ԿարևորՀասարակություն

Նախ ցեղասպանության ճանաչում, հետո կայուն հարաբերություններ․ միջազգային հանրության գնահատականը

Երևանում այսօր շարունակվել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումը։ Մասնակիցները համատեղ գործողությունների մասին հռչակագրի հայտարարությանն են ծանոթացել, խոսել են աշխարհում ատելության խոսքի դեմ պայքարի մասին, որն ավելի շատ տարածվում է սոցիալական հարթակների միջոցով։ Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փաունդեյը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայոց ցեսպանության ճանաչումից խուսափելու Թուրքիայի կեցվածքին, ասել է, որ առանց անցյալի հանցագործությունները ճանաչելու, անհնար է անդրադառնալ ապագայի հանցագործություններին կամ մտածել կանխարգելման, հաշտեցման կամ արդարության մասին։

Հայաստանն ու Թուրքիան այսօր փորձում են հարաբերություններ կարգավորել, առաջ շարժվել` անցյալի էջերում փակելով 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը։ Թվում է` տնտեսական հարաբերություններն ավելի կարևոր են, ժամանակն իր պահանջներն է թելադրում և անցյալը վեր հանելու կարիք չկա, առավել ևս, որ Թուրքիան պատրաստ չէ ճանաչել  իր կողմից  իրագործած Հայոց ցեսապանությունը։ Ի՞նչ են մտածում այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի մասնակիցները։ «Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի» գործադիր տնօրեն Սավիտա Փաունդեյի «Ռադիոլուր»-ի հետ զրույցի տրամաբանության հիմքում այն միտքն է, որ առանց անցյալի հանցագործություններն ընդունելու, առաջընթացի ճանապարհ չկա։

«Նրանք պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ առանց անցյալի հանցագործությունները ճանաչելու անհնար է անդրադառնալ ապագայի հանցագործություններին կամ մտածել կանխարգելման, հաշտեցման կամ արդարության մասին։ Հուսով եմ, որ Թուրքիան և աշխարհը կճանաչեն հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը»։

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին  վստահ է, որ կայուն հարաբերություններ հաստատելու համար նախ պետք է ճանաչել անցյալում  կատարված ոճրագործությունը։

«Ցանկացած դեպքում, երբ  կա ցեղասպանություն, հասարակությունն ու իշխանությունները պետք է ճանաչեն կատարվածը և շարժվեն դեպի խաղաղություն և կայուն հարաբերություների հաստատում զոհի հետ»։

Բաքուն այսօր երեկվա Թուրքիայի ճանապարհով է փորձում շարժվել, ցեղասպանությունը կրկնելու վտանգն ավելի քան բացահայտ է։ Լաչինի միջանցքը փակելու, Արցախը շրջափակման մեջ գցելու և Արցախի տարածք մուտք գործելու ադրբեջանական  ճիգերը ոչ այլ ինչ են, եթե ոչ տեղի բնակչությանը նվազագույնը՝ ահաբեկելու միջոցով, առավելագույնը՝ ցեղասպանելու միջոցով հայաթափման հասնելու գործողություններ։ Եվ դա տեղի է ունենում այն օրերին, երբ Երևանում, աշխարհի պատվիրակների մասնակցությամբ, տեղի է ունենում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»  գլոբալ ֆորումը։  

Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլի․

«Պետք է նախ պատշաճ կերպով անդրադառնալ իրավիճակին և հետո միջոցներ ձեռնարկել կանխելու այն, քանի որ ունենք տուժողներ։ Այսպիսով կա երկու գործիք և պետք է երկուսն էլ կիրառել»։

Արցախը ցեղասպանության վտանգի առջև է ․ ինչպե՞ս կարող են գիտաժողովը, կամ ելույթները կանխել դա։ Պաշտպանելու պատասխանատվության համաշխարհային կենտրոնի գործադիր տնօրեն Սավիտա Փաունդեյը այս հարցում մատնացույց է անում ՀՀ վարչապետի ելույթը, որում հստակ նշվում է, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, և փակել այն, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Արցախի հայությանը դատապարտել ցեղասպանության։

«Կարիք չկա նույնիսկ հարցնելու։ Կարծում եմ՝ ձեր վարչապետը հստակ ներկայացրեց առաջ շարժվելու բանաձևը։ Նա ասաց, որ բոլորս պետք է հավաքվենք և խոսենք սրա մասին և նշեց, որ չկա այս խնդրի ուժային լուծում։ Կարծում եմ՝ ձեր վարչապետի խոսքերը պետք է սրտին մոտ ընդունել և առաջ շարժվել այդ ուղղությամբ»։

Գլոբալ ֆորումի եզրափակիչ փուլում  ԱԳ նախարարի տեղակալ  Վահե Գևորգյանը ներկայացրեց համատեղ գործողությունների մասին հռչակագրի նախագիծը, որում կարևորվում է նոր տեխնոլոգիաների կիրառումը ցեղասպանությունների կանխարգելման գործում։  Լսենք փոխնախարարի խոսքը համաժամանակյա թարգմանությամբ։

«Արտահայտում ենք մեր մտահոգությունը առցանց ատելության խոսքի տարածման ուղղությամբ, մարդկանց ստորացնող և նվաստացնող իրավիճակները ռասսայական կամ էթնիկ խմբերի հանդեպ։ Մեծապես մտահոգված ենք ապատեղեկատվության տարածմամբ, մասնավորապես՝ սոց հարթակներում, որոնք կարող են մշակվել և իրականացվել այնպես, որ սխալ ուղղությամբ առաջնորդեն, տարածեն ռասիզմ, այլատյացություն, կարող են խախտել մարդու իրավունքներն ու թիրախավորել փոքրամասնություններին։ Քաջալերում ենք տեխնիկական ընկերություններին,  սոցիալական հարթակների կաառվարչներին մեծ ջանքեր ներդնել մոդերացնելու ատելությամբ լի կոնտենտը։

Պատշաճ պետք է գնահատել ժամանակակից տեխնոլոգիաները, ԱԹՍ, կիբերհարձակումները՝ կանխարգելելու հանցագործությունները, նշվում է հայտարարության տեքստում։ Նոր տեխնոլոգիաները կարող են և՛ կանխարգելել ցեղասպանությունները, և՛ իրագործել ոճիրներ,  նշվում է տեքստում։ Մասնակիցներին 14 օր ժամանակ տրվեց առաջարկների մասին կարծիքներ ու դիրքորոշում հայտնելու համար։

Կարդացեք նաև

Back to top button