Հասարակություն

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ողջունում է Վրաստանի կառավարության որոշումը

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը ողջունում է Վրաստանի կառավարության որոշումը: Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վիրահայոց թեմը ֆինանսավորում կստանա պետբյուջեից: Հայերից բացի պետական ֆինանսավորում կստանան նաև կաթոլիկները, մահմեդականններն ու հուդայականության հետևորդները:

Վրաստանի կառավարությունը մոտ 4,5 միլիոն լարի կհատկացնի հիշյալ չորս կրոնական կազմակերպություններին: Խորհրդային իշխանությունները հետապնդել են գրեթե բոլոր կրոնական կազմակերպություններին: Գալով նման եզրակացության, Վրաստանի Հաշտության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարությունը առաջարկեց փոխհատուցել հայկական, կաթոլիկ, մահմեդական և հրեական համայնքներին: Վրաստանի վարչապետ Իակլի Ղարիբաշվիլին ընդունելով առաջարկը, նշեց, որ Խորհրդային միության ժամանակ տուժել են նաև այս համայնքները և պետք է ինչ-որ ձևով հատուցել դա: Ըստ վարչապետի, այս քայլով պետությունը ցույց կտա, որ Վրաստանում բոլոր կրոնական համայնքները հավասարաչափ հարգվում են: 

Վիրահայոց թեմը կառավարության այս որոշումը դրական քայլ է համարում, նշելով, որ այպիսով խտրականություն չի լինի.
Հատկանշական է, որ Վրաց ուղղափառ եկեղեցին ամեն տարի պետբյուջեից ստանում է մոտ 25 միլիոն լարի` խորհրդային միությունից տուժելու համար:
Վիրահայոց թեմը բազմաթիվ անգամ դիմել է այս հարցով Վրաստանի կառավարությանը. «Իհարկե մենք համաձայն ենք, որ Վրաց Ուղղափառ եկեղեցին ունեցել է մեծ կորուստներ, սակայն միաժամանակ կորուստներ են ունեցել նաև այս կրոնական համայնքերը. մենք առաջարկում էինք կամ ֆինանսավորել մյուսներին էլ, կամ ոչ մեկի, որպեսզի խտրականություն չլինի»,- «Ռադիոլուրին» ասաց Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերի, պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը: Վերջինս հարցը բարձրացրել էր դեռ 2012-ին Վարշավայում ԵԱՀԿ Մարդու Իրավունքների վերաբերյալ նիստի ընթացքում:

Վրաստանի Հաշտության և Քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախարարության Պաատա Զաքարեիշվիլիի խոսքով, կառավարությունը փոխհատուցում է այն համայանքներին, որոնք ավելի շատ են կորուստներ ունեցել խորհրդային ժամանակաշրջանում. «Սակայն եթե անհրաժեշտություն լինի, կուսումնասիրվեն մյուս կրոնական կազմակերպություններին ևս փոխհատուցելու հարցը»:

Back to top button