ԿարևորՀասարակություն

Երբ չենք կարողանում բուժել գլխացավը, ստիպված կտրում ենք գլուխը. հրավառությունները կարգելվեն

Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը, տոն օրերին կթույլատրվի միայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին մայրաքաղաքի ընդամենը 2 վայրերում՝ Հանրապետության ու Ազատության  հրապարակներում: Երևանի ավագանին վերջին նիստում միաձայն կողմ է քվեարկել փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած այս նախագծին։

Հրավառությունների արգելքի վերաբերյալ մի նախագիծ էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է շրջանառության մեջ դրել։ Եթե ԱԺ-ն այն հավանության արժանացնի, նոր կարգավորումները կսկսեն գործել հաջորդ տարվա հունիսից։

Ծնունդներին, կնունքներին, հարսանիքներին հրավառություններ այլևս չեն լինի։ Նոր կարգավորումներով  հրավառությունները Երևանում կթույլատրվեն միայն Հանրապետության ու Ազատության հրապարակներում՝ բացառապես տոն օրերին, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ։ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագծին ավագանին միաձայն կողմ է քվեարկել։ Բացի տոն օրերից մի շարք հատուկ միջոցառումների դեպքում նույնպես կթույլատրվի հրավառություն ու ոչ միայն Հանրապետության ու Ազատության հրապարակներում։ Այդպիսի միջոցառումներից է, օրինակ, առաջիկայում Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլը»։

«Պետք է լինի տոն օր, պետք է լինի Հանրապետության հրապարակը, պետք է քաղաքապետարանի կամ կառավարության պատվերով կազմակերպվի լիցենզավորված կազմակերպության կողմից։ Բոլոր մնացած դեպքերում մասնավոր որևէ միջոցառում չի կարող իրականացվել»։

Խնդիրը լուծվելու է ոչ միայն ավագանու որոշմամբ, այլև ներմուծման օրենսդրական արգելքներով։ Հրավառություններն արգելող մի նախագիծ էլ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է շրջանառության մեջ դրել։ Կարգավորումներն այս դեպքում վերաբերում են հրավառ նյութերի ներկրմանը։ «Ռադիոլուրի» հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ այդ իրավունքը կունենան միայն լիցենզավորված փոքրաթիվ կազմակերպությունները։

«Հիմա դրանք ազատորեն վաճառվում են։ Ես և դուք կարող ենք գնել կրպակներից, խանութներից, և, օրինակ, կիրառել կեսգիշերին կամ այլ արգելված ժամերի և վայրերում։ Բայց այս նոր նախագծով մենք ի սկզբանե արգելու ենք նախ ներկրումը, ապա ընդհանրապես վաճառքը»։

Գործող օրենսդրությամբ էլ որոշակի արգելքներ կա։ Օրինակ՝ ժամը 23-ից մինչև առավոտյան 7-ը հրավառություն իրականացնողները պետք է տուգանվեն 100 հազար դրամով, մեկ տարվա ընթացքում խախտումը կրկնելու դեպքում՝ տուգանքը կրկնապատկվում է։ Սակայն փորձը ցույց է տվել, որ չնայած օրենսդրական սահմանափակումներին՝ բազմաթիվ են խախտման դեպքերը և նույնիսկ ոստիկանությունն է խոստովանում, որ չի հասցնում բոլորի հետքերով գնալ։

Սպառողների իրավապաշտպան Բաբկեն Պիպոյանը համաձայն է՝ կա խնդիր, որը լուծում է պահանջում, բայց կարելի էր նաև շատ ավելի լավ տարբերակներ մտածել, որ և միջոցառումների մասնակիցների ուրախությունը լիարժեք լինի, և աղմուկ և անհարմարություն չդառնա մյուսների համար։

«Երբ չենք կարողանում բուժել գլխացավը, ստիպված ենք լինում կտրել գլուխը։  Խստացումներ, այո, պետք էին,  ազատ վաճառքի դեմ քայլեր, այո, պետք էր, արդյո՞ք լավագույն լուծումն էր միանգամից արգելելը, ոչ, լավագույնը չէր։ Մենք ոչ թե պետք է արգելենք, որ արգելված պտուղը քաղցր լինի, այլ պետք է կանոնակարգել և օրենքի խիստ  կիրառությունն ապահովել, այսինքն՝  վաճառվի միայն հատուկ խանութներում, թողեինք միայն լուսաձայնային  այն սարքերը, որոնք կիսապրոֆեսիոնալ են, որ մարդկանց վնաս չեն պատճառում, բայց էֆեկտ են ապահովում, և դրա իրացումն անեինք փաստաթղթավորված»։ 

Հեղինակները վստահ են՝ լուծումը հնարավորությունների առավելագույն սահմանափակումն է, իսկ նոր նախագիծը հենց դրա մասին է։  Սիսակ Գաբրիելյանն, իհարկե, չի բացառում, օրինազանց քաղաքացիներ ևս կլինեն, բայց նաև վստահ է, ներկրումը, արտադորւթյունն ու վաճառքն արգելող նախագծով գոնե 90 տոկոսով հրավառությունները կպակասեն։ 

«Մենք նոր օրենքով փաստացի սահմանում ենք երկու տեսակի հրավառություն։ Առաջինը կենցաղային տեսակի հրավառություններն են, որոնք բենգալյան կրակներն են կամ տորթի վրայի  փոքրիկ հրավառություններն են, միայն դրանք կթույլատրվեն, իսկ դրսում կիրառվող, բոլորիս հայտնի հրավառությունների մասով, ըստ էության, ամբողջությամբ կսահմանափակվի նման արտադրանքի ներկրումը, վաճառքը։ Սրանով, կարծում ենք, էականորեն կնվազի դրսում հրավառությունների կիրառումը»։ 

Պաշտոնյաների խոսքով՝ եթե նախագիծն օրենք դառնա, նաև տուգանքի չափն է մեծանալու։ Օրինազանցին սպառնում է տուգանք 300 հազարից մինչև 2 մլն դրամ։

Կարդացեք նաև

Back to top button