
Արմավրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղում ՄԱԿ-ի զարգացման ծրագրով վերանորոգվել է գյուղական բուժամբուլատորիան, որը սպասարկում է հարակից 5 գյուղի շուրջ 4600 բնակչությանը: Բարելավվել են աշխատանքային պայմաններն ու սպասարկման որակը: Շենքի նորոգման համար ծախսվել է ավելի քան 7 մլն դրամ, տրամադրվել են նաև 10 կվտ հզորությամբ արևային պանելներ, որոնցով կնվազեվի էլեկտրաէներգիայի համար ծախսվող գումարը:
Շահումյան գյուղի ամբուլատորիան հիմա նոր հասցե ունի: Համայնքապետարանի առաջին հարկը ՄԱԿ-ի զարգացման ծրագրով հիմնանորոգվել ու տրամադրվել է առողջության առաջնային պահպանության կառույցին:

Շինարար Մկրտիչ Գրիգորյանն է ներկայացնում. «Շինարարությունը սկսել ենք հուլիս ամսից ու ավարտել սեպտեմբերին: Այս տարածքն անմխիթար վիճակում էր ամբողջությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ վերականգնել ենք, արդեն տեսնում եք, թե ինչպիսի տեսք ունի»:
Ավելի անմխիթար վիճակում է եղել բուժամբուլատորիայի հին շենքը, որտեղ բուժսպասարկում իրականացնելու համար բավարար պայմաններ չեն եղել: Օպերատոր Մարինե Վարդանյանը պատմում է՝ շենքը կոմունալ հարմարություններ չի ունեցել, բոլորը նույն սենյակում են աշխատել, որտեղ ընդունել են նաև բուժառուներին:

«Աշխատել ենք ավելի անբարենպաստ պայմաններում. չունեինք սանհանգույց, ջեռուցում, սենյակներում առնետներն անցքեր էին բացել, լաբորատորիան էր շատ վատ վիճակում, հիվանդների համար ոչ նորմալ պայմաններ էին, լվացարանն ընդամենը մի սենյակում էր և բոլորս գրեթե նույն սենյակում էինք աշխատում: Իսկ հիմա ավելի բարենպաստ պայմաններում ենք աշխատում, յուրաքանչյուրն իր սենյակն ունի, քարտադարան կա, ավելի լուսավոր ու լավ պայմաններ են»:

Աշխատանքներն իրականացվել են ՄԱԶԾ-ի «Կայուն համայնք» ծրագրի շրջանակում՝ համագործակցելով տեղական իշխանության և առողջապայության նախարարության հետ: Ծրագիրն ուղղված է համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ու բնակչության կյանքի որակի փոփոխությանը: Մուշեղ Ղազարյանը երկար տարիներ գտնվում է բժշկի հսկողության տակ:

«Բուժարանից օգտվում ենք, ես ու տղաս ունենք շաքարային դիաբետ, դեղերն անվճար ամբուլատորիայից ենք ստանում, տղաս ինսուլին է ընդունում: Առաջ գյուղի մեջ էր՝ անհարմար պայմաններով, հիմա շատ լավ պայմաններ են ստեղծել, մտել, նայել ենք»:
Ծրագրով Շահումյանի բուժամաբուլատորիային նաև անհրաժեշտ գույք է տրամադրվել: Ամբուլատորիայի բացմանը ներկա ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին ասում է, որ իրենց նպատակը բուժսպասարկման որակը բարձրացնելն է:
«Ավելի քան 4000 մարդ կգա այս նոր վայրն ու կստանա ավելի որակյալ բժշկական ծառայություններ, քան մինչ այդ ստացել են: Բուժաշխատողներն ապահովված են բարեկարգ աշխատանքային պայմաններով: Այսպիսի միջոցառումները մեզ օգնում են, որպեսզի ավելի լավ աշխատենք ու առաջ գնանք»:

Գյուղական ամբուլատորիայում հիմա ամեն մեկն իր աշխատասենյակն ունի՝ տնօրեն, ընտանեկան բժիշկ, լաբորատորիա, քարտադարան։ Նաև մեկուսարան է բացվել: Լաբորանտ Սուսաննա Հարությունյանն ուրախ է, որ հիմա մանրէաբանական հետազոտություններն առանձին սենյակում է իրականացնելու՝ մանրադիտակը տարիներ առաջ են նվեր ստացել: Ախտահանիչ նոր սարքի կարիք ունեն
«Անալիզատորներ ունենում ենք, չնայած ներկա պահին մի քանի բան պակասում է: Կարիք ունենք նոր սարքավորման, կուզեի ջերմային չորացման պահարան, ավտոկլավը մի քիչ խոնավ է»:
Ամբուլատորիան սպասարկում է Խոյ համայնքի 5 գյուղերի բնակչությանը: Տնօրեն Լևոն Նավասարդյանն ասում է, որ իրենց դիմում են առողջական տարբեր խնդիրներ ունեցող մարդիկ: Բժիշկն ապրում է գյուղում և օգնության է հասնում անգամ գիշերը:

«Մեր ամբուլատորիային կցագրված է շուրջ 4600 բնակիչ, մեզ դիմում են սիրտ-անոթային, էնդոկրին համակարգի հետ կապված, ճնշման տատանումների հետ կապված։ Նախ՝ փորձում ենք մաքսիմալ օգնել հիվանդներին, իսկ նեղ մասնագիտական խնդիրների դեպքում՝ ուղղորդում համապատասխան բժշկական կենտրոն»:
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն ասում է, որ համակարգում իրականացվող փոփոխությունները սկսել են առողջության առաջնային պահպանության հիմնարկներից։ Ըստ փոխնախարարի՝ հաջորդ տարի դրանց թիվն ավելանալու է:
«Մենք չենք պատկերացնում բարեփոխում առանց շենքային պայմանների, առանց գույքի, կադրերի: Գիտեք, որ կառավարության որոշմամբ 50-ից ավելի բուժծառայության հիմնարկներ են կառուցվում և վերանորոգվում, իսկ հաջորդ տարի ընդգրկվել է 10 պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա»:

Վերակառուցվող բուժհիմնարկներից մի քանիսն Արմավիրի մարզում են: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հավաստիացնում է, որ ժամանակի ընթացքում տարբեր ծրագրերով կնորոգվեն անմխիթար վիճակում գտնվող ենթակառուցվածքային շինությունները.
«Պետք է նշեմ, որ մենք բազմաթիվ համայնքներում բուժամբուլատորիաների և համայնքային ենթակառուցվածքների շատ շենքեր ենք վերանորոգում, հիմնանորոգում և այսպես շարունակում ենք բարելավել մեր բնակիչների կենսամակարդակը: Սա շատ լավ օրինակ է, որի համար պետք է շնորհակալություն հայտնեմ ՄԱԶԾ-ին ղեկավարությանը և նորդրողներին»:
Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանը պատմում է, որ Շահումյան գյուղի ամբուլատորիան համայնքում վերջին բուժհաստատությունն էր, որ շենքային պայմանների բարելավման կարիք ուներ: Բուժակ-մանկաբարձական կետերի վերանորոգումները նախատեսել են իրականացնել համայնքի միջոցներով:
«Մեկ-երկու ամբուլատորիա ունենք, որ կոսմետիկ նորոգման խնդիր ունեն, բայց շենքային վատ պայմաններում գտնվող բուժամբուլատորիաներ չունենք: Կան բմկ-ներ, որոնք վերանորոգման ու կահավորման խնդիր ունեն»:
Արմավիրի մարզում վերջերս շահագործման է հաձնվել նաև Նալբանդյան գյուղի նորակառույց ամբուլատորիան, որը կահավորվել է «Կայուն համայնք» ծրագրի շրջանակում:




