
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Սահմանադրական դատարանն այսօր օրվա ավարտին աշխատակարգային նիստ է հրավիրել և որոշել է կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը մինչև օրենքի սահմանադարականության մասին վերջնական որոշումը։
Ժամանակավորապես կասեցված հոդվածներից մեկը վերաբերում է պարտադիր վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու պատասխանատվությանը, մյուսը՝ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարչի ընտրությանը: Ըստ օրենքի՝ կենսաթոշակային հաշիվ բացելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարվելու դեպքում մասնակցի համար կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը կատարում է մասնակիցների ռեեստրը վարողը:
Այս հոդվածների գործողությունը, հիշեցնենք, կասեցվում է մինչև մարտի 28-ը։ Այդ օրը Սահմանադրական դատարանը բանավոր ընթացակարգով քննության կառնի ԱԺ պատգամավորների դիմումը, որով վիճարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի 8 հոդվածների սահմանադրականությունը։




