ԿարևորՀասարակություն

Հանրային խորհուրդ.«Զվարթնոցի» համալիրը քանդելու հիմքեր դեռևս չկան

Նախօրեին Հանրային խորհրդի փոքր խորհուրդը գումարել է տարվա առաջին նիստը, որի օրակարգում ներառված էին «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, առաջիկայում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում են Հանրային Խորհրդի մամուլի ծառայությունից: «Զվարթնոց»-ի կլոր շենքի քննարկումը սկսվել է կառավարության կողմից տարեվերջի նիստի ժամանակ կոնցեսիոների մաստեր պլանը հաստատելու մասին որոշումից, որում ներառված է նաև հին ուղևորային համալիրը քանդելու հարցը: Շեշտվել է վարչապետի կողմից քաղավիացիայի գլխավոր վարչությանը տրված հանձնարարականը` ճարտարապետների հետ հարցը մեկ անգամ ևս քննարկելու վերաբերյալ: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդգծել է, որ Հանրային խորհուրդն այդպես էլ չի ստացել մի շարք հարցերի պատասխաններ կոնցեսիոներից և քաղավիացիայի գլխավոր վարչությունից:

Ուստի Հանրային խորհուրդը շարունակում է պնդել իր տեսակետը, որ քանի դեռ չկա հիմնավոր հաշվարկներ պարունակող որևէ փաստաթուղթ, որը կապացուցի «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի քանդման խիստ անհրաժեշտությունը, և հասարակության լայն շերտերի համար «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրը ընկալվում է որպես Երևանի խորհրդանիշ և գնահատվում որպես պատմամշակութային արժեք, շարունակելու է հետամուտ լինել հարցի լուծմանը` հօգուտ շենքի պահպանման:

Օրակարգի երկրորդ հարցի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի խնդիրները նույնպես շարունակելու են մնալ Հանրային խորհրդի օրակարգում, քանի դեռ հասարակության մի ստվար հատվածի կողմից այդ համակարգն ընդունելի չէ, և դրանում առկա են բազմաթիվ խնդրահարույց դրույթներ: Հանրային խորհուրդը վերոնշյալ երկու հարցերը ներառել է նաև կառավարության ղեկավարի հետ առաջիկա հանդիպման նախնական օրակարգ, որում ներառվել են նաև հանրությանը հուզող մի շարք այլ հարցեր: Խորհրդի անդամների կողմից առաջարկ է եղել, մասնավորապես, վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկել իշխանության և հասարակության միջև ոչ լիարժեք երկխոսության առկայության հարցը, հանրությանը կառավարության որոշումներին մասնակից դարձնելու անհրաժեշտությունը, կառավարության սոցիալական քաղաքականությանն առնչվող հարցեր:

Back to top button