ԿարևորՔաղաքական

Եթե Հայաստանն անհրաժեշտ համարի, ՀԱՊԿ-ը կարող է  առաքելություն ուղարկել․ Ստանիսլավ Զաս

Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության  փլուզում չի գրանցվել, ընդհակառակը՝ անդամ երկրների ղեկավարների միջև սուր հարցերի շուրջ տեղի է արդյունավետ քննարկում ՝ վստահեցնում է  ՀԱՊԿ գլխավոր  քարտուղար Ստանիսլավ Զասը։ Նրա գնահատմամբ՝ անցնող տարին բավական բարդ էր կառույցի համար, բայց այդ բարդություններն ընդգծել են ՀԱՊԿ-ի կարևորությունը։

Մոսկվա-Աստանա -Բիշքեկ -Երևան -Մինսկ տեսակամրջի ընթացքում կառույցի գլխավոր  քարտուղարն անդրադարձել է նաև Լաչինի միջանցքում առկա իրավիճակին և ՀՀ սուվերեն տարածքում ադրբեջանական ուժերի տեղակայմանը՝ ակնարկելով, որ կտրուկ միջամտությունը կարող է  տարածաշրջանային պատերազմի վերածվել։

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից կոշտ չհակազդելու կեցվածքը հիմնավորումներ ունի։ Կառույցի գլխավոր  քարտուղար Ստանիսլավ Զասը նախ հիշեցնում է՝ երկու պետությունների ղեկավարները երեք անգամ  քննարկել են իրավիճակը շփման գծում։ Ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, մշակվել է Հայաստանին  օգնություն  տրամադրելու  որոշման նախագիծ։ Կառույցին ուղղված մեղադրանքներին ի պատասխան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հստակեցնում  է՝ պետք է հասկանալ կտրուկ  քայլերի հետևանքները, դրանք կարող են տարածաշրջանային պատերազմի հանգեցնել։

 «Անգամ որոշ բարձրաստիճան անձինք են կարծիքներ հնչեցրել, թե ինչու չենք օգնել օկուպացիան հետ մղելու գործում։  Պետք է հասկանալ նման քայլերի հետևանքները, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ տարածաշրջանային պատերազմի մի քանի պետությունների մասնակցությամբ։ Այնպես որ՝ ՀԱՊԿ-ի, այդ թվում մոնիտորինգային խմբի առաջարկված լուծումները կշռադատված են եղել ու համարժեք »։

Գնահատականները, թե ՀԱՊԿ-ն, ըստ էության,  հրաժարվում է օգնել Հայաստանին ու երես է թեքում Երևանից, ըստ Զասի, անհիմն են։

 «Ոչ, համաձայն չեմ, թե ՀԱՊԿ-ը փորձում է երես թեքել Հայաստանի խնդիրներից: Ընդհակառակը՝ երբ քննարկումների կարիք կար, պետությունների ղեկավարներն անհապաղ հավաքվեցին ու քննարկեցին իրավիճակը։ Երկու անգամ հավաքվեցին, և առաջարկների փաթեթ ներկայացվեց»։

Դեկտեմբերի 19-ին ԵՄ դիտորդական առաքելությունն ավարտում է իր գործունեությունը հայ-ադրբեջանական շփման գծի Հայաստանի տարածքում։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե ՀԱՊԿ-ը հնարավորություն տեսնո՞ւմ է շփման գծում դիտորդական առաքելություն իրականացնելու ։  Ի պատասխան Ստանիսլավ Զասն ասում է, որ  ՀԱՊԿ-ի առաջարկներն ուժի մեջ են մնում։

«Ինչ վերաբերում է առաքելությանը, ապա օգնություն ցուցաբերելու  առաջարկները ուժի մեջ են, կետերից մեկն էլ առաքելություն ուղարկելն էր սահման։ Ներկայացվել են կազմը, ժամկետները նախատեսվում էր 2 ամիս, խնդիրները և մանդատը։ Առաքելության հիմնական նշանակությունը իրավիճակի ուսումնասիրումն էր տեղերում և առաջարկների պատրաստումը։ Դրանք մնում են ուժի մեջ, եթե ՀՀ-ն անհրաժեշտ համարի բոլոր 6 կամ առանձին կետերի վերաբերյալ. կարելի է բավական օպերատիվ իրականացնել։ Ես կարծում եմ, որ դա օգտակար կլիներ այս իրավիճակում։ Բայց դա, իհարկե, Հայաստանի որոշումն է»։

Ստանիսլավ Զասը հաստատում է, որ ՀԱՊԿ կողմից Հայաստանին ներկայացված օգնության միջոցառումների մասին որոշման նախագծում կար նաև ռազմատեխնիկական օգնություն նախատեսող կետ, բայց փակագծերը չի բացում։

«Չեմ մանրամասնի, քանի որ  որոշման նախագիծը, որը ներկայացվել է պետությունների ղեկավարներին, որոշակի գաղտնիություն ունի։  Բայց կար կետ, որը ռազմատեխնիկական օգնություն էր ենթադրում էր։ Նկատի է առնվել ռազմատեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը, բայց  դա չի նշանակում, թե  վաղը ինքնաթիռ է թռչելու սպառազինությամբ, բայց դա հնարավորություն կտար պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկի շուրջ և իրագործել այն, ինչ պետության ղեկավարները ընդունելի կհամարեին»։

Արդեն 8 օր փակ Լաչինի միջանցքին անդրադառնալով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն արձանագրում է Արցախում ռուս խաղաղապահների առաքելության կարևորությունը։  Կարծում է՝ կողմերը պետք է շահագրգռված լինեն խաղաղապահ զորակազմին օգնելու գործում, նաև  կարևորում է   հումանիտար բեռների տարանցման հնարավորություն ստեղծելը։

«Իհարկե, մենք կարծում ենք, որ  ռուս խաղաղապահների իրականացրած առաքելությունը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար։ Իհարկե, մեզ համար նշում ենք ոչ հեշտ պայմանները, հատկապես հիմա, երբ տեղի է ունեցել իրավիճակի սրում, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակում։ Իհարկե, մեր կարծիքով, անհրաժեշտ է հնարավորություն տալ մարդկանց և հումանիտար բեռների ազատ տեղաշարժի համար։  Հումանիտար աղետն անթույլատրելի է հասարակ մարդկանց համար»։

Սա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի թերևս  վերջին ասուլիսն էր։ 2023-ին նրան կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։ ՀԱՊԿ նախագահությունն էլ Երևանից կանցնի Բելառուսին։

Կարդացեք նաև

Back to top button