ԿարևորՄշակույթ

Հայաստանում Թարիվերդիեւի անվան երաժշտական դպրոցն անհրաժեշտություն է

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգային ծրագրով: Համերգի ընթացքում կհնչի  կոմպոզիտորի ջութակի կոնցերտը և հայտնի կինոնկարների համար գրված մեղեդիները: Համերգի կազմակերպիչներն են ՀՀ և ՌԴ մշակույթի նախարարություններն ու Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Դերասան Դմիտրի Պևցով, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլ, դուդուկահար Գևորգ Դաբաղյան, ջութակահար Հայկ Կազազյան, բարիտոն Գևորգ Հակոբյան. հայտնի անուններ, որոնք իրենց կատարումներով երեկոյան Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգին հայ արվեստասեր հասարակությանը կմատուցեն կոմպոզիտորի բարձրարժեք երաժշտությունը:  Համերգը կվարի կոմպոզիտորի այրին՝ Վերա Թարիվերդիևան, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, թե պատմական Երևանում համերգի կազմակերպման միտքը  միշտ է եղել:

«Սա երևանյան մեր առաջին համերգը չէ։ Մենք այստեղ  մեծ համերգ ենք կազմակերպել 2008 թվականին օպերայում` Ռուսաստանից ժամանած կատարողների և  Հայաստանի ֆիլհարմոնիկ նավագախմբի նվագակցությամբ` գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Իսկ այս տարի կազմակերպում ենք համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ` Սերգեյ Սմբատյանի  ղեկավարությամբ, ում վաղուց եմ ճանաչում և մեծ էր նրա հետ աշխատելու ցանկությունս»,- ասում է կոմոզիտորին այրին։

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանի հետ համագործակցությունը նոր չէ, ասում է Վերա Թարիվերդիևան և նշում, որ վերջինիս հետ մասնակցել են Կրեմլում կազմակերպված համերգին: «Գարնան 17 ակնթարթ» ֆիլմի՝ Վաչե Շառաֆյանի՝ դուդուկի համար փոխադրած մեղեդին Դաբաղյանն առաջին անգամ  կատարել է կրեմլյան համերգում։

Մի քանի տարի առաջ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, որ կոմպոզիտորի երաժշտության մեծ սիրահարներից է, կազմակերպել էր  Թարիվերիդիևին նվիրված համերգ նաև Շուշիում: Հայաստանում առաջին անգամ է հնչելու կոմպոզիտորի ջութակի կոնցերտը, որն էլ պարտավորեցնող է մեր նվագախմբի համար, ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը և հավելում, որ տոմսերն  արդեն սպառվել են։

Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում գործում են կոմպոզիտորի անվան երաժշտական դպրոցներ և  Թարիվերդիևայի ցանկությունն է`  նույնպիսի  դպրոց բացել նաև Հայաստանում: Դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլը կարծում է, որ Հայաստանում նման դպրոցի բացումն ուղղակի անհրաժեշտություն է: «Հայաստանում առաջին հերթին է պետք կոմպոզիտորի անվան դպրոցի բացումը։ Կոմպոզիտորն արյունակցական կապ ունի հայ ժողովրդի և հայկական մշակույթի հետ: Նա Մեծն Արամ Խաչատրյանի ամենահայտնի  աշակերտն է  եղել: Նման դպրոցի բացմանը կօգնի Թարիվերդիևի  անունը: Դպրոցը կարող է ստանալ  երաժշտական լավ գործիքներ և մասնագետների լավ խումբ»,- ասում է նա։

Դաշնակահարն  անկեղծանում է, որ Հայաստանի պետական  երիտասարդական նվագախմբի հետ աշխատելը շատ հաճելի է: Երեկ կայացել է առաջին փորձը : Կազմակերպիչները խոստանում են այսօր հայ հանդիսատեսին մատուցել հետաքրքիր համերգ: 

Կարդացեք նաև

Back to top button