Հասարակություն

Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Տարկետման իրավունքից կօգտվեն ուսանողները որոշակի վերապահումներով: Կառավարությունը վերջին նիստում քննարկել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների տարկետման իրավունքը վերացնելու հարցը: Կառավարությունն այսպիսով, փորձում է պայքարել նաև արտագաղթի դեմ:  Զորակոչիկների սահմանափակ ռեսուրսների առկայության պայմաններում նախագծի ընդունումը որոշ չափով կնպաստի նաև զորակոչի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, կածում են գործադիրում:

ԿԳ նախարարությունը կառավարությանն առաջարկ է ներկայացրել փոփոխություն կատարել «Զինապարտության մասին» օրենքի 14-րդ հոդվածում և սահմանել, որ պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ մագիստարտուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում կամ ինտերնատուրայում սովորողներին այսուհետ տարկետում կտրվի միայն ՀՀ կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի խոսքով` տարկետման խնդիրը բավականին խիստ է դրված, այն կտրվի աշխարհի լավագույն բուհեր ընդունված կամ յուրահատուկ մասնագիտական ծրագրերով արտասահմանում սովորող ուսանողներին:

Տարկետման իրավունքը կպահպանվի կախված Եվրոպայում կամ տվյալ երկրում  տվյալ բուհի վարկանիշից, երկրորդ՝ հաշվի առնելով, թե որքանով է մեր երկրում պահանջված այս կամ այն մասնագիտությունը:

Նշենք, վերջին ժամանակներում ՀՀ-ում միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերի շրջանակներում սովորելու ցանկություն հայտնողների գերակշիռ մասը արական սեռի քաղաքացիներ են: Արտերկրում սովորելը, փաստորեն, տալիս է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հնարավորություն, ինչն էլ իր հերթին խթանում է բնակչության արտագաղթին։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ձևավորել համապատասխան օրենսդրական հիմքեր՝ օտարերկրյա բուհերում ուսում ստանալը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոցի վերածելու դեպքերը բացառելու նպատակով՝ ակնկալելով, որ երիտասարդները օտարերկրյա բուհեր կդիմեն միայն ուսման նպատակով։

Back to top button