ԿարևորՔաղաքական

Արցախը ցեղասպանության վտանգի տակ է. ամեն ինչ է պետք անել այն կանխելու համար

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել՝ հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին։ Ըստ այդմ՝ Օպերատիվ շտաբի պետ է նշանակվել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ  այսօր տեղի էր ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը:

Բացի այդ համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։ Իսկ Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց անժամկետ նստացույց է սկսել Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։ Դիմելով միջազգային հանրությանը, Բեգլարյանը շեշտել է, որ Արցախում առկա է ցեղասպանության իրական վտանգ և  պետք է ամեն ինչ անել՝ այն վերացնելու համար։

Արցախի կառավարությունը սեղմ ժամկետում սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման և շրջանառության հատուկ կարգ կսահմանի: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարևորել է առկա  ռեսուրսների խնայողաբար օգտագործումը: Պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի և բենզինի սղության պայմաններում  ձեռնարկվելիք քայլերը:

Արցախի պետնախարարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.

«Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել և հստակ սահմանել առաջնահերթ կարևորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաև բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը:  Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է  լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ»:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև Հայաստանի հանրապետությունում մնացած արցախցիների կեցության և սննդի ապահովման հետ կապված հարցերը։

Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում ավելի քան 270 երեխա, չի կարողանում տուն վերադառնալ։ Բացի այդ՝ անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստանի հանրապետություն՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։

Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների վերաբերյալ համատեղ հայտարարություն են այսօր տարածել Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները։ Նրանք Ադրբեջանին կոչ են արել դադարեցնել Արցախի շրջափակումն ու վերականգնել  գազամատակարարումը։ Համատեղ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման նախորդ դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։

Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները»։

Միջազգային հանրությանը սթափեցնելու համար Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև անժամկետ նստացույց է սկսել Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ  Բեգլարյանը։ Նա այդ քայլին գնացել է հստակ պահանջներով։ Հայտարարելով, որ ստեղծված իրավիճակում ստիպված են գնալ ոչ ստանդարտ և ագրեսիվ գործողությունների, Բեգլարյանը  ներկայացրել է 8 կետից բաղկացած իր հիմնական պահանջները։

«Առաջինը՝ պահանջում եմ ՄԱԿ-ի գրասենյակից, որպեսզի հստակորեն դատապարտեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները և ահաբեկչությունը Արցախի ժողովրդի հանդեպ։ Երկրորդ՝ պահանջում եմ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ անդամներից քննարկել այս հարցը ԱԽ-ում և լրացուցիչ միջազգային անվտանգության երաշխիքներ ապահովել Արցախի ժողովրդի համար։ Երրորդ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամների՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Չինաստանի կառավարություններից հստակ դատապարտել Ադրբեջանի գործողությունները և սանձել Ադրբեջանի հետագա ցեղասպանական գործողությունները։ Հինգերորդ՝ Հայաստանի հասարակությանը կոչ եմ անում թոթափել անտարբերությունը, անօգնականության զգացողությունը և հասկանալ,

որ մեզնից կախված շատ բան կա, ակնկալում եմ, որ հնարավորինս խոսվի Արցախի մասին՝ թե՛ մեր հայրենակիցների, և թե՛ օտարների մոտ»։

Բեգլարյանը նաև ակնկալում է, որ նրանք, ովքեր կարող են, միանան նստացույցին կամ այլ գործողություններին, հրավիրեն տարբեր երկրների ուշադրությունը։ Արցախի պետնախարարի խորհրդականի կարծիքով՝ Սփյուռքի մեր հայրենակիցները իրենց հյուրընկալ երկրների կառավարություններին բոլոր հնարավոր գործողություններով պետք է ստիպեն, որ նրանք նույնպես դատապարտեն և կանխեն Ադրբեջանի հետագա ահաբեկչությունը։ Բեգլարյանը կարծում է, որ պետք է իրազեկել օտար հասարակություններին, լրավամիջոցներին այս իրավիճակի մասին և ներկայացնել, որ 120․000 մարդ կանգնած է ցեղասպանության վտանգի առջև, ու պետք է ամեն ինչ անել այն չեզոքացնելու համար։  

Կարդացեք նաև

Back to top button