող ճանապարհ է տարածքի բնակիչների համար: Նա նշել է, որ ՄԱԿ-ը ներկայացված չէ միջանցքում կամ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում և, հետևաբար, ի վիճակի չէ ստուգել պնդումները։ Թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ներկայացուցիչները նամակով դիմել են Գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդին վերջին իրադարձությունների կապակցությամբ՝ վիճարկելով միմյանց պնդումները և տրամադրելով իրավիճակի վերաբերյալ շատ տարբեր պատկերացումներ։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման մեջ, որը ստորագրվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության կողմից։
Ողջունելով խաղաղապահ ուժերի հանձնառությունը՝ հեշտացնելու և ապահովելու միջանցքով անվտանգ անցումը, նա հիշեցրել է, որ դեկտեմբերի 14-ին Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորել է թուլացնել լարվածությունը և ապահովել անվտանգության և տեղաշարժի ազատությունը միջանցքով՝ համաձայն նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների:
Յենչան ընդգծել է, որ միջազգային հանրությունը չպետք է թույլ տալ, որ հակամարտությունը վերսկսվի, քանի որ դա կարող է ազդել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասում և դրա սահմաններից դուրս ապրող մարդկանց վրա։
«Կողմերը պետք է իրականացնեն եռակողմ հայտարարությունը և հետագա պայմանավորվածությունները և կրկնապատկեն ջանքերը բանակցային խաղաղ կարգավորման համար, քանի դեռ ուշ չէ»– նշել է նա։




