ԿարևորՔաղաքական

ՀՀ խորհրդարանում փնտրել են Արցախի անվտանգության երաշխավորին. թեժ քննարկում

Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետն օր առաջ կանխելու ուղղությամբ։ Հարցն այսօր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորներն ուղղել են մեծամասնության ու կառավարության ներկայացուցիչներին։

Արցախի շրջափակմանը և Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին վերաբերող քննարկումը ծավալվել է բոլորովին այլ օրակարգի շրջանակում: Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին կառավարության նախագծի առաջին ընթերցմամբ քննարկումը գրեթե ամբողջությամբ վերածվել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի  շուրջ իշխանություն-ընդդիմություն բանավեճի: 

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը վերջին երկու ամսվա ընթացքում 14 այց է ունեցել տարբեր երկրներ: Պաշտոնյան վստահեցնում է՝ Արցախից «ձեռքերը լվանալու» մասին ընդդիմության մեղադրանքները տեղին չեն:

«Մեր իշխանությունը ամենօրյա ջանք է գործադրում, որպեսզի Արցախի համար ապահովի իրավունքների և անվտանգության մեխանիզմ: Արտաքին քաղաքականության աշխատանքի մեծ մասը վերաբերում է ԼՂ-ին: Իմ այցերի օրակարգերի ամենամեծ տեղը զբաղեցնում է ԼՂ-ն, և ԼՂ անվտանգության համար մեր ամբողջ թիմը գործադրում է առավելագույն ջանք, որպեսզի կարողանանք երաշխիքներ ստեղծել»:

Ադրբեջանը Լաչինի միջանցքը փակել է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու նպատակով՝  ԱԺ ամբիոնից հայտարարում է Անվտանգության խորհրդի քարտուղարը և վստահեցնում՝ Հայաստանը շարունակում է աշխատել բոլոր գործընկերների հետ Արցախն ապաշրջափակելու և հումանիտար աղետն օր առաջ կանխելու ուղղությամբ ։

Սրանով  հանդերձ՝ իշխանությունը նաև պնդում է, որ ստեղծված իրավիճակը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում է, հետևաբար՝ հանգուցալուծումը նույնպես այս տիրույթում է ։ Իշխանության ներկայացուցիչներն ընդդիմությանը հորդորում են պատասխաններ փնտրել նաև այդ ուղղությամբ:  Անհամաձայնությանը պատասխանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով՝ միաժամանակ նշելով, որ ՀՀ-ն՝  որպես պետություն, զուգահեռ օգտագործում է բոլոր հնարավոր գործիքները ռուս խաղաղապահներին բանակցություններում օգնելու համար:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ընդդիմության հետ պարզաբանումներում անգամ դիմում է տրամաբանությանը։  

«Ռուսաստա՞նն է ավելի հզոր, ուժեղ պետություն, թե՞ Հայաստանը. Բանակով ավելի մեծ, միջուկային զենքով, հրթիռներով, տնտեսությամբ և այլն: Հիմա դուք ասում եք՝ ՀՀ ինչո՞ւ չես կարողանում անել մի բան, որը ՌԴ-ն չի կարողանում անել: Տրամաբանական չէ ձեր ասածը: Այլ հարց՝ Լաչինի միջանցքում ՀՀ-ն պետք է օգնի՞ ՌԴ-ին, թե՞ խանգարի: Եթե պետք է օգնի, ապա օգնում է: Օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հրավիրել է քննարկում, որտեղ Ռուսաստանը մշտական անդամ է: Այնտեղ Ռուսաստանը կարող է իր դիրքորոշումը հայտնել, ու դա շատ մեծ աջակցություն ու շատ մեծ գործ կլինի: Կարող է ասել, որ պահանջում է անհապաղ բացել Լաչինի միջանցքը, ինչպես կարող է ասել, որ ՀՀ-ից որոշ տարածքներ օկուպացված են Ադրբեջանի ԶՈՒ կողմից: Դա էլ շատ մեծ աջակցություն կլինի: Հիմա ՄԱԿ ԱԽ նիստը կլինի, կտեսնենք՝ մնացած ինչով կարող ենք օգնել ՌԴ մեր գործընկերներին կատարել իրենց անմիջական պատասխանատվության տակ գտնվող գործը»:

Իշխանության հիմնավորումները բավարար չեն ընդդիմության համար:  Համոզված են, որ պատասխանատվության գոտին թեև Ռւսաստանինն է, բայց Հայաստանի իշխանությունը, միևնույնն է, պարտավորություններ ունի։ Հիշեցնում են կառավարության ծրագրում տեղ գտած ամրագրումը Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ անհրաժեշտ է իրավիճակի ճիշտ ախտորոշում, այլապես ոչ մի լուծում արդյունավետ չի լինի: Պատգամավորը պնդում է՝ եթե շրջափակումը շարունակվի  ևս մեկ շաբաթ, լուրջ խնդիրների կհանգեցնի: 

«Գլխավոր խնդիրն է հասկանալ. եթե Ռուսաստանն իր ֆունկցիան չի իրականացնում և որևէ փուլում լինում է ոչ էֆեկտիվ, ապա ո՞վ պետք է զբաղվի Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագրով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում: Այսինքն՝ գլխավոր բանը, որ պետք է հնչեցնի իշխանությունը այս իրավիճակում՝ անկախ այն բանից, թե ինչ է անում Ռուսաստանը, ինչ են անում համանախագահ երկրների ղեկավարները, ինչ է անում երրորդ, չորրորդ, հիմգերորդ կողմը, իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Արդյո՞ք Հայաստանը չունի այստեղ առաքելություն, չունի պատասխանատվություն և այդ ուղղությամբ որևէ սցենարային զարգացման չի նախապատրաստվում»:

Ընդդիմադիր մյուս՝«Հայաստան» խմբակցությունն ավելի ուղիղ է ձևակերպում ասելիքը: Այդ խմբակցության հատկապես դաշնակցական թևը իշխանությանը հստակ ճանապարհ է ցույց տալիս և նույնքան հստակ պատասպխան է ստանում որպես նախկին կառավարությունների կոալիցիոն գործընկեր:

Գեղամ Մանուկյան․ «Արմեն Գրիգորյանն ընդդիմությանն ասում է՝ գնացեք ռուսներին համոզեք, բա մենք ի՞նչ անենք: Մեկ բան կարող եք հանգիստ անել, կարող եք գնալ, ով էլ գա՝ ավելի լավը կանի»:

Արծվիկ Մինասյան․ «Եկել եք այստեղ լոլոներ եք կարդում, թե գնացեք ռուսներից պահանջեք: ռուսներից էլ պետք է պահանջենք, բայց առաջին պատասխանատուն դուք եք: Հայաստանի իշխանությունն է, որ երկիրը հասցրել է այս օրին»:

Վլադիմիր Վարդանյան ․ «Քենեդին մի լավ արտահայտություն ուներ, ասում էր՝ մի հարցերք ինչ է արել Ամերիկան ձեր համար, հարցրեք՝ դուք ինչ եք արել Ամերիկայի համար: Հիմա ես ձեզ հարց եմ տալիս. Դո՞ւք ինչ եք արել: Դուք օրերով, ամիսներով գործի չեք գալիս: Մեղադրեք իշխանությանը, այո, մեղավոր ենք, բոլորս էլ մեղավոր ենք: մեկը լինի ձեզ հարցնի՝ 30 տարի Արցախի ճանաչման հարցը իբնչո՞ւ չէիք դրել: Դնեի՛ք: Արմեն Գրիգորյանը մեղադրեց Ադրբեջանին էթնիկ զտման փորձի, ցեղասպանություն նախապատրաստման փորձի մեջ: Դա լրջագույն միջազգային հանցագործություն է: Մենք շատ հիշում ենք մեր պարտականությունները: Բայց ես նաև ուզում եմ հիշեցնեմ ձեզանից յուրաքանչյուրին, որ այսօր ամեն մեկս ունի պարտականություն՝ ոչ թե մեզ համոզելու, թե մենք ինչ պետք է անենք, այլ պետք է գնա ամեն դուռ ու փորձի այդ մարդկանց բացատրի, որ դուք այսօր պարտավոր եք կանխել ցեղասպանությունը Արցախում»:

Հայաստանի խորհրդարանից ամեն դեպքում նամակ ուղարկվել է Ռուսաստան՝ ոչ թե պահանջով, այլ խնդրանքով: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ՌԴ օմբուդսմեն Մոսկալկովային և ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների գծով խորհրդի նախագահ Ֆադեևին, որպեսզի ռուս խաղաղապահների միջոցով ռուսական հումանիտար օգնություն ուղարկվի Արցախ։ Նամակում ներկայացրել է առաջին անհրաժեշտության կարիքների ցանկը:

Կարդացեք նաև

Back to top button