ԿարևորՀասարակություն

Պետության ներդրած 1 դրամի դիմաց՝ 11․5 դրամ մասնավորից․ ԱՆԻՖ–ը հրապարակել է «Ազդեցության գնահատական» առաջին զեկույցը

ԱՆԻՖ-ի՝ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի միջոցով իրականացվող համատեղ ծրագրերն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներով վճարել են ավելի քան 470 մլն դրամի հարկ ու տուրք։ Ներդրումների ոլորտները տարբեր են՝ արևային կայան, ազգային ավիափոխադրող, տուրիզմ, գյուղատնտեսություն, բեռնափոխադրումներ և լոգիստիկ ծառայություններ Եվրասիական տնտեսական գոտում, Եվրոպայում, Վրաստանում, Իրանում ու Չինաստանում: Այդ ոլորտներում իրականացվող վեց ծրագրերով ավելի քան 800 աշխատատեղ է ստեղծվել։

Տնտեսությունում իներցիոն զարգացումները կանխելու, ներդրումային միջավայրում նոր մշակույթ  ներդնելու նպատակով 2019 թվականին ստեղծվեց  Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը՝ ԱՆԻՖ-ը։ Կարևորագույն գործառույթներից մեկը՝ ըստ ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանի, ռազմավարական ոլորտներում ներդրումներ գտնելն է․

«Եվ երկրորդը՝ ամենակարևորը՝ ՀՀ ներդրումային միջավայրում նոր չափորոշիչներ ու նոր մշակույթ բերելն էր։ Երեք տարվա գործունեության  ընթացքում վստահորեն ու հպարտությամբ  կարող եմ ասել, որ ԱՆԻՖ–ն այս առումով ունի ձեռբերումներ։ Բոլոր այն ներդրումները, որ իրականացրել է հիմնադրամը, նոր չափորոշիչներ են հաստատում ամեն մեկն իր ոլորտում»։

«Մասդար»  ընկերության հետ համատեղ գործարկվել է  «Այգ-1» արևային կայանի  կառուցման ծրագիրը  Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում: Առաջին արևային կայանի կառուցումը 174 մլն դոլարի ծրագիր է։ Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման շուրջ  7 տոկոսը կապահովվի հենց այս ծրագրի միջոցով։ 

«Ֆլայ Արնան» ազգային ավիափոխադրող է, որը նոր մշակույթ է բերել հայկական ավիացիա։ « Հարդ Ռոք Կաֆե Երևան»–ը,  «Գլոբալ Քոննեքթ»–ը,  «Ապագա Պրոջեքթս»–ը, «Սերմից ֆերմա»–ն՝ ներդրումային խոշոր ծրագրեր են, որոնք վերաբերում են տնտեսության բոլոր ոլորտներին։ ԱՆԻՖ–ի ներդրած յուրաքանչյուր դրամի դիմաց մասնավորը 11․5 դրամ է ներդրել՝ ասում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրեն Դավիթ Փափազյանը․

«Մեր համեմատաբար համեստ ներդրումը զուգորդվել է 11․5 անգամ ավել ներդրումով գործընկերների կողմից։ ԱՆԻՖ–ը հիմնելու ժամանակ մենք չունեինք թիրախային մուլտիպլիկատոր։ Ինտուիտիվ թվում է, որ թիվը ցածր չէ»։

ԱՆԻՖ–ին է հանձնված նաև  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 20 տոկոսի կառավարումը։ ԱՆԻՖ-ը պարտավորվել է 4 մլն ԱՄՆ դոլար ներդնել Ամբեր կապիտալի կողմից կառավարվող հիմնադրամում՝ բացառապես հայկական մասնավոր ընկերությունների բիզնես նախագծերը խթանելու նպատակով։ ԵՄ–Հայաստան ՓՄՁ հիմնադրամի ընդհանուր պարտավորված կապիտալը կազմում է 60 մլն դոլար։ ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամի պորտֆելը ներկայումս բաղկացած է 4 ընկերություններից։ Ավելի քան 800 աշխատատեղ, 474 մլն դրամի հարկ ու տուրք, ինչպես նաև 154.500 տոննայով պակաս ածխաթթու գազ։ Աշխատանքային եռամյա գործունեության ամփոփ պատկերն այսպիսին է։

Կարդացեք նաև

Back to top button