ԿարևորՀասարակություն

Մինչև 2027-ը աղետի գոտին՝ առանց տնակների․ որքանո՞վ է իրատեսական կառավարության ծրագիրը

Կառավարությունը մտադիր է առաջիկա 5 տարում աղետի գոտին ազատել տնակային տնտեսություններից։ Այդ նպատակով դեռ հոկտեմբերին գործադիրը որոշում էր ընդունել մինչև 2027-ը ապամոնտաժել համայնքային սեփականության տարածքներում տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինությունները, իսկ բնակիչներին վերաբնակեցնել։ Իրավապաշտպան Սեյրան Մարտիրոսյանն այդ հարցին վերապահումով է մոտենում՝  երկրաշարժի հետևանքները վաղուց արդեն պետք է լուծված լինեին․ տնակներում ծնված սերունդն ու աղետի գոտի հասկացությունը վերացնելու  խոստումներ տված իշխանությունները փոխվել են,  բայց խնդիրները մնացել են նույնը։

«Արդեն անցել է 34 տարի, իմ հիշողության մեջ բազմաթիվ այդպիսի ժամկետներ եղել են, որոնք չեն իրագործվել, և սա ինձ հիմք է տալիս չհավատալու։ Այս դեպքում չափազանց կարևոր է այն հանգամանքը, որ Երևանից այս ամենը միշտ այլ կերպ է երևացել քան իրականում կա»,– ասում է Մարտիրոսյանը։

Իշխող քաղաքական ուժը իշխանության գալուց անմիջապես հետո, հայտարարեց «աղետի գոտի» եզրույթը շրջանառությունից հանելու մտադրության մասին։ Վարչապետի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը պետք է փաստագրեր, տվյալներ հավաքեր Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված (կառուցված) ոչ հիմնա­կան շինությունների ու դրանցում ապրող մարդկանց մասին։

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության բնակարանային ենթակառուցվածքների գործունեության բաժնի պետ Քնարիկ Մանուկյանն ասում է՝ այդ աշխատանքը անընդհատ շարունակվող է։

«Այս իմաստով մենք 2027թ փետրվարի 1-ին կունենանք ճշգրտված տվյալներ թե համայնքներում ինչքան տնակներ կլինեն ապամոնտաժման ենթակա և որ ընտանիքները կհավակնեն մասնակցելու հետագայում իրականացվելիք բնակապահովման ծրագրերին»։

2019 թ փաստագրվել է Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված շուրջ 7200 ոչ հիմնական շինություն։ Դրանք հավասարապես բաշխված են Շիրակի և Լոռու մարզերում, մի փոքր մասն էլ՝  Արագածոտնում։ Ապամոնտաժման ենթակա կառույցներն ամենաշատը Գյումրիում են, Սպիտակում և Վանաձորում:

Գյումրիի համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի պետ Գևորգ Գրիգորյանն ասում է, որ 2019 թ տվյալներով միայն Գյումրիում 2900 տնակ կար։ Վերջին 3 տարում դրանց թիվը պակասել է շուրջ 150–ով ։  

«Վերջին երկու տարիներին այս գործընթացի վերաբերյալ պատերազմով ու հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված անտեսվել է խնդիրը կամ հետևողականություն չի դրսևորվել, իսկ բնակիչներն էլ պահել են այդ տնակները այն հույսով, որ հետագայում փոխհատուցում կստանան»,– ասում է Գրիգորյանը։

Գործադիրը վստահեցնում է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա աղետի գոտու բնակավայրերն ազատել քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող, ոչ անվտանգ  կառույցներից։ Հնարավոր կլնի վերականգնել տվյալ տարածքի քաղաքաշինական միջավայրը և լուծել սոցիալական շատ խնդիրներ։ Իրավապաշտպանները, սակայն, ծրագիրը սոցիալապես խոցելի են համարում։

«Անօթևանության խնդիրը այս ծրագիրը չի լուծում, այս ծրագիրը պարզապես լուծում է 3 մարզերում համայնքապատկան և պետական հողերի վրա գտնվող կառույցների և դրանցում ապրող մարդկանց խնդիրները։ Իսկ անօթևանները անհամեմատ ավելի մեծ բազմություն են, որի մեջ նաև այս խմբի մարդիկ են մտնում»,– ասում է Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։

Ծրագրի առաջնահերթությունը պետք է լինի ոչ թե համայնքային հողերը տնակներից ազատելը, այլ աղետից տուժած և արդեն 34 տարի տնակներում ապրող մարդկանց բնակարանային ապահովումը՝ ընդգծում է Լևոն Բարսեղյանը։ Ըստ նրա՝  իրատեսական չեն նաև վերջնաժամկետները ։

«Հանրային իրազեկումը պետք է համապատասխան լինի, տնակի բնակիչը պիտի անակնկալի չգա իր դուռը թակող պաշտոնիայից»։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակավոր կացարաններում ապրողների մեծ մասը սոցիալապես անապահով խավից են՝ միայնակ ծերեր կամ  բազմազավակ ընտանիքներ ։ Վիճակագրական կոմիտեի ուսումնասիրության համաձայն՝ եթե 2019-ին Շիրակում ծայրահեղ աղքատ է եղել մարզի բնակչության1.7 տոկոսը, ապա 2020-ին այդ ցուցանիշը հասել է 2.2 տոկոսի։ Բարձր է նաև աղքատության ցուցանիշը՝ գրեթե 43 տոկոս։

Կարդացեք նաև

Back to top button